Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ես ամաչում եմ, որ ադրբեջանական լրատվականները չարախնդում են, ասելով՝ Երեւանում ոստիկանները ծեծել են շուշեցի կնոջ»

Սեպտեմբեր 22,2023 20:22

Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքում շուշեցի Նարե Սիմոնյանը հայտարարեց․ «Ես այսօր պետք է խոսքս Արցախում առկա վիճակի մասին պատմելով սկսեի, բայց այսօր առավոտյան ոստիկանների պահվածքից հետո ե իմ տեղը չեմ գտնում։ Ոչ նրա համար, որ նա ինձ «ադրբեջանցի» անվանեց ու խփեց, այլ նրա համար, որ ես փորձում եմ պատկերացնել Արցախում մի մայր, ով 24 ժամ ժամ իր երեխայից լուր չունի, հանկարծ մտնում է համացանց ու տեսնում է, որ հայ ոստիկանը դաժանաբար ծեծում է իր 17-18-ամյա երեխային, տեսնում է, որ հայ ոստիկանը «ադրբեջանցի» է անվանում իր երեխային։

Ես ամաչում եմ ոչ թե նրա համար, որ հարված եմ ստացել, այլ որ ադրբեջանական լրատվականները չարախնդում են, ասելով՝ Երեւանում ոստիկանները ծեծել են շուշեցի կնոջ։ Նրանք ուզում են մեզ թշնամացնել։ Հարգելի ոստիկաններ, մարդիկ, ովքեր պատվով են կրում իրենց ուսադիրները, ձեզ խնդրում եմ, պահանջում եմ՝ խելքի բերեք, կարգի հրավիրեք ձեր սեւ եւ կարմիր բերետավոր կոլեգաներին։ Օկուպացիոն ռեժիմն ինչքան  մեզ է ատում, այնքան էլ ձեզ է ատում, դրա համար ամեն ինչ անում է՝ ձեզ ժողովրդի հետ թշնամացնելու համար։ Դրա համար է ձեզ ստիպում, որ գնաք Եռաբլուր եւ քաշքշեք մեր հերոսների ծնողներին»։

Նարե Սիմոնյանը նշեց, որ այս օրերին, երբ իրազեկման ակցիաներ են իրականացնում, տեսնում են իրենց միանալու ցանկություն ունեցող շատ քաղաքացիներ։ «Երբեմն նաեւ տեսնում ենք շատ քաղաքացիներ, ովքեր ասում են՝ հասկանում ենք, բայց ի՞նչ անենք, ուզում եք այդ ամենն այստեղ էլ լինի՞։ Ոչ, չենք ուզում, դրա համար ենք պայքարում, որ չլինի։ 2020 թվականի սեպտեմբերի 26-ին ես չէի կարող պատկերացնել, որ մի օր Շուշին եմ կորցնելու, երկու տարի անց սահմանամերձ է դարձել Ջերմուկը։ Նոյեմբերի 10-ից ես պայքարում եմ, որ Ջերմուկը Շուշիի ճակատագրին չարժանանա, որ Գորիսը Շուշիի ճակատագրին չարժանանա, որ Երեւանը Ջերմուկի ճակատագրին չարժանանա։ Դուրս եկեք պայքարենք, որ միասին փրկենք մեր հայրենիքը»,- հայտարարեց նա։

Նարե Սիմոնյանն ասաց, որ Արցախում այսօր դարձյալ մարդիկ հույսով հայացքներն ուղղել են մայր Հայաստանին, սպասում են մեր բոլորի հայրենիքի փրկությանը։ «Օկուպացիոն ռեժիմն իր խամաճիկների հետ փորձում է թիրախավորել այս հրապարակում կանգնած մարդկանց, ովքեր դուրս են եկել պայքարի։ Նրանց փորձում է կապել այս կամ այն դրսի կենտրոնների հետ, փորձում է 5-րդ շարասյուն անվանել։ Ձեզ եմ դիմում, Նիկոլի հպատակ պատգամավորներ, այս մարդկանց ձեր արշինով մի չափեք, դուք եք սովոր օտար ծառաներին ծառայելու։ Դուք եք սովոր թշնամու հետ սիրախաղեր անելու, միայն ձեր աթոռը պահեք։ Բայց միեւնույն է, գնալու եք»,- հայտարարեց արցախցին։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930