Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Ադրբեջանի դասագրքերում գրված է, որ հայ սպանելը հերոսություն է, ո՞նց պետք է համոզեն այստեղ մարդկանց, որ մնան ու ապրեն»․ «Հրապարակ»

Սեպտեմբեր 23,2023 11:55

International Crisis Group-ի Հարավային Կովկասի հարցերով ավագ փորձագետ Օլեսյա Վարդանյանը հայտարարել է, որ եթե հնարավոր լինի խուսափել բախումներից, եւ եթե Ադրբեջանը կարողանա տեղի բնակչությանը համոզել մնալ՝ երաշխավորելով, որ որեւէ էթնիկ զտում չի լինի, ապա Բաքուն եւ Երեւանը կկարողանան մոտ ապագայում հաշտության պայմանագիր կնքել։ Ձեր կարծիքով, նման զարգացումը որքանո՞վ է իրատեսական։ Հարցին պատասխանում է Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը։ «Դա Նիկոլ Փաշինյանի ցանկությունն է, որ մեկընդմիշտ փակի Արցախի թեման, որ պատասխանատվություն չկրի այստեղ բնակվողների համար։ Ի՞նչ է նշանակում՝ համոզել, որ մնան։ Եթե Ադրբեջանի դասագրքերում գրված է, որ հայ սպանելը հերոսություն է, ո՞նց պետք է համոզեն այստեղ մարդկանց, որ մնան ու ապրեն։ Իհարկե, կլինեն այնպիսիք, ովքեր, չունենալով բարեկամ դրսում կամ այլ հարցերից դրդված՝ երեխաների գերեզման ունեն եւ այլն, կարող է մնան, դա չի նշանակի, որ համոզել են արցախցիներին։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, դա նորից որոշ մարդկանց երազանքն է, որ ուզում են ցույց տալ, որ խաղաղություն կբերեն Հայաստանին, բայց Հայաստանն այսքան կորուստների չի ենթարկվել երբեք, քան վերջին 4 տարում»։

– Կառավարության նիստում Փաշինյանը մոտավորապես ասաց, որ եթե շարունակի իրավիճակը մնալ այսպիսին, բնակչությանը կտեղափոխենք Հայաստան։ Ինչպե՞ս եք գնահատում այս արտահայտությունը, ունե՞ք սպասելու տեղ։

– 2020 թվականից հետո իրավիճակը գնալով վատանում է։ Իրենք ո՞նց են մտածում, էլ ինչքա՞ն պետք է վատանա իրավիճակը, եթե այսօր ծնողը երեխայի համար մի կտոր հացի խնդիր չի կարողանում լուծել, եթե մանկահասակ երեխան բետոնի վրա է քնում։ Ես իմ կյանքում սրանից վատ իրավիճակ Արցախում չեմ տեսել։

– Ձեր կարծիքով՝ անմիջապես պետք է բնակչությանը հանե՞լ։

– Դա ամեն ընտանիքի առանձին հարցն է, բայց այն, որ այսօր Հայաստանի որեւէ գերատեսչություն չի զբաղվում արցախցու ճակատագրով, եւ չեն հայտարարում կառավարության նիստերի ժամանակ, որ կտեղավորեն այդ մարդկանց, կընձեռեն հնարավորություն, որ ապրեն… Մարդիկ տասնյակ տարիներ տուն-տեղ են դրել, բայց գոնե մինիմալ պայմաններ այսօրվա իշխանությունները չեն առաջարկում։ Մենք Հայաստանի շունչը մեր մեջքին չենք զգում, բայց ատելությունը շատերի զգում ենք։ Եվ այդ ատելության հեղինակն արցախահայության հանդեպ Նիկոլ Փաշինյանն է։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930