Լրահոս
Օրվա լրահոսը

Առնվազն 50 քաղաքացի 82 ժամով ձերբակալվել է. Ռուբեն Մելիքյան

Սեպտեմբեր 22,2023 16:49

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի տվյալներով՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ, ի պաշտպանություն արցախահայերի անհնազանդության ցույցեր անող երկու քաղաքացի է կալանավորվել:

«Հիմնական ծավալն այսօր ու վաղն է լինելու, ժամանակային առումով կալանքի որոշումները նոր-նոր պետք է սկսեն»,- նկատեց իրավապաշտպանը:

Ըստ նրա՝ 82 ժամով ձերբակալված մոտ 50 քաղաքացի կա:

Ռուբեն Մելիքյան

«Ոստիկանների գործողությունների գնահատականը բխում է վերջին տարիներին նրանց գործողությունների գնահատականից: 2022 թվականին, երբ վայրագություններ էին կատարում, ոչ թե իրենք էին պատասխանատվության կանչվում, այլ՝ ցուցարարները: Այդ ոստիկաններից որեւէ մեկը ոչ միայն պատասխանատվության չենթարկվեց, նույնիսկ ծառայությունը չկասեցվեց: Դրա փոխարեն բազմաթիվ ձերբակալվածներ ցուցարարների շրջանում, մի մասը ազատ արձակվեց, որովհետեւ տեսագրություններ կային, մի մասը երկու ամսով պահվեց… Այսպիսի իրականություն տեսած ոստիկանները, բնականաբար, մեկ տարի հետո կպահեն իրենց սանձարձակ ձեւով, կկատարեն էլ ավելի անպատիժ վայրագություններ, որովհետեւ գիտեն, որ որեւէ մեկն իրենց նկատմամբ պատասխանատվություն չի կիրառելու: Իսկ Արեւմուտքն ու քաղաքացիական հասարակության արեւմտյան թեւը ձայն չի հանում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երկարաձգելու քաղաքական շահ ունեն, որ նորանոր կտորներ կորցնենք մեր հայրենիքից : Փաշինյանն ամբողջությամբ վայելում է նրանց հովանավորությունը, այդ պատճառով՝ ինչ էլ անեն, որեւէ արձագանք չի լինի»,- ասաց իրավապաշտպանը:

Մեր հարցին՝ ունի՞ տվյալներ, որ քաղաքացիներին բռնության ենթարկող ոստիկանները ալկոհոլի ազդեցության տակ են եղել, ոչ սթափ վիճակում, մեր զրուցակիցն ասաց՝ չի հանդիպել նման դեպքի:

Անդրադառնալով տեղեկություններին, թե քաղաքացիները դուրս են եկել պայքարի արտաքին ուժերի կողմից, մասնավորապես ՝ՌԴ-ի, մեր զրուցակիցն ասաց. «Արտաքին ուժերի կողմից, Արեւմուտքի կողմից հրահրված խոսակցություններ են: Տեսնում եմ, որ սա բացառապես ազգային շարժում է, ազգային շահը պաշտպանող շարժում է: Մի օրինակ բերեմ ընդամենը՝ Հայ-ռուսական սլավոնական համալսարանն այն եզակի ԲՈՒՀ-ից էր, որի ղեկավարությունը կոպիտ ձեւով, ապօրինի ձեւով արգելեց իր ուսանողներին մասնակցել դասադուլին»:

Իրավապաշտպանի տեղեկություններով՝ ոստիկանների կողմից բռնությունների ենթարկված 5 ցուցարար կա, որոնք հոսպիտալացվել են մարմնական ծանր վնասվածքներով, որից մեկը, ըստ նրա, հենց ցույցի առաջին օրն է եղել, երբ ոստիկանները կիրառել են լուսաձայնային նռնակ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930