«Արցախում աղետը շարունակվում է, 20 հազար մեր հայրենակիցներ այսօր գիշերում են բաց երկնքի տակ, Արցախում մեր բանակն այսօր պարտադրված պետք է զինաթափվի։ Թշնամին պահանջ է դրել բոլոր հրամանատարներին հանձնել, որպեսզի իր տարածքում դատի նրանց։ Ստեփանակերտը շրջափակման մեջ է, Մարտունին եւ Մարտակերտը շրջափակման մեջ են, Ասկերանի գյուղերը գրավված են»,- այս մասին Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։ Նա նշեց, որ սա մի սոսկալի աղետ է, որը տեղի ունեցավ այս իշխանության եւ նրա հովանավորների կողմից գծված ծրագրի հետեւանքով, որի զոհն ու պատանդն են դարձել մեր հայրենակիցները։
«Այսօր, երբ մենք հավաքվել ենք այստեղ եւ գնում ենք մեր երկրում իշխանափոխություն եւ քաղաքական կուրսի փոփոխություն իրականացնելու վստահ եւ վճռական ճանապարհով, մենք պետք է հիշենք, որ այսօր Արցախը դեռ արնաքամ է լինում։ Եվ մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ արյունահոսությունը դադարեցնենք։ Ես ուզում եմ նշել մի քանի բան, որը ծայրահեղ կրիտիկական է, որ տեղի ունենա առաջիկա մի քանի օրերին, հետո դրա ժամանակը չի լինի։ Առաջինը, ոչ մի հայ զինվոր եւ հրամանատար չպետք է արտահանձնվի Ադրբեջանին։ Երկրորդ, Արցախի հետ ճանապարհները պետք է բացվեն, մենք պետք է հնարավորություն ունենանք մեր հայրենակիցներին հասցնել անհրաժեշտը, մենք չեն կարող անընդհատ պատանդ մնալ ձեր վարած ստոր քաղաքականությանը։
Հասեք նրան, որ ճանապարհները բացվեն։ Երրորդը, 10 հազարից ավելի մեր հայրենակիցներ տարհանվել են իրենց գյուղերից՝ Մարտունու, Մարտակերտի եւ Ասկերանի շրջաններից։ Նրանք պետք է հնարավորություն ունենան վերադառնալ իրենց տները, վերադառնալ իրենց կյանքին ինչքանով դա հնարավոր է։ Եվ ամենակարեւորը, այսօր մեզ փորձում են համոզել, որ հայոց պատմության վերջին էջը շրջվել է, եւ Արցախը կորսված է։ Դա այդպես չէ, Արցախը հայոց հայրենիքի անբաժան մաս է։ Եկեք հիմա այս հրապարակում երդվենք, որ մենք երբեք չենք համակերպվի Արցախի կորստի հետ։
Շատ կարեւոր է, որպեսզի այսօր այն, ինչ մնացել է Արցախից, պահպանվի։ Երեկ գիշեր տեղի ունեցավ ՄԱԿ-ի ԱԽ նիստ, շատ երկրներ այս անգամ Ադրբեջանի առաջ սկսեցին կոշտ պահանջներ դնել, քանի որ Ադրբեջանի ցեղասպան գործողությունները չեն կարող անհետեւանք անցնել։ Մեծ երկրները հասկանում են, որ ցեղասպանությունը նաեւ իրենց խղճին է մնալու, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, ԵՄ հիմնական երկրները հասկանում են, որ 21-րդ դարում չի կարելի թույլ տալ մի ողջ ժողովրդի ցեղասպանություն։ Եվ մենք պետք է կարողանանք թույլ չտալ, որպեսզի Ադրբեջանը շրջի Արցախի էջը։ Եթե նույնիսկ ռազմական ճանապարհով հասել է իր նպատակների մեծ մասին, Արցախում կա ժողովուրդ, Արցախում կա ոգի, Արցախում կա իշխանություն։ Եվ մենք՝ այստեղ կանգնածներս պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ ժողովուրդը եւ իշխանությունը պահպանվեն Արցախում»,- հայտարարեց Չալաբյանը։
Կարդացեք նաև
Նա նշեց, որ ՄԱԿ ԱԽ նիստում ՀՀ ԱԳ նախարարն առաջարկեց, որպեսզի Արցախ մտնի միջազգային խաղաղապահ առաքելություն։ «Եվ գուցե դա այն տարբերակներից մեկն է, որը գոնե ժամանակավոր կկարողանա Արցախում խաղաղություն ապահովել, մինչեւ Հայաստանը, ազատվելով այս խամաճիկային ռեժիմից, կվերականգնի իր ուժերը։ Մենք պետք է հասկանանք, որ եթե չլինի այդպիսի առաքելություն, Ադրբեջանը Արցախի մեր ժողովրդին պատանդ պահելով՝ հիմա էլ Հայաստանին կստիպի հանձնել Սյունիքը կամ որեւէ միջանցք Սյունիքով։ Ուստի, առաջիկա օրերին շատ կարեւոր է, որ Հայաստանի ամբողջ պետական համակարգը լծվի միջազգային գործընկերների հետ անմիջական աշխատանքի, որքան էլ այս սրիկան դրան խանգարի։
Մեր պետական համակարգում մնացած բոլոր պատասխանատու եւ արժանապատիվ մարդիկ պետք է գիտակցեն՝ այս վարչակարգը հեռանալու է, բայց հայ ժողովուրդն ու Արցախը մնալու են եւ նաեւ իրենցից են պատասխան պահանջելու։ Ուստի, գնացեք, լծվեք գործի եւ արեք ամեն ինչ, որ միջազգային հանրության կարեւորագույն խաղացողներն այսօր իրենց ջանքերը համատեղեն՝ Արցախի մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու, ճանապարհները բացելու, Ադրբեջանի հետագա ցեղասպան պլանները արգելափակելու համար»,- ասաց Չալաբյանը։
Նա հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց անընդհատ ճնշումը մեծացնել։ Ըստ նրա՝ պետական մարմինների վրա պետք է ճնշում գործադրել, որպեսզի նրանք աշխատանք կատարեն։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ