Լրահոս
Օրվա լրահոսը

Չե՞ս կարողանում ասել, որ այս ժողովուրդը, այս տարածքը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել. Օսկանյանը` Արարատ Միրզոյանի ելույթի մասին

Սեպտեմբեր 22,2023 12:54

Այո, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հայաստանի Հանրապետության անկախության օրը «շատ լավ» նկարագրեց Ադրբեջանի կողմից վերջին վայրագությունները, հուզվեցի՝ նույնիսկ աչքիցս արցունք եկավ, բայց ես սպասում էի, որ վերջում ոչ թե ասեր, որ Արցախի բնակչության իրավունքները և անվտանգությունն ապահովվի, այլ կարողանար մի քիչ ավելին ասել, արցախցին դրա իրավունքն ուներ: Մի՞թե չկարողացավ լեզուն պտտել, մի քիչ համարձակ խոսք ասեր՝ ի պաշտպանություն Արցախի և Հայաստանի, ո՞րն էր խնդիր, չե՞ք ուզում, թե՞ չգիտեք ինչ ասել: Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում հնչած ելույթներին, հատկապես Արարատ Միրզոյանի:

Նախկին արտգործնախարարի խոսքը շատ զգացական էր, երկարամյա դիվանագետը չէր կարողանում տեսանյութում թաքցնել իր զայրույթը:

«ՀՀ ԱԳ նախարարի ելույթը կարելի էր համարել ինչ որ չեզոք, միջազգային կազմակերպության խոսք, որը զբաղվում է մարդու իրավունքներով, չգիտեմ՝ ասենք, «Կարմի խաչի», թե ում զեկույցը ոնց որ լիներ: Վերջում էլ ՀՀ ԱԳ նախարարը պարզապես կոչ է անում Անվտանգության խորհրդի անդամներին, թե ինչ-որ քայլեր արեք ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները: Իսկապե՞ս, այդ բոլորից հետո ո՞րն էր խնդիրը, որ չասաց, թե այսքանից հետո դուք ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի հայ բնակչությունը, հայ ժողովուրդը ապրի այս ռեժիմի տակ, ո՞նց եք պատկերացնում, որ 30 տարի ժողովրդավարությամբ ապրած այս ժողովուրդը գնա ավտորիտար, դիկտատոր ռեժիմի տակ ապրի: Այս բոլորը դրա ապացույցը չէ՞, ընդունել եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ջհանդամը ընդունել եք: Չէ՞ր կարող ասել, գոնե ասեր, որ այս մարդիկ չեն կարող Ադրբեջանի սովորական քաղաքացի լինել, ինչպես Ադրբեջանի ԱԳ նախարարն է ասում, թե իբր իրենք մեր սովորական քաղաքացիներն են: Չե՞ս կարողանում ասել, որ այս ժողովուրդը, այս տարածքը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել, որ այս մարդիկ 30 տարի ժողովրդավար երկրում են ապրել, 5 նախագահ են ընտրել, իսկ Ադրբեջանում ավտորիտար, կլանային համակարգ է՝ հորից որդուն է իշխանություն անցել և շուտով, երևի, կնոջը: Այդտեղ նստածներն այդ լեզուն են հասկանում: Չէ՞ր կարող ասել, որ էս մարդիկ նվազագույնը Ադրբեջանի կազմում ինքնավար կարգավիճակ պետք է ունենան», – նշեց Վարդան Օսկանյանն ու ավելացրեց, – «Ո՞վ եք դուք, ընդհանրապես, էս ժողովուրդը ձեզ ի՞նչ է արել, որ այսքան վնաս եք տալիս, արցախահայը ձեզ ի՞նչ է արել: Ո՞նց կարելի էր նման առիթը կորցնել»:

Մանրամասները՝ տեսանյութում.

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930