Լրահոս
Օրվա լրահոսը

Զառա Ամատունի․ «Այսօր Կարմիր խաչի ուժերով 9 վիրավոր տեղափոխվել է Ստեփանակերտի հիվանդանոց»

Սեպտեմբեր 22,2023 18:10

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր մի խումբ բուժաշխատողներ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մոտ բողոքի ցույց էին անում։ Նրանք կոմիտեի հայաստանյան պատվիրակությունից պահանջում էին միջնորդել եւ կազմակերպել Արցախի վիրավորներին, որոնք համապատասխան բուժօգնություն չեն ստանում, անհապաղ տեղափոխել Հայաստան, ինչպես նաեւ ապահովել հայաստանյան բուժաշխատողների տեղափոխումն Արցախ՝ մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար։

Բուժաշխատողները հանդիպել են կոմիտեի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումից հետո Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանում պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին լրագրողներին տեղեկացրեց՝այսօր 9 վիրավոր անձ Կարմիր խաչի ուժերով տեղափոխվել է Ստեփանակերտի հիվանդանոց, ինչպես նաեւ հիվանդանոցին են փոխանցել բուժպարագաներ։

«Հույս ունենք, որ առաջիկայում կշարունակվի մեր աշխատանքը՝ թե՛ բուժառուների տեղափոխումը, թե ՛մարդասիրական օգնությունը»,-ասաց Զառա Ամատունին։

Նրա ներկայացմամբ՝ այլ եւ այս հարցերով զբաղվելու կոմիտեի հայաստանյան պատվիրակության միակ հնարավորությունը կողմերի, որոշում կայացնողների համաձայնությունն է, որը կարող է միայն երաշխավորել մարդասիրական օգնության, մարդկանց օգնության եւ այդ օգնության տեղաշարժի անվտանգությունը․ «Առանց մեկ որոշում կայացնողի համաձայնության՝ մենք չենք կարող որեւէ գործողություն իրականացնել»։

Թե որ կողմն է խոչընդոտում, Ամատունին չհանրայնացրեց, քանի որԿարմիր խաչի քաղաքականությունն է գաղտնի երկխոսությունը կողմերի հետ․ «Դրա նպատակը այն է, որպեսզի հնարավորինս կարողանանք մարդասիրական հարցերը ուշադրության կենտրոնում պահելով՝ հասնել որեւէ լուծումների։ Այս պարագայում մարդասիրական գաղտնի երկխոսությունը չի նախատեսում բովանդակությամբ կիսվել հանրության հետ»։

Ինչ վերաբերում է ցույցի մասնակիցների՝ բուժաշխատողների Արցախ տեղափոխելու պահանջին, ապա Ամատունին պարզաբանեց՝ մեր կազմակերպությունը չի կարող այդպիսի գործելաոճ որդեգրել․ «Մենք աշխատում ենք մեր մասնագետների օգնությամբ, համագործակցում ենք համապատասխան մարմինների հետ, սակայն ցանկացած որոշում կայացվում է կողմերի համաձայնությամբ։ Մենք աշխատում ենք միայն մեր անձնակազմի հետ, լրացուցիչ ՀՀ շրջանակներում եւ հայկական Կարմիր խաչի անձնակազմի եւ կամավորների հետ»։

Ցույցի նախաձեռնողներից մեկը, որը հանդիպմանն ու քննարկմանն է մասնակցել, ասաց․ «Ես հանդիպման ժամանակ ասել եմ՝ ինչքան ռուս խաղաղապահների գործունեությունն է արժեզրկվել, այնքան էլ Կարմիր խաչն է արժեզրկվելու, եթե գոնե այն վիրավորներին, որոնց տեղափոխելու հնարավորություն կա, չտեղափոխեն»։

Ապա, նա դիմելով արցախցիներին, ասաց․ «Արցախի հայեր, Հայաստանն այս մարդիկ են, ովքեր ձեզ մենակ չեն թողնում, ոչ թե այն պաշտոնյաները, որոնք հայտարարում են, որ Արցախն Ադրբեջանի մասն է։ Արցախի հայեր, դուք մենակ չեք»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930