Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ԱՄՆ-ն չի տարհանում արցախցիներին, ուրեմն մասնակցում է ցեղասպանությանը, նույնն է անում, ինչ թուրքերն ու ռուսները»

Սեպտեմբեր 22,2023 14:45

Արցախից տեղահանված քաղաքացիներն այսօր դարձյալ հավաքվել էին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան շենքի մոտ՝ պահանջելով, որպեսզի ԱՄՆ-ն միջամտի Արցախում տեղի ունեցող ցեղասպանական գործողություններին։

«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը հիշեցրեց, որ իրենք օրերս դիմել էին ԱՄՆ դեսպանատանը՝ պահանջելով, որ ամերիկյան կողմը տարհանի Արցախի հայերին, որոնց կյանքին վտանգ է սպառնում։ Ամերիկյան կողմից արցախցիների այս պահանջին պատասխան դեռ չկա։ «Մենք նախորդ հանդիպման ժամանակ ասել ենք, որ գալու ենք պատասխանի հետեւից, միշտ մեզ լսում եք, բայց այս անգամ մեզ լսելը բավարար չէ, ուզում ենք պատասխան լսել։ Մեր պահանջն այն է, որ Ամերիկան իր դիրքորոշումը հստակ ասի։ Եթե Ամերիկան մնացած երկրների նման հայտարարում է, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում, այդ դեպում այնտեղի հայությանը պետք է էվակուացնի։ Եվ պետք է էվակուացնի ԱՄՆ-ն, քանի որ ռուսներն ուկրաինացի երեխաների նման մեր երեխաներին գողանալու են տանեն Ռուսաստան՝ ստրկության։ Իսկ արցախցի տղամարդկանց թողնելու են գերի Ադրբեջանի ձեռքին, համակենտրոնացման ճամբարի նման մի բան  են սարքելու, թողնեն այնտեղ։ ԱՄՆ-ն պետք է մտածի արցախցիների տարհանման մասին, մենք սրա պատասխանն ենք ուզում լսել։

Մենք ամերիկյան կողմին բազմաթիվ անգամ ասել ենք՝ եթե ուզում եք Արցախին օգնել, Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչեք, որովհետեւ հայ ժողովրդի բոլոր ցեղասպանությունները կատարվել են այն տարածքներում, որտեղ մենք չենք ունեցել հայկական ինքնիշխանություն։ Եթե Արցախում չունենանք հայկական ինքնիշխանություն, մի քանի տարի հետո ցեղասպանությունը կրկնվելու է։ Մենք ունեցել են հոծ հայություն՝ Բաքվից մինչեւ Արցախ, Շամախի, Գանձակ, Ուտիք, Գարդմանք, եւ հայկական իշխանության պակասի պատճառով այս բնակավայրերում հայերը ռուս-թուրքական դաշինքի հետեւանքով ցեղասպանվել են։ Եվ սա չի կանգնելու, նրանց նպատակը հայության վերացումն է այս տարածաշրջանում։ Եթե Ամերիկան աջակցում է այս ծրագրերին, թող հայտարարի, եթե ոչ՝ թող ճանաչի Արցախի ինքնորոշումը եւ անջատի Ադրբեջանից»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայրյանը։

Նա նաեւ հավելեց, որ ռուս-թուրքական դաշինքը ԱՄՆ-ին պարբերաբար «քշում» է այս տարածաշրջանից։ «Եվ եթե հիմա էլ իրենց 1920 թվականի նման պահեն, նորից նրանց 100 տարով այստեղից վռնդելու են»,- ընդգծեց Հայրյանը։

«Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանը ԱՄՆ դեսպանատան աշխատակցի հետ զրույցում ներկայացրեց իրենց պահանջները․ «Թող իրենք ասեն, որ չեն ուզում Արցախի հայերին տարհանել, որ մենք հասկանանք, որ ԱՄՆ-ն  ուզում է, որ 120 հազար արցախցիներ կոտորվեն այնտեղ։ Եթե ԱՄՆ-ն չի տարհանում արցախցիներին, ուրեմն մասնակցում է ցեղասպանությանը, նույնն է անում, ինչ ռուսներն ու թուրքերը։ Մենք հստակ պատասխան ենք ուզում իրենցից, թող իրենց պատասխանեն»։ Մարգարիտա Քարամյանը նշեց, որ եթե իրենց պատասխան չտան, կտրուկ քայլերի են դիմելու։

Արցախցիներն այսօր նաեւ նույնաբովանդակ պահանջներ ներկայացրեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը։ Լեւոն Հայրյանն ասաց, որ մոտ երկու ամիս առաջ ընդունելություն են խնդրել, բայց մինչ օրս իրենց դեռ չեն ընդունել։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930