«Կարելի է Աշոտյանին սիրել կամ չսիրել, նրա տեսակետների հետ համաձայնել կամ չհամաձայնել, բայց Աշոտյանն անմեղ է: Նա կալանավորվել է մեկ բանի համար, որովհետեւ ասում է բաներ, որոնք, բոլորդ էլ գիտեք՝ ում դուրը չեն գալիս»,- այսօր դատարանի շենքի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ լինելով ազատության մեջ, թե կալանավայրում, Արմեն Աշոտյանը պայքարում է մեր գլխին արհավիրք բերած ազգակործան պատուհասների հետ:
ՀՀ վերաքննիչ դատարանում ընթանում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի բողոքարկման նիստը:
«Մենք ապրում ենք մեր կյանքի ամենաողբերգական օրերը: Այն, ինչ տեղի է ունենում, մեր նորագույն պատմության ամենաամոթալի էջերից մեկն է»,- ասաց Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ 9 ամիս շարունակ մենք ուղիղ եթերում հետեւում էինք, թե ինչպե՞ս են զրկում արցախցիներին տարրական եւ կենսական պայմաններից՝ հյուծելով նրանց: Հետո ուղիղ եթերում սկսեցինք հետեւել, թե ինչպե՞ս են բնաջնջում մեր հարյուրավոր հայրենակիցներին. «Ո՞վ ենք մենք, որպես հայ մարդ, ի՞նչ արժեհամակարգ ունենք, եթե մենակ թողեցինք մեր հայրենակիցներին»:
Անզորության եւ նվաստացման զգացողությունը, ըստ նրա, մեր հասարակության մեջ փորձ է արվում սրսկել՝ քարոզչամեքենայով՝ տպավորություն ստեղծելով, թե ամեն ինչ անդառնալի է, ոչինչ հնարավոր չէ անել: Իշխանությունն այսպիսով, ըստ Դավիթ Հարությունյանի, ձգտում է հասնել անտարբերության, որը 2020-ից հետո արդեն կորուստներ է բերել մեզ եւ դեռ էլի կորուստներ է բերելու: Ու այսօր շարունակել անտարբեր մնալ, նա անթույլատրելի է համարում եւ կոչ է անում չլռել, բողոքն արտահայտել ցանկացած ձեւով, ցանկացած խմբի միանալով, եթե այս կամ այն քաղաքական ուժին չեն ընդունում. «Մի լռեք, լռելն այսօր ոճրագործություն է: Մենք պետք է շատ լավ գիտակցենք, որ յուրաքանչյուր ոք անելիք ունի եւ այդ անելիքն իր ձայնը բարձրացնելն է, իր բողոքը բարձրացնելն է՝ հրապարակում, աշխատավայրում, փողոցում, հակառակ դեպքում, մեզ սպասվում են նոր ու նոր լրջագույն կորուստներ եւ դժբախտություններ: Անարժանապատվություն ընտրելիս՝ ստանում ես եւ անարժանապատվություն, եւ նոր պատերազմ. ես դեռ հույս ունեմ, որ մենք ունակ ենք լինել արժանապատիվ, որպեսզի փրկենք ողջ մնացածների կյանքը եւ խուսափենք նոր արհավիրքից»:
Կարդացեք նաև
Բանակցողի փոփոխությունը Դավիթ Հարությունյանն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է համարում. առաջնահերթ է համարում արցախահայերի կյանքի փրկությունը եւ հետագա գործողությունների ծրագիր ունենալը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ