«Կաթիլ» մոսկովյան միջազգային կինոփառատոն, «Իրական մրցանակ Musicbox», «Ազգային մրցանակ Ոսկե հիթ» եւ մի շարք այլ հայտնի նախագծերի ժյուրիի անդամ Սուրեն Քարտաշյանը միջազգային հարթակներում հայտնի է որպես տաղանդավոր և տարբերվող ռեժիսոր, օպերատոր, երաժշտական տեսահոլովակների մասնագետ, ում տեսահոլովակներն զարմացնում են անգամ ամենաքմահաճ աստղերին:
Սուրեն Քարտաշյանի հետ զրուցել ենք այն թեմայով, թե ինչն է իր աշխատաոճի առանցքում, ի տարբերություն այլոց, ինչով է ինքն առանձնահատուկ:
-Ըստ ձեզ, որոնք են միջազգային հարթակներում ներկայացրած տեսահոլովակների կարեւոր հատկանիշները, առանձնահատկությունները, որոնց շնորհիվ դրանք գնահատվում են:
-Կարծում եմ՝ արվեստում չկան չափանիշներ, որոնց համար կարող է գնահատվել ստեղծագործությունը: Եթե անգամ խախտված են բոլոր օրենքները կամ գործերդ լի են սխալներով, բայց դու ունես զգացողություններ փոխանցելու կարողություն ու համամարդկային ասելիքի հնարավորություն, անշուշտ կնկատվես: Ես փորձում եմ ամբողջությամբ զգալ նկարահանման հրապարակում առկա ամեն մի զգացողություն եւ առավելագույնս փոխանցել դա տեսախցիկի միջոցով, գուցե այստեղ առավելություն է նաև այն, որ ես նաև տիրապետում եմ օպերատորությանը ու այսպիսով կարողանում եմ զգացածս ճիշտ վերարտադրել։
Կարդացեք նաև
– Դուք և ռեժիսոր եք, օպերատոր, երաժշտական տեսահոլովակների մասնագետ, գիտենք, որ անգամ միայնակ կարող եք նկարահանման հրապարակում ստեղծել բացառիկ որակի գործեր, այս կերպ խնայելով պատվիրատուի բյուջեն, բայց եւ այնպես անել, որ չտուժի աշխատանքի որակը։ Ինչպե՞ս է դա ձեզ հաջողվում։
-Ես փորձել եմ լինել առավելագույնս տեղեկացված եւ տիրապետել իմ աշխատանքի բոլոր հմտություններին, դա ստացվել է ինքնաբերաբար, իսկ այսօր դա ինձ օգնում է տարբերվել, ունենալ հավակնոտ նպատակներ, ձգտել ու հասնել իմ երևակայության բարձրակետին։ Բոլոր այն արտիստները, ում հետ աշխատում եմ, զգում են դա, տեսնում եւ գնահատում են։ Սա լավագույն գնահատականն է եւ լավագույն այցեքարտը։
– Ի՞նչ հայտնի աշխատանքներ ունեք, որոնք այս պահին կառանձնացնեիք։
– Հայտնի երգիչներ Արկադի Դումիկյանի եւ Սուպեր Սաքոյի «Моя Невеста», Վաչե Ամարյանի «Настроение Кайф», Արման Թովմասյանի «Դու կյանք ես», Արման Թովմասյանի և Սամիրայի AKA AKA աշխատանքները շատերի կողմից են հասցրել սիրվել, յութուբյան հարթակում արձանագրված դիտումների բարձր ցուցանիշը ինձ շատ է ոգևորում և ստիպում զինվել նոր գաղափարներով։
-Ձեր կարծիքով, այսօր ի՞նչ խնդիրների առաջ են կանգնած երիտասարդ ռեժիսորները:
– Այսօր դժգոհողներն ավելի շատ են, քան գործողները: Ժամանակակից աշխարհում բոլորն իրենց պրոֆեսիոնալ են համարում, այսպիսով՝ դաշտում ստեղծվում է կեղծ մրցակցության։ Այլ բան է, երբ Հայաստանում ես աշխատում, բոլորովին այլ է, երբ Հայաստանից դուրս ես փորձում դրսեւորել քո հմտությունները։ Երիտասարդ ռեժիսորների խնդիրն այս պահին տարբերվելն է, տարբերվելը թե ժամանակակիցներից, թե անգամ փորձված ու համաշխարհային դեմքերից, երբ նշաձողդ բարձր ես դնում, ավելի շատ ես բախվում խնդիրների, բայց եւ նպատակակետդ ավելի տեսանելի ու հասանելի է դառնում։ Կարևոր է տարբերվել ու լինել ուրիշ, այլ ձևով այսօր չես դիմանա մրցակցությանը։
– Ձեր բնորոշմամբ՝ ինչ ասել է լավ ֆիլմ կամ տեսահոլովակը ձեր բնորոշումը:
-Լավ ֆիլմը՝ անկախ ժանրից ու բնույթից, հերոսներից, պետք է հուզի հանդիսատեսին: Այն պետք է ունենա ինտելեկտուալ բարձր մակարդակ, նրանում ամփոփված լինի ասելիք, ենթատեքստեր, փիլիսոփայություն: Առանց փիլիսոփայության չեմ պատկերացնում արվեստի ոչ մի ստեղծագործություն։
– Ի՞նչը կարող է ֆիլմի կամ նոր տեսահոլովակի նյութ դառնալ ձեզ համար:
– Ֆիլմի կամ տեսահոլովակի նյութ կարող է դառնալ ցանկացած տեսարան, ցանկացած մարդ եւ ցանկացած խոսք: Պարզապես նյութը պետք է լինի իր տեղում: Ես չգիտեմ աշխարհում մի բան, որը ֆիլմի կամ արվեստի այլ ստեղծագործության հիմք չի կարող դառնալ: Իմ դեպքում սահմանափակումներ չեմ դնում, քանի որ երբեք չգիտեմ, թե նախասիրություններս որ կողմ կթեքվեն վաղն առավոտյան կամ մեկ ժամ անց: Կարեւորը զարմացնելու զգացումն է: Երբ ես զարմանում եմ ինչ-որ բանից որոշակի ժամանակ, այն օդում չի մնում և ինչ-որ կերպ դրսեւորվում է, մարմին է առնում:
Զրուցեց Անահիտ ՍԱՐԳՍՅԱՆԸ