Երեւանի փողոցներում անհնազանդության գործողությունները, բողոքի ցույցերը շարունակվում են: Կարմիր բերետավորները բիրտ ուժով բերման են ենթարկում փողոցները փակող քաղաքացիների: Քիչ առաջ Ամիրյան փողոցում ոստիկանները բերման ենթարկեցին մի շարք քաղաքացիների:
Կարդացեք նաև
Բերման ենթարկվածներից մեկը ոստիկանական ավտոբուսի պատուհանից գլուխը հանելով՝ սկսեց բղավել. «Արցախը անկախ պետք է լինի, կեցցե՛ Արցախի անկախությունը, կեցցե՛ն արցախցիները»:
Ոստիկանները բերման ենթարկեցին նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանին: Քաղաքացիները գոռում էին՝ նա պատգամավոր է, անձեռնմխելիություն ունի, բայց դա ոստիկաններին չէր կաշկանդում: Հիշեցնենք, որ Մելքոնյանը մանդատը ստանձնել է Անդրանիկ Թեւանյանի հրաժարականից հետո՝ նրա փոխարեն:
Այս պահին երթով քաղաքացիները Ամիրյանից շարժվում են դեպի Սարյան՝ իրազեկման գործողություն իրականացնելով: Նրանք հայտարարում են՝ «մեր նպատակն է շատ մարդկանց տներից հանել, տանել հրապարակ՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ