Երեկ Ամիրյան փողոցից՝ բիրտ ուժի կիրառմամբ, բերման ենթարկվեց, այնուհետեւ ձերբակալվեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։ Մինչ այդ «Հրապարակը» մի քանի հարց էր ուղղել նրան։
– Թե՛ 2-րդ, թե՛ 3-րդ նախագահներն այստեղ չեն, վերջին անգամ Ազատության հրապարակում են եղել։ Դուք գիտե՞ք պատճառը, թե ինչու նախագահներն անձամբ չեն գալիս ու ղեկավարում շարժումը։
– Գիտեք՝ կարծում եմ, վերջին 5 տարիներին հատկապես շատ է խոսվել, որ ինչ-որ մարդկանց մասնակցությունը վանում է շատերին, չեն ուզում դրա պատճառով գալ։ Այդպիսի խոսակցություններ կան, չէ՞, բացի այդ, կան նաեւ երիտասարդներ, նոր մարդիկ, ովքեր փորձում են կայանալ, ինչ-որ բաներ անել, եւ հարթակը բոլորի համար է բաց։ Այսինքն՝ եթե նրանց ներկայությունը կարող է ինչ-որ մի մասին մտահոգել, գուցե նաեւ դա է պատճառը, որ չեն մասնակցում եւ թողնում են, որ պայքարն ինքն իրենով կայանա, խոչընդոտ չհանդիսանան։
– Դառնալով ամենակարեւոր հարցին․ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ արցախցիները պետք է մնան ու Ադրբեջանի իշխանության ներքո ապրեն, դա իրենց իշխանության ոչ թե պլան Ա-ն ու Բ-ն է, այլ՝ պլան Գ-ն։ Մյուս կողմից՝ ադրբեջանցիների վարքագիծը հույս չի ներշնչում, որ արցախցիներն այնտեղ կարող են ապրել։ Դուք՝ որպես ծագումով արցախցի, ինչպե՞ս եք պատկերացնում արցախցիների ճակատագիրը։
Կարդացեք նաև
– Այն, ինչ հիմա կատարվում է, ինչպես Դուք ասացիք՝ որպես արցախցի, որպես հայ, ինձ անասելի ցավ է պատճառում։ Ես այնտեղ եմ ծնվել, իմ հայրական տունն է, տատիս ու պապիս գերեզմանն է այնտեղ, եւ, կարծեմ, հենց գերեզմանոցում էլ մարտեր են ընթացել, հորեղբորս գերեզմանն է այնտեղ, իմ ընկերները, երկու մորաքույրս, որոնց հետ այս ընթացքում հազիվ կարողացանք կապ հաստատել։ Այսինքն՝ սա ինձ համար անձնական ողբերգություն է։
Ինչ վերաբերում է հետագային, ապա կարծում եմ՝ իսկապես պետք է ամեն ինչ անենք, որ Արցախի կորուստը թղթի վրա չֆիքսվի, դա չկայանա, այսինքն՝ ինչ-որ մի հույս, մի տեղ թողնենք, որով հետագայում եթե մենք չհասցնենք, գոնե մեր սերունդները պահանջատիրություն ունենան այդ ամենի նկատմամբ։ Բայց գիտեք` այնտեղ նաեւ մարդիկ են ապրում, փոքր երեխաներ, գրեթե ընտանիք չկա, որը պատերազմի ընթացքում, այս 30 տարվա ընթացքում հարազատ կորցրած չլինի, որն Ադրբեջանից զրկանքներ կրած չլինի։ Ես, անկեղծ, դժվար եմ պատկերացնում, թե այս ամեն ինչից հետո ինչպես պետք է նրանց հետ գոյատեւեն, իհարկե, կուզենայի, որ այնտեղ նաեւ հայկական ներկայություն էլ լիներ։ Թե դա ինչպես հնարավոր կլինի․․․, գուցե եթե իսկապես ունենանք նորմալ իշխանություն, այդ հարցը կարողանա լուծել այնպես, որ այդ հույսը մենք ունենանք։
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում