«Մենք մշտական կապի մեջ ենք Լեռնային Ղարաբաղի գործընկերների հետ եւ այսօր առավոտյան ունեցած քննարկումների արդյունքում կարող ենք արձանագրել, որ իրադրության դրական տեղաշարժի որոշակի հույսեր կան եւ դա ԼՂ մեր մի շարք գործընկերների գնահատականն է, որը մենք ինչ-որ առումով կիսում ենք։ Երբ ասում ենք՝ դրական զարգացումների հույսեր կան, նկատի է առնվում, որ Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի բնակիչները, մեր հայրենակիցները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ», – այս մասին այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ մենք արձանագրում ենք, որ իրավիճակը դինամիկ է եւ փոփոխական․ «Այսինքն, այս պահին ունեցած մեր տեղեկությունը կես ժամից կարող է փոխվել։ Բայց շատ կարեւոր է, որ ամեն պահի ունենանք ճշտված եւ ճշգրտված տեղեկություն այդ պահի մասին եւ որոշակի պատկերացումներ դինամիկայի մասին։ Նաեւ որոշակի հույսեր կան հումանիտար իրադրության բարելավման մասին։ Չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակներ մտնեն Լեռնային Ղարաբաղ։ Հիմա ավելի մանրամասն չեմ կարող ասել, որովհետեւ կան որոշակի պայմանավորվածություններ, այս պահին դրանց իրագործումը պետք է մեկնարկի։ Կմեկնարկի, թե՝ ոչ, չեմ կարող ասել, բայց, որ կան որոշակի պայմանավորվածություններ՝ դա հստակ է»։
Փաշինյանն ասաց նաեւ, որ Լեռնային Ղարաբաղում իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված, հումանիտար ճգնաժամը շարունակվում է։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ