Քիչ առաջ Վազգեն Սարգսյան փողոցի եւ Հանրապետության հրապարակի հատվածում կարմիր բերետները կրկին սկսեցին բիրտ ուժով բերման ենթարկել քաղաքացիների:
Այդ թվում սկսեցին քաշքշել Mediahub-ի լրագրողի թեւից եւ TV5-ի օպերատորին սկսեցին հրել: Երբ լրագրողները սկսեցին աղմկել, ասել՝ ի՞նչ իրավունք ունեք քաշքշել լրագրողի թեւից, ոստիկանները սկսեցին արդարանալ, թե՝ թեւից քաշում էինք, որ մեքենայի տակ չընկներ:
Կարդացեք նաև
Ամիրյան փողոցում ոստիկանները հեռացնում էին արցախցի կանանց, որոնք փողոց էին փակել: Նրանք հակադարձում էին՝ բացող եք՝ Արցախի ճանապարհը բացեք, մեր հարազատները սովամահ են լինում այնտեղ:
Հանրապետության հրապարակի ցուցարարներին միացան Ամերիկյան համալսարանի եւ Ֆրանսիական համալսարանի ուսանողները, որոնք դասադուլ են անում:
Մինչ այդ դասադուլին միացել էին ԵՊՀ-ի, Բրյուսովի, Մանկավարժականի, Կոնսերվատորիայի, Բժշկական եւ Եվրոպական համալսարանների ուսանողները:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ