Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարելի նստել Գյումրու սրճարաններում ու ձևացնել, թե ոչինչ չի եղել»․ իրազեկման ցույց՝ բուհերում, փողոցներում

Սեպտեմբեր 22,2023 15:04

Տեղեկացրել ենք, որ այսօր Շիրակի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ՝ խիստ մտահոգ Արցախում տիրող իրավիճակով, դասադուլ են հայտարարել՝ պահանջելով վերջ դնել ցեղասպանությանը, անհապաղ բացել Լաչինի միջանցքը։ Նրանք հայտարարում էին, որ արցախցին միայնակ չէ։
Ուսանողները նաև շեշտում էին, որ իրենց դասադուլն ապաքաղաքական է, և որ իրենց չհամարձակվեն կապել որևէ քաղաքական ուժի հետ։ Իրենք ոտքի են ելել, որ թույլ չտան պատմության արյունոտ էջերը կրկնվեն։

«Անտարբեր մի եղեք, միացեք խաղաղ ցույցին՝ հանուն Արցախի ժողովրդի, դուք դաս եք անում, արցախցիներին այնտեղ ցեղասպանում են, մեր զինվորներին մորթում են, հայրենասեր լինել, չի նշանակում ստատուսներ գրել սոցիալական ցանցերում։ Հայրենասիրությունն այն է, երբ պաշտպանում եք ձեր ազգին, թույլ չեք տալիս բնաջնջվի։ Հիմա այս դասադուլով ձայն ենք բարձրացնում ի լուր աշխարհի, որ չենք թույլատրելու մեզ բնաջնջելու, մենք արցախցիների կողքին ենք»,-ասում էին ուսանողները։

Շիրակի պետական համալսարանի ուսանողները խնդրում էին անտարբեր չլինել, երբ Արցախում երեխաներ են սպանվում, տղամարդկանց են հավաքագրում։

«Անտարբերությունը սպանեց այս ազգին, դուրս եկեք ու ցույց տվեք, որ տեր ենք մեր ապրելու իրավունքին, ցույց տվեք, որ Արցախը մենակ չէ․ պատմական Հայաստանի տարածք է, մեր պապերն Արցախն են ազատագրել, արյուն է թափվել»,-ասում էին դասադուլավորները։

Նրանք նշում էին՝ եթե ձեր լռությամբ թույլ եք տալու արցախցիներին ցեղասպանվելու, ուրեմն հաջորդը ձեր հերթն է գալու։

«Մի եղեք պոլսահայերի պես, որոնք սրճարաններում նստած՝ սուրճ էին խմում՝ մտածելով, որ կոտորածի հերթը իրենց չի հասնում։ Պատմության սխալները մի կրկնեք, էսօր արցախցին կգաղթի, վաղը դուք։ Ուշքի եկեք»,-կոչ էին անում ուսանողները։

Ի դեպ, նրանց մեծ մասը պատմության բաժնի ուսանողներ էին ու իրենց ելույթներում նկատելի էր՝ Հայոց պատմության դրվագներին մանրամասն տիրապետելը։
Քիչ անց նրանց միացան Գյումրու Թատերական հրապարակում հավաքված գյումրեցիները, որոնք հերթով շրջել էին բոլոր բուհերով ու իրազեկել՝ ժամը 16․00-ին հավաքել Թատերական հրապարակում, որտեղ բողոքի ցույց է տեղի ունենալու։

Ի դեպ, նրանք ևս շեշտում էին, որ բողոքի ցույցը լինելու է ապաքաղաքական, կա մտահոգության մի թեմա՝ հայրենիքն է, ցեղասպանվող արցախցին է։ Ըստ նրանց, քաղաքական ուժերն ու նրանց շահերը ոչ մեկին չի հետաքրքրում։

Իրազեկման ցույցի մասնակիցներից մեկը, որը դասադուլավորների հետ մտավ Շիրակի պետական համալսարանի մի լսարան, որտեղ դաս էին անցկացնում, ասաց․ «Չի կարելի նստել Գյումրու սրճարաններում ու ձևացնել, թե ոչինչ չի եղել, իսկ մենք այսօր ականատես ենք այդ տեսարանին։ Սա աններելի է, ինչպե՞ս կարելի է ձայն չհանելով ապրել, ազգի ցեղասպանությունն Արցախում հանդուրժել»։

Երբ նա հիշեցրեց հանուն Արցախի ընկած հայրերի ու եղբայրների մասին, լսարանում նստածները սկսեցին լաց լինել։

Իրազեկման ցույցի մասնակիցը նաև նշում էր, որ ինքը երբևէ կուսակցական չի եղել, անգամ կոմունիստական կուսակցության շարքերը չի համալրել, երբ ԽՍՀՄ տարիներին պարտադիր էր, իրեն հետաքրքրողը հայրենիքն է ու թույլ չի տա՝ այն կործանման տանեն։ Նախազգուշացնում էր՝ չհամարձակվեն իրենց որևէ քաղաքական ուժի հետ կապել։

Քիչ հետո՝ ժամը 16․00-ին Գյումրու Թատերական հրապարակում կսկսվի ցույց։

Մինչ այդ իրազեկման ցույցի մասնակիցները փակել էին Գյումրու գլխավոր փողոցներից մեկը՝ հետիոտների համար նախատեսված մասում գնալով-գալով, այս միջոցով նրանք ավտոմեքենաների վարորդներին հարկադրում էին կանգնել ու իրազեկում էին ցույցի մասին։

Իրազեկման ցույցի մասնակիցներին ուղեկցում էին Շիրակի մարզի բարձրաստիճան ոստիկաններ, որոնք մտահոգ էին՝ հանկարծ միջադեպեր չլինեն։ Ի պատասխան՝ ցույցի մասնակիցները նշում էին, որ այսօր միջադեպերի ժամանակը չէ, համախմբման, հայրենիքին տեր կանգնելու ժամանակն է։

Իրազեկման ցույցեր տեղի ունեցան նաև Գյումրու փողոցներում՝ ավտոմեքենաներով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930