Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մոտ բուժաշխատողներն այս պահին բողոքի ցույց են անում։ Նրանք կոմիտեի հայաստանյան պատվիրակությունից պահանջում են միջնորդել եւ կազմակերպել Արցախի վիրավորներին, որոնք համապատասխան բուժօգնություն չեն ստանում, անհապաղ տեղափոխել Հայաստան, ինչպես նաեւ ապահովել հայաստանյան բուժաշխատողների տեղափոխումն Արցախ՝ մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար։
«Մի՛ մոռացեք ձեր առաքելությունը, մի՛ շփոթեք չեզոքությունն անտարբերության եւ անգործության հետ։ Այս երեք օրերի ընթացքում ի՞նչ է արել Կարմիր խաչը, ինչի՞ համար է Կարմիր խաչը ստեղծվել, ինչի՞ համար է ձեր գրասենյակը Ժնեւում։ Ձեր մարդասիրական գործունեության կարեւոր բաղադրիչներից է հումանիտար աջակցություն ցուցաբերելը։ Ինչպե՞ս է ստացվում, որ այլ երկրներում դուք կարողանում եք այդ երկրի ժողովրդի շահերը ներկայացնել, իսկ երբ հարցը հասնում է Արցախում ապրող հային, դուք դառնում եք միջազգային կազմակերպություն ու հիշում ձեր չեզոքության մասին»,-հայտարարեցին ցույցի մասնակիցները։
«Այստեղ այն մարդիկ են, ովքեր չեն ուզում եւ պատրաստ չեն վիրավոր ընկերոջը թողնել մարտի դաշտում։ Այստեղ այն մարդիկ են, ովքեր երբեք անտարբեր չեն մնացել Արցախի համար։ Այստեղ այն մարդիկ են, ովքեր բազմիցս գնացել են Արցախ՝ կամավոր, տարբեր նախաձեռնությունների շրջանակներում, իրենց երդմանը հավատարիմ լինելով իրենց գործառույթներն են իրականացրել»,-ասաց բուժաշխատողներից մեկը։
Ցույցի մասնակիցները նշեցին, որ կոմիտեի հայկական գրասենյակը Արցախի Կարմիր Խաչից զեկույցն է ստանում, ուստի շատ լավ ծանոթ է իրավիճակին․ «Գիտեն, որ վիրավորները համապատասխան բուժօգնություն չեն կարողանում ստանալ, որովհետեւ 9 ամիս Արցախը սովամահ է լինում, բժիշկների, բուժաշխատողների պակաս կա։ Այս ամենը լավ գիտեք, ինչո՞ւ չեք գործում։ Մեզ մի՛ ուղարկեք տարբեր տեղեր՝ կառավարություն, դեսպանատներ, այդ հասցեների տեղերը մենք շատ լավ գիտենք։ 9 ամիս է՝ այդ դռներն ենք ծեծում, այդ թվում՝ ձեր»։
Կարդացեք նաև
Ցույցի մասնակիցները պահանջում են իրենց ընդունել, լսել ու պարզաբանել, թե ինչ է պատրաստվում անել Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակը։
Բուժաշխատողների մի խումբ հրավիրվեց գրասենյակ։ Թե ինչ են քննարկել Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ՝ կներկայացնենք առաջիկայում։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ