Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկրի ղեկավարությունը գտնվում է օտար ագենտների ձեռքում։ Հիմա ի՞նչ ագենտների մասին եք խոսում»․ Վազգեն Մանուկյան

Սեպտեմբեր 22,2023 11:25

«Կամ շենքը պետք է փոխեր, կամ ժամը։ Ժամն առաջ գցեցին՝ ժամը 10-ին սկսեցին։ Կարճ նիստ է լինելու, մինչև այդ էլ մեր բոլոր տղաներին ձերբակալել են։ Անդրանիկ Թևանյանն էլ է ձերբակալված։ Սպասվող բան էր սա», – ՀՀ կառավարության շենքի առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ կառավարության նիստից հետո փորձելո՞ւ են քաղաքացիները փակել Նիկոլ Փաշինյանի ճանապարհը, Վազգեն Մանուկյանը պատասխանեց․ «Այս ոստիկանական ուժերի պայմաններում ոստիկանության հետ կռիվ անել, Նիկոլ Փաշինյանի ճանապարհ փակելը չեմ կարծում, որ իմաստալից է»։

Ըստ Վազգեն Մանուկյանի՝ այն, որ Նիկոլ Փաշինյանը, ժողովրդից վախենալով, իր որոշումներում փոփոխություններ է մտցնում, սա արդեն ձեռքբերում է։ Հայտնեց, որ այսօր էլի կշարունակվեն անհնազանդության ակցիաները, ժամը 18։00-ին հանրահավաք կլինի, կամփոփվի կատարվածը, ՄԱԿ-ի ԱԽ նիստը։ Հարցին՝ հստակ ճանապարհային քարտեզ կա՞, թե ինչ են անելու, որ եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա ու Ադրբեջանը հարձակվի․ «Ես չեմ մերժում, որ նման հավանականություն կա։ Եթե Նիկոլը մնում է ու ինքն է Ադրբեջանի ներկայացուցիչը ՀՀ-ում, անընդհատ շարունակվելու են պատերազմները։ Ոչ թե ստորագրում ու տալիս է, այլ համաձայնում է, հետո աչքերը փակում, երբ սկսվում են ռազմական գործողությունները»։

Վազգեն Մանուկյանն ասաց, որ նախորդ շարժումներից սա տարբերվում է նրանով, որ արդեն Նիկոլ Փաշինյանը ժողովրդի շրջանում չունի այն կշիռը։

Իսկ թե ինչու տապալվեցին նախորդ շարժումները, ըստ Վազգեն Մանուկյանի՝ պատճառն այն էր, որ որոշ կուսակցություններ համաձայնեցին գնալ ընտրությունների։

Լրագրողները նշեցին՝ կարծիքներ կան, որ դրսի ուժերը՝ հատկապես ՌԴ-ն է ուղղորդում ընդդիմության գործողությունները, Վազգեն Մանուկյանը պատասխանեց․ «Երկրի ղեկավարությունը գտնվում է օտար ագենտների ձեռքում։ Հիմա ի՞նչ ագենտների մասին եք խոսում։ Այն, ինչ կատարվում է ՀՀ-ում, արհեստակա՞ն է, այն, որ ժողովուրդը բորբոքված է Արցախի հանձնումով, դա դրսի՞ց է կազմակերպված։ Իսկ ընդդիմադիր գործիչների մեջ կան շատ տարբեր ուղղությունների ներկայացուցիչներ»։

Հարցին՝ որպես վարչապետ Ձեր թեկնածությունը քննարկվե՞լ է կամ նախկին նախագահների, Վազգեն Մանուկյանը պատասխանեց․ «Ոչ մի այդպիսի հավակնություն չունեմ։ Ես գտնում եմ՝ երեք նախկին նախագահներից ոչ մեկը ՀՀ-ի ղեկավար չպետք է լինի։ Սխալ է հետ գնալը։ Ամեն մեկն էլ իր դրականն ու բացասականն արել է, բայց մենք ուզում ենք գնալ առաջ, առաջ գնալու համար նախկին ղեկավարներին բերելը ճիշտ չէ»։

Այն, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե կոշտ արձագանք է լինելու, այդ առիթով Վազգեն Մանուկյանն ասաց․ «1988-ին՝ շարժման ժամանակ էլ մտածում էի՝ ի՞նչ կարող է լինել, մտածում էի՝ պիտի բռնե՞ն կամ խորհրդային բանակը մտնի, գնդակահարեն։ Բայց մտածում էի՝ դա ի՞նչ վատ բան կարող է բերել մեր երկրին՝ ոչ տարածքային կորուստ է, ոչ այլ վտանգ։ Հիմա էլ նույնն է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930