Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց՝ մեր գործողություններում ամեն ինչ պիտի անենք, որպեսզի մեր հայրենակիցները իրենց տներում առանց վախի, արժանապատիվ, անվտանգ ապրելու հնարավորություն ունենան
«Մեր դիրքորոշումը կապված ԼՂ մեր հայրենակիցների Հայաստան հնարավոր տեղափոխման հետ՝ մենք գնահատում ենք, որ սա տեղի կունենա եւ կարող է տեղի ունենալ այն պայմաններում, երբ արձանագրվի մեր հայրենակիցների Լեռնային Ղարաբաղում մնալու անհնարինությունը։ Այսինքն՝ եթե այս իրավիճակը շարունակվի։ Մենք գնահատում ենք, որ այս պահին առկա է այդ անհնարինությունը։ Եթե իրավիճակը չբարելավվի, այդ խնդիրը բոլորիս օրակարգում կլինի»,-այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա խոսքով՝ սեպտեմբերի 19-ին գործողությունների մեկնարկի օրը հանձնարարական է տվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, որպեսզի կառավարության գործընկերների հետ քննարկի հնարավոր մարդկանց ՀՀ հոսքի դեպքում ինչպես եւ ինչով ենք աջակցելու մեր հայրենակիցներին։ Ըստ Փաշինյանի՝ ավելի քան 40 հազար կեցության տեղ է նախապատրաստվել, զուգահեռ՝ առողջապահական, սննդի եւ այլ պատրաստություններ։
«Սա ԼՂ-ի հետ համաձայնեցված դիրքորոշումն է՝ մեր պլան Ա-ն ԼՂ-ն հայաթափելը չէ: Մեր գործողություններում ամեն ինչ պիտի անենք, որպեսզի մեր հայրենակիցները իրենց տներում առանց վախի, արժանապատիվ, անվտանգ ապրելու հնարավորություն ունենան։ Ըստ էության, ՄԱԿ ԱԽ քննարկման առանցքային շեշտադրումը, որի շուրջ գործնականում կար կոնսեսուս, հենց սրա մասին էր եւ հենց սրանով էլ պետք է առաջնորդվենք», – ասաց Փաշինյանը։
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ տեղեկատվական դաշտում Հայաստանի Հանրապետության դեմ տեղի է ունենում հիբրիդային պատերազմ. «Այս առումով մենք պետք է առավել ուշադիր լինենք եւ հանրության հետ մեր հաղորդակցությունն առավել ակտիվ պետք է պահենք եւ շատ կարեւոր է պահել պաշտոնական տեղեկատվության վստահելիությունը։ Այսինքն, ինչ ասում ենք, պետք է մի քանի անգամ ստուգենք, վերստուգենք հետո հրապարակենք»։
Փաշինյանն անդրադարձավ երեկվա իր հայտարարությանը, որտեղ ասել էր՝ հիմա այսօր, այս պահին մենք գնահատականն այն է, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա, ընդ որում գիտենք նաեւ, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանում գտնվում է (իրենք այսօր հայտարարեցին), շուրջ 1200-1300 քաղաքացիներ, երեխաներ, որոնց նկատմամբ նրանք հոգ են տանում և, իհարկե, նաև գիտեք, որ մենք էլ հնարավոր միջոցները պատրաստ ենք ձեռնարկել, Լաչինի միջանցքի փակ լինելու մեջ է խնդիրը։
«Իմ գնահատականն երեկ երեկոյանն այն էր, այսօր էլ մի փոքր, շատ քիչ դրական իմաստով բարելավվել է, որ ուղիղ սպառնալիք քաղաքացիական բնակչության կյանքին այս պահին չկա։ Բայց էլի եմ ասում՝ իրադրությունը ցանկացած պահի կարող է փոխվել։ Ես այս հայտարարությունը չէի անի, եթե դինամիկայի մեջ էլ չտեսնեի որոշակի միտումներ, որոնք նման հայտարարություն անելու հնարավորություն տալիս են։
Կրկնում եմ՝ Հայաստանի Հանրապետությունն առաջին օրից պատրաստվել է իրադրության բոլոր հնարավոր սցենարներին, երբ ասում ենք պատրաստվել ենք, պատրաստվել ենք մեր կարողություններին եւ տրամաբանությանը համապատասխան եւ կարող ենք ավելին էլ անել, ոչ մի բան չենք խնայի։ Երեկվա իմ ասածները կարող եմ վերահաստատել, որովհետեւ այսօր առավոտյան ստացած տեղեկությունները հույս են տալիս, որ կարող ենք ունենալ դրական դինամիկա»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ