Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի բնակչության դեմ իրականացվող անթաքույց ցեղասպանությունը մարդկանց մեջ սպանում է հավատն արևմտյան արժեքների հանդեպ

Սեպտեմբեր 22,2023 17:24

Երբ հետևում ենք միջազգային քաղաքական կառույցների հայտարարություններին, հայտնի քաղաքական գործիչների ելույթներին/գրառումներին, և մասնավորապես լրատվամիջոցների քննարկումներին, տպավորություն է, թե ողջ աշխարհի մտահոգության առանցքում մարդն է և նրա իրավունքները: Իսկ այդ իրավունքների մեջ իր անխախտ տեղն ունի մարդու իրավունքներից ամենակենսականը՝ կյանքի/ապրելու իրավունքը: Թվում է, թե ողջ քաղաքակիրթ աշխարհի համար սա անսակարկելի ճշմարտություն է:

Ավելին: Հատկապես ԱՄՆ-ն և Եվրոմիությունը, կարծես թե, աշխարհով մեկ մրցակցության մեջ են այս հարցում՝ ձգտելով զարգացող երկրներում էլ ներդնել մարդու իրավունքների պաշտպանության և զարգացման համապատասխան մեխանիզմներ, կառույցներ և պատասխանատվության ենթարկել երկրներին մարդու իրավունքների խախտման համար:

Մինչդեռ 1990 ականներից ընդամենը երկու տասնամյակ է մեզ բաժանում, երբ քաղաքակիրթ աշխարհի լուռ հայացքի ներքո Արևելյան Աֆրիկայում՝ Ռուանդայի Հանրապետությունում, հերթական անգամ իրագործվեց մարդկային ոճիրներից ամենասարսափելին՝ ցեղասպանությունը:

Ժամանակ առ ժամանակ որոշ քաղաքական գործիչներ կամ ցեղասպանագետներ հիշում են Ռուանդայի արհավիրքը՝ «այլևս երբեք» ամերիկյան հայտնի կոչով: Սակայն, մարդու իրավունքների ջատագով երկրները և հատկապես միջազգային կառույցները շարունակում են անտեսել այն կարևոր փաստը, որ Ռուանդայում իրագործված ցեղասպանությունը ժամանակին չարժանացավ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների համապատասխան արձագանքին: 1999 թ. Միացյալ Ազգերի Գլխավոր Քարտուղար Քոֆի Անանը քննադատության ենթարկեց զարգացած երկրների լրատվամիջոցները, որ հրաժարվել են լուսաբանել համաշխարհային իրադարձությունները: Վերջինիս նշած օրինակներից մեկը Ռուանդայի ցեղասպանությունն էր: Այս քննադատությամբ փաստվեց, որ մարդու իրավունքները լուսաբանվում և իրականացվում են «հետճշմարտություն» քաղաքականության տեխնոլոգիայի միջոցով: Տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս ցանցավորելով քաղաքական իսկությունը զուգահեռ ձեռնածել (manipulate) մարդու իրավունքները, մարդասիրությունը և կյանքի ու ինքնորոշման իրավունքները միաժամանակ: Այստեղից կարող ենք եզրակացնել, որ հիշյալ քննադատությունը, ըստ էության, վերաբերում էր ոչ այնքան բուն լրատվամիջոցներին, որքան դրանց սեփականատերերին, իսկ ավելի ստույգ՝ նրանց թիկունքին կանգնած քաղաքական խաղացողներին: Ոչ այնքան հեռավոր անցյալում Միացյալ Ազգերի Գլխավոր Քարտուղարը փաստեց, որ քաղաքականության մեջ չկան պատահականություններ, քաղաքականության մեջ կան միայն շահեր: Շահեր, որոնք ուղղված են իրենց անկախության և ազատության համար պայքարող ազգերի, ազգությունների և նույնիսկ սեփական քաղաքացիների դեմ:

Շուրջ ինն ամիս շարունակ «Չճանաչված պետության» կարգավիճակ ունեցող Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի բռնապետական վարչակարգի իրականացրած շրջափակումը նույնպես համապատասխան արձագանք և գնահատական չունեցավ միջազգային մամուլում: Այն լուռ է նաև այսօր, երբ արցախահայությունը Բաքվի ահաբեկչական իշխանության կողմից ակնհայտորեն էթնիկ զտման է ենթարկվում:

ՀՀ Անկախության օրվա առիթով զավեշտալի է հնչում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը, թե՝ «Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը…»: Արցախյան հակամարտության մասին որևէ անդրադարձ չկա պետքարտուղարի շնորհավորականում այն պարագային, երբ հաջորդիվ հավաստիացնում է, թե՝ «շարունակում ենք հանձնառու լինել՝ ապահովելու տևական ու արժանապատիվ խաղաղություն Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, որտեղ հարգված են բոլորի իրավունքները»: Ինչպե՞ս է ԱՄՆ-ն հանձնառու լինում Հարավային Կովկասում խաղաղությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը, երբ արդեն երկու օր է, ինչ Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի հայտարարած «հակաահաբեկչական գործողություններ» ձևակերպման ներքո վայրագաբար բռնաբարվում են քաղաքացիական բնակչության՝ ներառյալ ծերերի, կանանց և երեխաների ապրելու իրավունքը և դրանից ածանցվող մարդու հիմնարար ազատությունները: Խաղաղության և բոլորի իրավունքները հարգելու անհրաժեշտության մասին խոսող ԱՄՆ պետքարտուղարն ինչո՞ւ է այդ դեպքում անտեսում 1991 թ. Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, եթե ազնիվ է իր խոսույթում, եթե, ինչպես ինքն է շեշտում, Հարավային Կովկասում, բոլորի իրավունքները, իրոք, մտահոգում են ԱՄՆ պետական մարմիններին:

Արցախի այսօրվա անմարդկային, գթասրտության հետ որևէ աղերս չունեցող իրականությունը, խաղաղ բնակչության դեմ իրականացվող անթաքույց ցեղասպանությունը, մարդկանց մեջ սպանում են հավատն արևմտյան արժեքների հանդեպ, իսկ մարդու իրավունքների պաշտպանության մասին նրանց հայտարարությունները՝ առնվազն կեղծ հռչակում, այսինքն՝ «հետճշմարտության» քաղաքականության դրսևորում:

Ռուանդայի ցեղասպանությունից անցել է մոտ երկու տասնամյակ, և պարզվում է, որ ամերիկյան՝ «այլևս երբեք»-ը Սարդ-մարդու (Spider-man) կամ թե Բանբերի (Batman) հերթական շարքից է:

Երեկ խոսում էի սփյուռքահայ մի ընկերոջ հետ, որն ապրում է Ամերիկայի Արևմտյան ափին, ուր հայկական մեծ գաղութներից մեկն է: Նա հիասթափությամբ նկատեց, որ ԱՄՆ լրատվամիջոցները լռում են Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող պատերազմի մասին, ապա ցավով հավելեց․ «Մեր օգտին ոչ մի քայլ չի արվել ցայժմ։ Աշխարհը մտածում է միայն նավթի մասին, ոչ թե մարդկանց, իսկ մենք ոչինչ չունենք առաջարկելու բացի մեր կյանքից: Դա բավարար չէ այս ագահ, կաշառակերությամբ խեղված աշխարհին։ ԱՄՆ-ում նորությունները ոչինչ չեն ասում արցախյան նոր պատերազմի մասին։ Եթե ընկերային-հանրային ցանցերում չես՝ ոչինչ չգիտես: Եվ անգամ այդ դեպքում միայն հայերն են տեղեկություններ փոխանակում»:

Միջազգային լրատվամիջոցների լռությունն անմիջական կապ է ուրվագծում տասնամյակներ առաջ Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության և այսօր Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի բռնապետական վարչակարգի կողմից իրականացվող էթնիկ զտումների միջև: Պատմությունը կրկնվում է, իսկ հայ ազգի պարագային 1915 թ. ցեղասպանությունից հետո երկրորդ անգամ է կրկնվում, և կրկնվում է ժողովրդավար հռչակված միջազգային քաղաքական խաղացողների լուռ համաձայնությամբ։

Այո՛, ինչպես հայ գրողն է ասում՝ «Հայ լինելը հեշտ չէ»: Իսկ միջազգային լրատվամիջոցները չեն բարձրաձայնում ճշմարտությունն այն պարզ պատճառով, որ լրատվական արդյունաբերությունը (media industry) անմիջական կախվածության մեջ է գտնվում քաղաքականությունից կամ թե քաղաքական դաշտի հիմնական խաղացողներից:

Այլ խոսքով՝ արցախահայության իրավունքների խնդրում գոյություն ունի շահերի բախում, որով էլ պայմանավորված է միջազգային լրատվամիջոցների լռությունը: Այս լռությունը խզելու մի փորձ է թերևս ամերիկացի լրագրող Նիլ Հաուերի X-ի միկրոբլոգում արված հետևյալ գրառումը. «Իրավիճակն այժմ Լեռնային Ղարաբաղում շատ պարզ է։ Տեղի իշխանությունները հանձնվել են, և Ադրբեջանը զանգվածային էթնիկ զտում է իրականացնում 120 հազար մարդու հանդեպ։ Կա՛մ խոսեք այդ մասին, կա՛մ հավերժ բերաններդ փակե՛ք մարդու իրավունքների մասին»:

Միջազգային կամ թե Արևմուտքի վարած քաղաքականությունն Արցախի հարցում որևէ մեկին չի ազատում, սակայն, պատասխանատվությունից և մանավանդ բոլոր այն պետություններին, որ միացել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին: Հռչակագրում ինչ որ ասված է մարդու, ազգերի իրավունքների և հիմնարար ազատությունների մասին հավասարապես վերաբերում է նաև Արցախի Հանրապետությանը և արցախահայությանը: Ավելին: Այն առհասարակ վերաբերում է յուրաքանչյուր ազգային խմբի՝ անկախ մարդաբանական տիպից և կրոնական պատկանելությունից, որ կարող է հայտնվել նման իրավիճակում:

Միջազգային քաղաքականության դերակատարների այս առևտրական մոտեցումն Արցախի Հանրապետության ճանաչման ձգձգված գործընթացին թույլ է տալիս եզրակացնել, որ մարդու իրավունքների հարցը, ընդամենը, կեղծ օրակարգ է: Այն առաջ է մղվում միջազգային խաղացողների, կառույցների և վերջապես լրատվամիջոցների գործուն մասնակցությամբ միայն այն դեպքում, երբ «Ուժային բևեռների» կառուցվածքի մաս կազմող որոշ երկրների շահեր համընկնում են:

Ստացվում է, որ Արցախը լքելու որոշումը, այսօր, արդեն բխում է տարածաշրջանի գլխավոր խաղացողների շահերից, իսկ մնացյալը, ընդամենը, հանդիսատեսի դերում են: Վերջին հարյուրամյակի ընթացքում Հայաստանը քանիցս բաց է թողել տարածաշրջանում գլխավոր խաղացողների բոլորակ մտնելու հնարավորությունը, որի արդյունքում առևտուր անողից վերածվել է առևտրի ապրանքի։

Միևնույն ժամանակ պետք է մի կողմ դնել միջազգային կառույցների մասին իդեալական, իրականությունից կտրված պատկերացումները, և ընդունել «նոր նորմալի» խաղի կանոնները՝ գործիքից դառնալով գործոն։ Ազգերի ինքնիշխանության իրավունքը թղթով չէ, որ նվաճվում է, այն շոշափելի իրականություն է դառնում միայն այն դեպքում, երբ երկիրն ի վիճակի է պաշտպանելու սեփական շահերը, եթե նրան, իհարկե, հաջողվել է դաստիարակել ներծին (ինդոգեն) վերնախավեր, այն է՝ սեփական արժեշահային համակարգի հիմքով կրթված սերունդ։

 

Գևորգ եպս․ Սարոյան

Մասյացոտնի Թեմի առաջնորդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930