«Մեր գործողությունների գլխավոր ուղղությունը հետեւյալն է՝ Արցախի ու Հայաստանի անվտանգության ապահովման համար կարեւոր նախապայման է Հայաստանի իշխանության փոփոխությունը»,- այս մասին Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը։ Նա նշեց, որ եթե նախկինում կար տարածված կարիք, որ միջազգային հանրության մոտ միգուցե նաեւ կոնսենսուս կար, որ Նիկոլ Փաշինյանը պետք է մնար, ապա հիմա ակնհայտ է, որ միջազգային կոնսենսուս կա այն առումով, որ Փաշինյանն արդեն ամբողջ աշխարհի համար է «դուրս գրված»։
«Աշխարհը հիմա նայում է այս հրապարակին, ուզում է հասկանալ՝ արդյոք հայ ժողովուրդը կարո՞ղ է սեփական ջանքերով փոխել իրավիճակը եւ չցեղասպանվել 21-րդ դարում։ Մեզանից է կախված, թե ինչ ճակատագրի կարժանանանք»,- ասաց նա։ Թեւանյանը հավելեց, որ գործադուլի իրենց կոչերին միացել են շատ գործատուներ, նա ընթերցեց այդ ընկերությունների անունները։ Դասադուլի կոչին միացել են մի շարք բուհերի ուսանողներ, դպրոցներ։
«Մենք որոշ ոստիկանների մոտ տեսնում ենք ենիչերական, վայրենի, գազանաբարո մոտեցում։ Բացի այն, որ նրանք ամոթի են արժանի, արժանի են լուրջ իրավական հետապնդման։ Ես ինձ համար պարզեցի, որ ոստիկանական համակարգում այդ տիպը քիչ է, այնտեղ ծառայում են յուրօրինակ ձեւով գերի ընկած մարդիկ, որոնք, երբ ինձ բերման էին ենթարկել, ասում էին՝ ցավներդ տանենք, սրանցից ե՞րբ ենք պրծնելու»,- նշեց Թեւանյանը։ Ըստ նրա՝ իշխանության աղբյուրը ժողովուրդն է, հերոսությունը ժողովուրդը պետք է անի ու ստիպի, որպեսզի ուժային կառույցներն անցնել ժողովրդի կողմը։ «Մենք մեր գործողություններով դա ստիպելու ենք անել»,- հավելեց նա։
Անդրադառնալով առաջիկա քայլերին՝ Անդրանիկ Թեւանյանն ասաց, որ կան ինքնակազմակերպված խմբեր, որոնք կարողանում են ցանցային տարբերակով պայքար մղել։ «Վաղը մենք պետք է ավելացնենք այդ խմբերը, որպեսզի միանգամից հնչող կոչով, իրար հետ կապվելով՝ կարողանանք միաժամանակյա գործողություններ իրականացնել։ Որպեսզի ոստիկանությունը կոնկրետ ժամերի վրա չֆիքսվի, քաղաքի տարբեր վայրերում, մարզերում տարբեր ժամերի իրականացնելու են հետեւյալ երեք տիպի գործողություններ։ Կամ հավաքներ՝ համեմատաբար լայն զանգվածներով, երկրորդը՝ երթեր, փողոց փակել եւ այլ տիպի ակցիաներ, սրան զուգահեռ կոմիտեն էլ կազմակերպչական ու կառուցվածքային ընդլայնման աշխատանքներ պետք է իրականացնի։ Կիրակի օրը՝ ժամը 18։00-ին հավաքվում ենք այստեղ, մենք կնշենք, թե ինչ պետք է արվի հետագա քայլերի առումով։ Այսօր՝ հավաքից անմիջապես հետո կրկին տարբեր ուղղություններով՝ չորս ուղղությամբ՝ Ամիրյանի, Ռոսսիա կինոթատրոնի, Աբովյան-Նալբանդյանի եւ դեպի քաղաքապետարանի ուղղությամբ իրականացնում ենք բողոքի գործողություն։ Որեւէ բախում, ընդհարում ոստիկանության հետ չլինի, իսկ ոստիկանությունն էլ հանկարծ չհամարձակվի խաղաղ ցուցարարների դեմ ենիչերություն անել։ Մենք խաղաղ անցնցում իշխանափոխություն ենք իրականացնում, եւ դա մեր ժողովրդի պահանջն ու կամքն է»,- նշեց Թեւանյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ