Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրերում վավերականության ժամկետի վերաբերյալ նշումը, այսինքն՝ կլոր կնիք ունենալու պահանջը, չեղարկվում է։ Այս մասին որոշման նախագիծը կառավարությունը հաստատեց այսօրվա նիստում։
Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 25.12.1998թ. թիվ 821 որոշմամբ սահմանված անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշում կատարելու վերաբերյալ դրույթները ճանաչել ուժը կորցրած։
Որոշումը կգործի 2024-ի հունվարի 1-ից։
Կարդացեք նաև
Նախագիծը զեկուցող ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ասաց, որ առաջարկվող փոփոխությունը միջնաժամկետ լուծում է, քանի որ սույն որոշմամբ սահմանված անձնագրերը տրամադրվելու են մինչեւ բիոմետրիկ համակարգի ամբողջական ներդրումը։
Նա նաեւ հայտարարեց, որ եռամսյա ժամկետում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը օտարերկրյա պետություններին կիրազեկի, որ այլեւս ՀՀ անձնագրերում կլոր կնիք ունենալու պահանջ չկա, որպեսզի այլ պետությունների սահմանային անցման կետերում մեր քաղաքացիները որեւէ խնդրի չբախվեն։
Փոխնախարարն ասաց, որ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության /ICAO 9303/ կողմից հաստատված՝ անձը հաստատող փաստաթղթերին ներկայացվող ստանդարտներով սահմանված չէ անձնագրում նման նշում կատարելու պահանջ:
«Անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի նշում կատարելու գործողությունը ավելորդ անհարմարություններ է առաջացնում ինչպես քաղաքացիների, այնպես էլ վարչական մարմնի համար՝ առաջ բերելով լրացուցիչ հերթեր, դժգոհություններ։ Ըստ վիճակագրական տվյալների՝ ՀՀ ՆԳՆ ՄԾՔ անձնագրային եւ վիզաների վարչության եւ տարածքային անձնագրային ծառայությունների կողմից նշված գործողության քանակը տարեկան կազմում է 500․000-600․000», – նշված է որոշման նախագծում։
Նախագիծը, ընդունման դեպքում, ՀՀ պետական բյուջեում առաջ կբերի եկամուտների նվազեցում։
Մասնավորապես՝
Որոշման նախագծի հիմնավորման մեջ նաեւ նշված է, որ նախագծի ընդունման արդյունքում կբարելավվի նաեւ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, քանի որ քաղաքացիները ստիպված չեն լինի ՀՀ-ից մեկնելու յուրաքանչյուր դեպքում այցելել ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն՝ անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի նշում կատարելու համար, ինչն էլ իր հերթին կթեթևացնի անձնագրային ծառայություններում գոյացող հերթերը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ