«Դրանցից, բացի ժողովրդի արյուն թափելուց, ուրիշ բան սպասել պետք չի: Իրենք հինգ տարի է կրակում են ժողովրդի վրա ու իրենք ցեղասպանության հանցակիցներն են: Իրենք միշտ պատրաստ են հայի արյուն թափելու, ինչպես թափել են այս ժամանակահատվածում»,- Հանրապետության հրապարակում հանրահավաքից հետո, երթի ընթացքում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, Ազգային կոմիտեի անդամ Իշխան Սաղաթելյանը՝ արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը:
Իշխանական պատգամավորը, քիչ առաջ հայտարարել էր, որ չի բացառում, որ իշխանությունը կկրակի պետական շենքեր մտնող ցուցարարների վրա․ «Իշխանությունը պետք է կարողանա իրեն և պետությունը պաշտպանել: Դրա համար կառույցներ կան»: «Ֆակտորի» լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է, որ նման զարգացման դեպքում իշխանությունը կրակի ցուցարարների վրա, Անդրանիկ Քոչարյանը պատասխանել էր. «Ես ասում եմ՝ պետական ինստիտուտների պահպանությունը գտնվում է պետական ծառայության ներքո: Ես նախկինում էլ եմ ասել։ Եթե մտնեն պետական շենքեր, այդ պահպանության իրավասությունների մեջ է մտնում նաև շենքերի պաշտպանությունը»: Ճշտող հարցին՝ այդ թվում կրակելո՞վ, ՔՊ-ական գործիչը դրական պատասխան էր տվել. «Իհարկե»:
Իշխան Սաղաթելյանը Անդրանիկ Քոչարյանին հիշեցնում է, որ իրենց իշխանությունն արդեն մի քանի տարի է՝ Հայաստանում սահմանադրական կարգ է խախտում:
Այդ զոհողությունների պատրա՞ստ եք գնալ՝ հարցին, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Մեր նպատակը նա է, որ այս գործընթացն արդյունավետ վերջանա, եթե շենք մտնելով այդ հարցը լուծվելու է՝ ես առաջինը շենք կմտնեմ, որովհետեւ հայրենիքը վտանգի մեջ է, լինել-չլինելու հարց է, շենք մտնելու մեջ չէ: Մեզ պետք է հայ մարդկանց, հայ ժողովրդի անհաղթահարելի ուժի ներկայությունը փողոցում, որպեսզի Նիկոլի ոստիկաններն այլեւս չկարողանան պաշտպանել նրա իշխանությունը»:
Կարդացեք նաև
Իր գնահատմամբ՝ այսօր, երբ ցուցարարները կառավարության շենքի մոտ էին եւ ոստիկանները միջանցք բացեցին՝ ճանապարհ հարթելով Նիկոլ Փաշինյանի համար, որպեսզի նա հեռանա, եթե մարդիկ շատ լինեին, «մենք ջարդելու էինք այդ պատը»: Ամեն դեպքում, նա գոհ է՝ մեր հայրենակիցները ամեն րոպե միանում են, եւ հրաշալի երիտասարդներ կան ցույցին միացած:
Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ ՔՊ-ականների հետ բանակցություններ չեն սկսել Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացի շուրջ, քանի որ դրա համար ՔՊ-ականները պետք է տեսնեն ժողովրդի ուժը. «Հասել ենք այն կետին, որ ՀՀ ԱԳ նախարարին Բայրամովը հերքում է Հայաստանի վարչապետով»:
Իշխան Սաղաթելյանը վստահ է, որ բանակցողի արագ փոփոխության դեպքում, գործընթացները հնարավոր է կանգնեցնել, շրջել եւ մարդկանց հորդորում է՝ դուրս գալ ու միանալ ցուցարարներին, քանի դեռ այդ կետն էլ չենք հատել: Եթե այս անգամ էլ ընդդիմությունը հաջողության չհասնի, նա վստահ է, որ Նիկոլ Փաշինյանի հաջորդ քայլն էլ լինելու է Հայաստանի ազգային գործիչների եւ ազգային ուժերի արտահանձնումը ադրբեջանցիներին՝ նրանց պահանջով:
«Գլուխները պատին են տալիս, մենք գալիս ենք Հայաստանի սահմանները պաշտպանելու, ինքնիշխանությունը բարձրացնելու: ՀՀ ինքնիշխանությունից խոսում են մարդիկ, ովքեր այդ ինքնիշխանության հերն անիծել են»,- սա էլ Իշխան Սաղաթելյանի պատասխանն է բոլոր այն մարդկանց եւ ուժերին, ովքեր ընդդիմությանը մեղադրում են ՀՀ-ում ՌԴ-ի դիրքերն ամրացնելու մեջ:
Ֆրանսիայի հրապարակին զուգահեռ, քաղաքացիները փակել էին նաեւ Ավան եւ Նոր Նորք թաղամասեր տանող տրանսպորտային հանգույցը: Ապա իրազեկման երթը շարունակվեց Սայաթ-Նովա փողոցով, ապա Աբովյան փողոցով եւ ավարտվեց Հանրապետության հրապարակում՝ «Նիկոլ, թշնամի» վանկարկումներով:
«Այո, Նիկոլը Արցախում ցեղասպանվող մեր հայրենակիցների թշնամին է, Նիկոլը մեր թշնամին է, մենք տեսնելու ենք Նիկոլին ծնկած, տեսնելու ենք Արցախի եւ արցախահայության վեր հառնումը, պայքարելու ենք հայ ժողովրդի արժանապատվության համար»,- հայտարարում էր ցույցն առաջնորդող երիտասարդը՝ հայաստանցիներին հորդորելով միանալ:
Ի դեպ, մայրաքաղաքի շատ բնակիչները իրենց բնակարանների պատշգամբներից դուրս էին եկել եւ աջակցություն էին հայտնում, նաեւ վարորդներն էին ազդանշանների միջոցով աջակցություն հայտնում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ