«Մեզ մոտ այժմ հումանիտար ողբերգություն է, մեծաթիվ փախստականներ այն գյուղերից, որոնք գրավել է ադրբեջանական բանակը, մարդիկ ահ ու սարսափի մեջ են, արդեն որերորդ օրն է՝ առանց հոսանքի, առանց տաք սննդի ու դեղերի, մեծաթիվ վիրավորներ կան, կրակոցները շարունակվում էին առավոտվանից: Մի ութամյա երեխայի սիրտ է պայթել ռմբակոծությունից, մարդիկ ֆիզիկական բնաջնջման շեմին են»,-#ОсторожноНовости հաղորդման ժամանակ պատասխանելով Քսենյա Սոբչակի հարցին, ինչ վիճակ է ներկայումս Արցախում, ասաց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Հարցին՝ ինչպես՞ Արցախում ընդունեցին կապիտուլյացիան, նախկին պետնախարարն այսպես պատասխանեց. «Դա ողբերգություն է, նման բաները ոչ մեկը չի կարող հանգիստ ընդունել, մարդիկ ողբերգության մեջ են, զրկված իրենց հողում ապրելու հնարավորությունից»:
Սոբչակի դիտարկմանը, որ տարածվում են տեղեկություններ, թե ռուս խաղաղապահները հրաժարվել են երաշխավորել քաղաքացիական անձանց անվտանգ տեղափոխումը, ադրբեջանցիները եւս հրաժարվում են հումանիտար միջանցք տրամադրել նրանց, Ռուբեն Վարդանյանը պատասխանեց, որ դեռեւս բանակցություններ են ընթանում տարբեր սցենարների շուրջ, բազմաթիվ խնդիրներ կան, այդ թվում՝ զոհվածների դիերը փոխանցելու:
Քսենյա Սոբչակը նշելով, որ Մարգարիտա Սիմոնյանը եւ Ռուսաստանի այլ հայեր ամեն ինչում մեղադրում են Փաշինյանին, եւ մեկնաբանություններն էլ հայերի վերաբերյալ հեգնական են՝ «դուք Արեւմուտք էինք ուզում», ահա ստացեք, հարցրեց, թե ինչ է մտածում այդ մասին Ռուբեն Վարդանյանը:
Կարդացեք նաև
«Չեմ ուզում ոչինչ մեկնաբանել, այնպիսի իրավիճակ է, որ իմաստ չունի մեկնաբանել, մարդիկ չեն կարողում գտնել իրենց հարազատներին, շուրջ 100 մարդ անհայտ կորած է, ընտանիքները զոհեր ունեն… Ընդհանրապես չեմ ուզում մեկնաբանել այն ցինիզմը, որ առկա է Արցախի սահմաններից դուրս ապրողների մոտ, դա բարոյական չէ»,-ասաց նա:
Սոբչակը հարցրեց՝ արդյոք Ռուսաստանը կարո՞ղ էր օգնել, արժի հույս կապել Ռուսաստանի հետ այսօրվա պայմաններում: Ի պատասխան Ռուբեն Վարդանյանն ասաց, որ իհարկե կարող էր օգնել, եւ մարդիկ նեղսրտել են, որ ռուս խաղաղապահները չկարողացան կանգնեցել այդ կոնֆլիկտը. «Գիտեք, որ այս իրավիճակում նաեւ ռուս խաղաղապահներ զոհվեցին… Ռուսաստանի համար բարդ իրավիճակ էր: Չօգնեց նաեւ Հայաստանը, որ Արցախի անվտանգության երաշխավորն էր, չօգնեց Արեւմուտքը, որը հանգիստ հետեւում է, թե ինչպես են կործանում մարդկանց, եւ խախտում միջազգայնորեն ամրագրված նորմերը, պատժամիջոցներ չկիրառվեցին…Հիասթափություն կա ինչպես միջազգային հանրությունից, այնպես էլ Ռուսաստանից, որ չկանգնեցրեց այս սպանդը»:
Ինչ վերաբերվում է իր՝ Բաքվի պահանջով պաշտոնից ազատվելուն, Ռուբեն Վարդանյանն ասաց, որ Արցախ գալու նպատակը մարդկանց համախմբելն էր ընդհանուր գաղափարի շուրջ, ինչը բացասական արձագանքի արժանացավ ադրբեջանցիների կողմից: Նաեւ ընդգծեց, որ մեծ ճնշում կար ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի կողմից: Հավելեց, որ չի հեռանա Արցախից, քանի որ հայրենիքը պետք է պաշտպանել, հարկ եղած դեպքում մեռնել նրա համար, եւ ընդհանրապես ապրելու իրավունքի համար պետք է պայքարել:
«Դուք ոչ աղքատ մարդ եք, պատժամիջոցների տակ չեք գտնվում, հանգիստ կարող էինք ապրել Եվրոպայում, բայց առանց անձնական անվտանգության երաշխիքների մնացել եք Արցախում, ինչու եք այդպես վարվում», – հարցրեց Քսենյա Սոբչակը: Ռուբեն Վարդանյանը նշեց, որ «Дождь»-ին տված հարցազրույցում արդեն քննարկել է՝ ինչ ասել է հայրենիքը; Ընդգծեց, որ իր համար հեշտ չէր նման որոշում ընդունելը. «Մեկ տարի առաջ ես հասկացա, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ սա իմ եւ իմ ընտանիքի համար, մյուս կողմից, եթե դու գտնում ես, որ դա կարեւոր է, քեզ հանգիստ եւ ուժեղ ես զգում, համոզված լինելով, որ անում ես մի բան, ինչը ճիշտ է… Դու հետո չես ամաչի թոռնիկիդ աչքերի մեջ նայել ու ասել՝ ես արել եմ ինչ կարող էի, փորձել եմ…»:
Հարցին՝ կարելի՞ է ասել, որ սա վերջն է հայերի հազարամյա ներկայությանը Արցախում, Ռուբեն Վարդանյանը բացասական պատասխան տվեց՝ ասելով, որ Արցախը սրբազան հող է հայերի համար, պետք է անել ամեն բան, որ մարդիկ ապրեն այնտեղ, պահպանեն իրենց հայկական արմատներն ու ժառանգությունը:
Սա ռուսական ազդեցության վե՞րջն է Հարավային Կովկասում՝ հարցրեց հաղորդավարը:
«Հարցի հասցեատերը ես չեմ, ես քաղաքագետ չեմ, փորձագետ չեմ, ես չգիտեմ: Միայն գիտեմ, որ Ռուսաստանը սիրում է խնդիրներ ստեղծել, հետո հերոսաբար դրանք լուծել: Ես չեմ հասկանում՝ ով եւ ինչու է ընդունել նման որոշում, թող մնա իրենց խղճին»,-ասաց Ռուբեն Վարդանյանը հարցազրույցի վերջում:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ