Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի դպրոցներում իրականացնում են դասադուլներ։
Դասադուլին են միացել նաև բուհերը։
Կարդացեք նաև
Այս պահին Հանրապետության հրապարակում են Շառլ Ազնավուրի անվան արվեստի և մշակույթի պետական քոլեջի ուսանողները։ Նրանք լրագրողների հետ զրույցում ասացին․ «Ոչ մեկին չենք ստիպել, խաղաղ դասադուլ ենք հայտարարել։ Ով ցանկացել է, միացել է մեզ, ով էլ՝ ոչ, ժամանակի ընթացքում կմիանա։ Քոլեջի տնօրինությունը մեր կազմակերպած դասադուլից տեղյակ է, ասացին՝ հանրահավաքին մասնակցելը ձեր իրավունքն է»։
Լրագրողների այն հիշեցմանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խաղաղություն է խոստանում, քոլեջի ուսանողներից մեկն այսպես արձագանքեց․ «Անհնարին է, որ մենք կարող ենք ապրել խաղաղ։ Ես կորցրել եմ չորս ախպեր։ Լինելով անչափահաս՝ հայտարարում եմ, որ Նիկոլի կառավարությունը հայասեր չէ։ Եղբայրներ եմ կորցրել Սոթքում, Սյունիքում, ես վստահ եմ, որ եթե Արցախը տվել են, Սոթքը, Սյունիքը ևս կտան գործող իշխանությունները։ Մեր տնօրինությունն ասել է՝ կարող եք գնալ ցույցի, բայց իրենք մեզ հեռացնում են քոլեջից։ Մեր հարցը դնում են հեռացման»։
Հրապարակում հավաքված քաղաքացիներն ուսանողներին ասացին․ «Էրեխեք, ձեր կողքին ենք»։
Ըստ Ազգային կոմիտեի՝ դասադուլին են միացել նաև ԵՊՀ Արևելագիտության ողջ ֆակուլտետի ուսանողները։
Համապետական դասադուլին են միացել նաև Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողները։
ԵՊԿ ուսանողական խորհրդի տարածած հայտարարության մեջ նշված է․ «Սիրելի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներ, կապված Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ, ԵՊԿ ուսանողական խորհուրդը հայտարարում է դասադուլ, որի նպատակն է հասցնել բոլորին ուսանողի ձայնը` Արցախի մեր հայրենակիցների կարգավիճակի մասին։ Տվյալ որոշումը հաստատվել է ՈւԽ նախագահության կողմից ԵՊԿ ուսանողների խնդրանքով։ Տվյալ միջոցառումը կազմակերպվում է արցախցիների և ԵՊԿ արցախցի ուսանողներին սատարելու նրանց աջակցելու համար։ Նշենք, որ յուրաքանչյուր ուսանող ունի ընտրության իրավունք, և մենք իրավասու չենք դատելու ուսանողի կարծիքն ու որոշումը, և ոչինչ չենք պարտադրում։ Արցա՛խ, ԵՊԿ-ն քո կողքին է։ Տվյալ միջոցառումը իր մեջ քաղաքական ոչ մի միտում և հայացք չի պարունակում»։
«Հայաստան» դաշինքի անդամ Հովհաննես Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տնտեսագիտական համալսարանում 30 րոպե է դասապրոցես իրականացվող լսարան են փնտրում մեր թիմակիցները՝ չեն գտնում»։ Նա նշել է նաև՝ «Մանկավարժական համալսարանն ամբողջությամբ դատարկ է»:
Դասադուլի մասնակիցները խմբերով միանում են անհնազանդության գործողություններ իրականացնող երիտասարդներին։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ