Լրահոս
Օրվա լրահոսը

«Փողոցային թրջված շան կարգավիճակում գտնվող Հայաստանի պարագայում ի՞նչ եք ուզում, որ էթնիկ զտում չլինի՞»․ «Առերեսում»

Սեպտեմբեր 23,2023 10:30

«Հասարակ մարդիկ հաճախ մի այսպիսի հարց են տալիս՝ բա խեղճ Նիկոլն ի՞նչ աներ․․․ Ես կարող եմ ասել՝ առաջին հերթին թող սուտ չխոսեր,– «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում ասաց լրագրող Կարպիս Փաշոյանը։– Մենք անընդհատ որսում ենք ստի շղթայական ընթացքը։ 2021 թվականին քաղաքացիներին խաբեցին՝ նախընտրական ծրագրում ներկայացնելով դեօկուպացիայի, Հադրութի եւ Շուշիի մասին դրույթներ, հետո «անջատում հանուն փրկության» մասին էին խոսում, հետ ազգային ժողովում նշաձողն իջեցնելու եւ կոնսոլիդացիա ապահովելու․․․ Հիմա ինչ որ մեկն ինչո՞ւ այդ հարցը չի տալիս՝ ո՞ւր է այդ կոնսոլիդացիան»։ Հիշեցնենք, որ 2022–ի ապրիլին ԱԺ ամբիոնից ՀՀ վարչապետը հայտարարել էր․ «Այսօր միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ»։

Անդրադառնալով ՄԱԿ–ի անվտանգության խորհրդում Արցախի շուրջ սեպտեմբերի 21-ին ծավալված քննարկմանը՝ Կարպիս Փաշոյանն ասաց․«Տպավորություն է, թե քաղաքական գործիչները, փորձագետները, ընդհանրապես մարդիկ դրան վերաբերվում են իբրեւ Եվրատեսիլի։ Երկրները ելույթ են ունենում, իրենք էլ արձագանքում են՝ սա լավն էր, սա էլ վատը։ Կարծես երգի մրցույթ լինի․․ Չենք մեծանում, էլի։ Էլի ականջներով ենք սիրում, սիրուն ելույթներով հմայվում։ Չհասկանալով, որ տարածաշրջանային ստատուս քվոյի երկու ճարտարապետ կա՝ Թուրքիան ու Ռուսաստանը, նրանք են այս տարածաշրջանի առանցքային գործոնները, եւ ավելի քիչ դերակատարմամբ՝ նաեւ Իրանը։ Իրանի դերակատարությունն էլ է շատ գերագնահատվում, բայց «տորթի» ավելի փոքր կտորն է նրան պատկանում։ Ինչեւիցե, մենք մեր հարցերը պետք է կարողանանք լուծել Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ, ինչու չէ՝ նաեւ Իրանի»։

Զրույցի ընթացքում լրագրողը հիշատակեց 2010-ին Լեւոն Տեր–Պետրոսյանի արած զգուշացումը․ «…Ես չեմ բացառում, այլեւ ընդհակառակը՝ չափազանց բնական ու հավանական եմ համարում, որ նկատի ունենալով կասպիական նավթի շահագործման և նավթամուղերի կառուցման խնդիրները, Ռուսաստանն առաջիկայում լուրջ ջանքեր է գործադրելու Ադրբեջանի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, եւ այդ դեպքում Հայաստանը կորցնելու է Անդրկովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցը կամ ստրատեգիական գործընկերը լինելու առավելությունը»: Մեջբերեցինք ՀՀ առաջին նախագահի 2021–ին արված մեկ այլ հայտարարություն, որով ըստ էության՝ ռուս խաղաղապահներն էին դիտվում Արցախում էթնիկ զտումները կանխելու երաշխիք․ «Եթե ռուսները դուրս գան, մի ղարաբաղցի չի մնա Ղարաբաղում։ Պիտի մնան այնքան, մինչեւ ապահով լինի Ղարաբաղի հարցը։ Մենք էլ պիտի նպաստենք։ Հիմա ամեն ինչ պետք է անել, որ Ղարաբաղի բնակչությունը չհեռանա Ղարաբաղից։ Եվ այստեղ 100%-ով Հայաստանի եւ Ռուսաստանի շահերը համընկնում են, որովհետեւ եթե Ղարաբաղում հայ չմնա, ռուսները կթողնեն կգնան»։

Կարպիս Փաշոյանը հակադարձեց, թե Տեր–Պետրոսյանի այդ ասածը վերաբերում էր այլ իրավիճակի․ «Իսկ հիմա այս ջախջախված, ոչնչացված, փողոցային թրջված շան կարգավիճակում գտնվող Հայաստանի պարագայում ի՞նչ եք ուզում, որ էթնիկ զտում չլինի՞։ Մարդիկ էլ դեռ ասում են՝ ինչի՞ Հայաստանը չի մտնում պատերազմի մեջ․․․ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նորից պատերա՞զմ։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կարող է լինել։ Արդեն մի անգամ պատերազմել ենք Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ի՞նչ եղավ»։

Ավելի ուշ դարձյալ անդրադարձ եղավ տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարությանը։ Կարպիս Փաշոյանը մասնավորապես ասաց․ «Փաստացի՝ մենք անդառնալիորեն կորցրեցինք Ղարաբաղը, արդեն վերջնականապես։ Ու մեզ հիմա թող չթվա, թե ամեն ինչ ավարտվեց, ողբերգությունը եղավ ու արթնանալու ենք արդեն նոր Հայաստանում։ Կինոն դեռ նոր է սկսվում։ Դեռ կա Զանգեզուրի ճանապարհ–միջանցքի հարցը, դեռ կա անկլավների հարցը։ Բայց փաստն այն է, որ այդ ճանապարհը մնում է Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների ամենամեծ կնճիռը, ինչը կարող է նոր աղետների, նոր զոհերի, նոր ավերածությունների պատճառ դառնալ, քանի որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվի դրանից»։

Կարպիս Փաշոյանի եւ Արմեն Բաղդասարյանի հետ զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930