Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է հաջող մրցելույթները Բելգրադում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարի կարգավիճակ ունեցող աշխարհի առաջնությունում։
Հաջողության մեկնարկը տվեց Հայաստանում եզդի համայնքի ներկայացուցիչ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը, որը նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալ, ինչպես նաեւ 2024 թվականին Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգիր։
Թիմակցի արդյունքը կրկնելու ուղին է բռնել 60 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը։ Նա սկզբում հաղթեց Բուլղարիան ներկայացնող այս քաշային կարգի համաշխարհային դասակարգման առաջատար եւ այս առաջնությունում չեմպիոնի տիտղոսի գլխավոր հավակնորդ Էդմոնդ Նազարյանին՝ մեր լեգենդար Արմեն Նազարյանի որդուն, այնուհետեւ պայքարից դուրս թողեց լեհ մրցակցին, իսկ քառորդ եզրափակչում համառ գոտեմարտում պարտության մատնեց ադրբեջանցուն։
Երեք ծանր գոտեմարտերը, հավանաբար, շատ էներգիա էին խլել գերազանց մարզավիճակում գտնվող Գեւորգից, ինչի արդյունքում նա կիսաեզրափակչում զիջեց օլիմպիական խաղերի փոխչեմպիոն ճապոնացի ըմբիշին։
Կարդացեք նաև
Այսօր Գեւորգ Ղարիբյանը բրոնզե մեդալի եւ օլիմպիական վարկանիշի համար գոտեմարտում սպասում է իր մրցակցին, որի անունը կորոշվի սփոփիչ գոտեմարտում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ