«Այս պահին ունենք մի շարք ձերբակալվածներ, մեր կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է, կարծես մեղադրանք են առաջադրում», – ՀՀ կառավարության շենքի առաջ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա հայտնեց, որ իրենցից մի քանիսը կբարձրանան Քննչական կոմիտե, մյուս մասը կմնա այստեղ և մյուսները շարունակեն բողոքի ակցիաները։
Քաղաքացիները գոչում են՝ «Նիկոլ հեռացիր»։
Նշենք, որ ՀՀ կառավարության շենքի մուտքերի մոտ ՀՀ կառավարության անդամներին սպասող քաղաքացիներին այդպես էլ չհաջողվեց նրանց «բռնացնել»։
Կարդացեք նաև
Իշխան Սաղաթելյանն ասաց, որ «անհնազանդության գործողություններին միացող բավարար թվով քաղաքացիներ ունենալու պարագայում ոստիկանական պատնեշները չեն կարողանալու այլևս միջանցք բացել դավաճանի համար»։ Նշեց, որ իրենց նպատակն է առաջիկա օրերին անհնազանդության գործողություններով՝ դասադուլներով, գործադուլներով, հասնել այն վիճակին, որ այս իշխանությանը ծնկի բերենք․ «Ունենք մի վիճակ, որ նախկինում չենք ունեցել՝ ապակենտրոն ցանցային պայքարն է։ Տարբեր խմբեր ինքնակազմակերպվելով՝ իրականացրել են բազմաթիվ ակցիաներ»։
Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց՝ մինչև ժամը 18։00 կազմակերպված խմբերով քաղաքացիները շարունակելու են անհնազանդության գործողությունները, իսկ ժամը 18։00-ին կհավաքվեն Հանրապետության հրապարակում՝ հանրահավաքի։
Նա կոչ արեց բոլոր հայրենակիցներին դուրս գալ փողոց։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ