Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեկ ու այսօր շուրջ 500 քաղաքացիներ են բերման ենթարկվել, քննարկում են նաեւ պարետային ժամ հաստատելու հարցը»․ Իշխան Սաղաթելյան

Սեպտեմբեր 22,2023 19:40

«Արցախը ցեղասպանության է ենթարկվում, Հայաստանում եւ աշխարհի ցանկացած անկյունում ապրող հայ մարդ չի կարող անտարբեր լինել, իր առօրյայով ապրել։ Մեր քույրերն ու եղբայրները ցեղասպանության եզրին են։ Կոչ ենք անում եւս մեկ անգամ, ովքեր այս հրապարակում, չեն, եկեք միացեք, խնդրում ենք, աղաչում ենք, պահանջում ենք»,- Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Նա նշեց, որ այս պայքարը պետք է շարունակել, այսօր Հայաստանն ու Արցախն անպաշտպան են, որովհետեւ այս շենքում նստածներն օտար են, ցեղասպանության հանցակից են։

Նա հիշեցրեց, որ երեկ Ազգային կոմիտեն հայտարարել էր դասադուլ, գործադուլ  եւ անհնազանդության ակցիաներ անցկացնելու մասին։ «Մեր գործողությունները բավական լուրջ արդյունք են տվել, մեզ արձագանքել են բազմաթիվ հայրենասեր եւ արժանապատիվ ուսանողներ, ովքեր այսօր դասադուլ արեցին։ ՀՀ մարզերում՝ Գեղարքունիքում, Շիրակում, այլ մարզերում քաղաքացիներն ինքնաբուխ դուրս եկան, անհնազանդության ակցիաներ արեցին, փողոցներ փակեցին։ Այս հրապարակը, այս շարժումը տարբերվում է բոլոր շարժումներից մի շատ կարեւոր հանգամանքով, մարդիկ ինքնաբուխ կազմակերպվում են եւ ապակենտրոն ցանցային պայքար տանում։ Սա է լինելու մեր հաջողության գրավականը՝ ցանցային ապակենտրոն պայքարը շատ կարեւոր է կազմակերպել ու տարածել ամբողջ հանրապետությունում։ Ոստիկանությունը երեկվանից գործադրում է բիրտ, ապօրինի գործողություններ։ Ես այս հրապարակից մեր բոլորի անունից դիմում եմ ոստիկանությանը՝ ոստիկանության պետից մինչեւ շարքային կատարող՝ տղերք, դուք այլեւս չեք ծառայում ՀՀ-ին, դուք ծառայում եք ցեղասպանության հանցակից դավաճանին»,- հայտարարեց նա։

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ երեկ ու այսօր շուրջ 500 քաղաքացիներ են բերման ենթարկվել։ «Մեր ընկերների վրա կեղծ քրեական գործեր են հարուցում, որպեսզի կարողանան կասեցնել այս ընթացքը։ Այս սրիկաները, հասկանալով ձեր ուժը, քննարկում են նաեւ պարետային ժամ հաստատելու հարցը։ Այստեղից ասում են այս հրապարակի անունից՝ ձեզ ոչ պարետային ժամն է փրկելու, ոչ ռազմական դրությունը։ Դուք այլընտրանք չունեք, պետք է գնաք, եւ վերջ»,- նշեց նա։

Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ հարցադրումներ, թե ի՞նչ է անում շարժումը, ո՞ւր են գնում։ «Մենք մի նպատակ ունենք, մի խնդիր՝ առաջիկա օրերին մեր քայլերով ու գործողություններով պետք է հասնենք այն կրիտիկական կետին, որ այլեւս Նիկոլի պաշտպան ոստիկանները զեկուցեն, որ չեն կարողանում դիմադրել ժողովրդին։ Մենք մեր քայլերով եւ գործողություններով պետք է կարճ ժամանակում հասնենք այդ օրվան, որպեսզի այսօրվա պես այլեւս ոստիկանությունը չկարողանան միջանցք բացել Նիկոլի համար։ Մենք պետք է հասնենք այն աստիճանի, որ իրենք հանձնվեն։ Սա է լինելու առաջիկա օրերի մեր քայլերի ու գործողությունների տրամաբանությունը։ Մի բան եմ ձեզանից խնդրում՝ այս օրերին տեմպը պահեք, եթե սա պահենք ու ավելացնենք, նրանք չեն դիմանալու։ Գնալու ենք մինչեւ վերջ, վերջին կետին են՝ կամ մենք Նիկոլին ենք ծնկի բերելու, կամ Նիկոլը Հայաստանն է ծնկի բերելու։ Բայց Հայաստանը ծնկի չի գալու, սրանց հեռացնելու ենք եւ մեր հայրենիքը պաշտպանելու ենք»,- ընդգծեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930