Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայու գեն» ասվածը պետք չէ պրիմիտիվացնել՝ հայերի գենետիկական նկարագիրը պահպանվել է սերունդների գենոմներում

Սեպտեմբեր 22,2023 17:52
genetika

«Տեւական ժամանակ մենք կարծում էինք, թե մեր ճակատագիրը կախված է աստղերի դասավորությունից, հիմա գիտենք, որ այն առավելապես գրառված է մեր գեներում: Եվ չնայած բռնագաղթերին՝ հայերի գենետիկական նկարագիրը պահպանվել է սերունդների գենոմներում»,-5-րդ ալիքն անցյալ տարվանից սկսել էր «Չընդհատված ծածկագիր. ՀԱՅԵՐ» բացառիկ փաստավավերագրական ֆիլմի աշխատանքները: Ֆիլմը հեռուստատեսությամբ ցուցադրվեց Հայաստանի անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին:

Ֆիլմի պրոդյուսեր, հեռուստատեսության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանի հետ հարցազրույցը ավելի վաղ էինք արել՝ ֆիլմի փակ դիտումից անմիջապես հետո, սակայն այն հրապարակելը ձգձգվեց հայտնի իրադարձությունների պատճառով:

Հարություն Հարությունյանից Aravot.am-ը հետաքրքրվել էր, թե ինչպես ծնվեց նման ֆիլմ նկարելու գաղափարը եւ ինչու այսքան երկար տեւեցին 30 րոպեանոց ֆիլմի աշխատանքները:

Նա ասաց, որ «Արտբրիջում» մասնակցել էր գենետիկ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Եպիսկոպոսյանի գրքի շնորհանդեսին, եւ հենց այդ ժամանակ էլ ծնվել էր հայկական գենի մասին ֆիլմ ստեղծելու գաղափարը, հատկապես որ հեռուստադաշտում չկան գիտական աշխատությունների հիման վրա՝ գիտահանրամատչելի, վավերագրական ֆիլմեր: Ըստ Հարություն Հարությունյանի, Եպիսկոպոսյանը նույնիսկ զարմացել է, երբ լսել է առաջարկը, անգամ հետաքրքրվել, թե ով է վճարելու նման ֆիլմի համար:

5-րդ ալիքի գործադիր տնօրենը, Լեւոն Գալստյանը, Արմեն Անդրեասյանը սկսել են քննարկել, թե ինչպիսին պիտի լինի ֆիլմը: Ֆիլմի ռեժիսորը Արթուր Սահակյանն է, որը Եպիսկոպոսյանի հետ եղել է Եղեգնաձորի քարանձավներում, նկարել նրանց ուսումնասիրությունները :

«Մենք որոշեցինք, որ բացի հայ մասնագետներից, պետք է խոսեն նաեւ օտարազգի մասնագետներ ու կանգ առանք էստոնացի գիտնական, գենետիկ, Տարտուի համալսարանի գենոմիկայի ինստիտուտի պրոֆեսոր Ռիչարդ Վիլեմսի եւ Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր, նույն համալսարանի էվոլյուցիոն էկոլոգիայի խմբի ղեկավար Անդրեա Մանիկայի թեկնածության վրա: Այդ մարդիկ մասնակցել էին հայկական գենի ուսումնասիրության աշխատանքներին… Նախատեսել ենք, որ ֆիլմը պետք է թողարկվի անգլերեն լուսագրերով, որպեսզի դա մատչելի լինի նաեւ այլազգիներին: Այս գիտական աշխատությունը «հայուգեն» ասվածից շատ տարբեր է, այնքան է չարչրկվել հայուգեն հասկացությունը, որ պրիմիտիվացվել… Մենք ցույց ենք տալիս, թե ինչ ասել է գենետիկան»,- ասաց Հարություն Հարությունյանը:

Մեր հարցին, թե ինչո՞ւ այսքան երկար տեւեցին ֆիլմի աշխատանքները, 5-րդ ալիքի գործադիր տնօրենն այսպես պատասխանեց. «Դա հասկանալու համար պետք է նախ հասկանալ, թե ինչ է կատարվում հայաստանյան հեռուստատեսային դաշտում: Այսօր պահանջել հեռուստաընկերություններից որակյալ արտադրանք՝ հավասար է անմտության, որովհետեւ յուրաքանչյուրի պարագայում, բացի Հանրայինից, պատկերավոր ասած ՝սնանկացման եզրին հայտնվելուց 5 է պակաս: Վերջին տարիներին, թե ԱԺ-ի ընդունած օրենքներով, թե կառավարության որոշումներով ամեն ինչ արվել է ոչ թե հեռուստատեսային դաշտը կարգավորելու համար, այլ «կրախի» առաջ կանգնեցնելու: Դա ավելի շատ հեռուստատեսային դաշտը չպատկերացնելու արդյունքում է եղել: Կտրուկ նվազել են մուտքերը հեռուստատեսություն, Հայաստանի տնտեսությունը կաթվածահար վիճակում է: Հետեւաբար ո՞ւմ դիմեի, որ այս ֆիլմին աջակցեր…

Այսօր մասնավոր հեռուստաընկերությունը հարկեր է վճարում պետությանը, մեծ գումարներ հեռարձակման համար՝ հեռուստացանցին, որից շաբաթը մեկ նամակ է ստանում, թե պարտքը չփակելու դեպքում կդադարեցնենք ձեր հեռուստատեսության հեռարձակումը: Քարոզարշավի ժամանակ էլ մեզանից պահանջում են քաղաքական ուժերին 1 րոպե պետք է ձրի եթեր տալ: Իսկ այդ մեկ րոպեի փոխհատուցումը ո՞վ է մեզ տալու, եթե հեռուստաշտարակը մեզ ասում է կկանգնեցնեմ՝ պարտքը չվճարելու դեպքում: Էլ չենք խոսում այն մասին, որ սոցիալական ցանցերը կլանել են գովազդային շուկայի զգալի հատվածը, ինչը չի կարգավորվում օրենքով:

Ահա նման բաների պատճառով էլ ձգձգվեց մեր ֆիլմը, որի վրա մեծ գումար ենք ծախսել, բայց չենք ափսոսում, քանի որ սերունդների համար է:

Այդ գումարը ծախսել ենք մեր միջոցներից, անհամեստություն չթվա՝ զգալի մասը իմ անձնական միջոցներից: Գուցե կարելի էր այդ գումարով, օրինակ, 6 մասից բաղկացած սերիալ նկարել, բայց ես կարծում եմ, որ նման ֆիլմերը մեզ համար օդ ու ջրի պես անհրաժեշտ են: Մենք չպետք է ապրենք օրվա տրամաբանությամբ: Նաեւ ուզում ենք ասել, որ «հայու գեն» ասելով մի փչացրեք գաղափարը, եթե չգիտեք ինչ է գենետիկան: 5-րդ ալիքը քիչ է տալիս արտադրանք, բայց հակված է ավելի որակյալի, ինչը գուցե շատ-շատերի քիմքին հաճեի չէ, բայց մենք չենք շեղվում մեր սկզբունքներից»:

Հավելենք, որ ֆիլմում ԳԱԱ թղթակից անդամ, ԵՊՀ գենետիկայի եւ բջջաբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Հարությունյանը նշում է, որ գենետիկան սերտորեն կապված է այն պայմանների հետ, որոնք մեզ շրջապատում են:

Էստոնացի գենետիկ Ռիչարդ Վիլեմսն վկայակոչելով Հերոդոտոսի պատմությունն՝ ասում է, որ նրանում նշված հայտնի անուններից մեկը Հայաստանն է, եւ գենետիկայի միջոցով հնարավոր է ուսումնասիրել շուրջ 2400 տարի առաջ իրենց լեզվով խոսող հայերին: Նաեւ հավելում է, որ ըստ իրենց ուսումնասիրությունների՝ հայերը, վրացիները գենետիկորեն շատ հին են, այս տարածքում գոյություն են ունեցել 10 հազար տարի առաջ:

Լեւոն Եպիսկոպոսյանը նշում է, որ ցանկացած ժողովուրդ ունի կենսաբանական եւ հասարակական պատմություն, ու կենսաբանական պատմությունն ի վիճակի են վերականգնել գենետիկայի միջոցով:

Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Մանիկայի ձեւակերպմամբ, Հայաստանը հետաքրքիր է անգամ իրեն բնորոշ հիվանդությունների առումով, որոնցից մեկը միջերկրածովային տենդն է՝ Երեւանյան հիվանդությունը: «Հնագույն ԴՆԹ դիտելով՝ նկատում ենք մեկուսացվածության երկարատեւ ժամանակաշրջան, եւ պարզ է դառնում թե ինչու ենք տեսնում այդքան տարբերվող գենոֆոնդ եւ յուրահատուկ հիվանդություններ, որոնք բնորոշ են միայն հայերին»,-նշում է գիտնականը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930