Լրահոս
Օրվա լրահոսը

Մետաքսե Հակոբյան. Շատ են գյուղերը, որոնք չորս կողմից շրջափակված են ադրբեջանցիներով, եւ այս պահին իրենց մոտ մուտքն ու ելքն անհնար է .«Հրապարակ»

Սեպտեմբեր 22,2023 10:21

Արցախից ահասարսուռ տեղեկություններ են տարածվում այն մասին, որ մինչ Եվլախում բանակցություններ են ընթանում, ադրբեջանցիները ներխուժել են Ստեփանակերտ եւ տարբեր վայրագություններ են իրականացնում։ Մեզ հաջողվեց կապ հաստատել ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ, որը չհաստատեց տարածված տեղեկությունների մեծ մասը։

Տիկին Հակոբյան, ի՞նչ է այս պահին կատարվում Ստեփանակերտում, ահասարսուռ տեղեկություններ են հասնում․․․

– Ստեփանակերտում այս պահին մարդիկ անտեր-անտիրական են, կառավարությունն իր հնարավորությունների սահմաններում փորձում է օգնել, մարդիկ են իրար օգնում, միմյանց տներում են հավաքվում, սպասողական վիճակ է, սպասում են՝ մինչեւ Եվլախից մեր բանակցողները վերադառնան։ Ինքնակազմակերպման աշխատանքներով ենք զբաղված։ Ժողովուրդը եւս կարդում է տարածված սուտ ինֆորմացիաները, մարդիկ խուճապահար սկսում են քաղաքի մի ծայրից մյուսը վազել, այն պարագայում, երբ այսօր ամենամեծ վտանգը խուճապն է։ Էլ իբր դրոշներ են տեղադրում, Ստեփանակերտի մուտքերն են բետոնե արգելապատնեշներով փակել, թուրքերը մտել են։

Լուրեր են տարածվում, որ Թաղավարդում մարդկանց կոտորել ու գերեվարել են։

– Ախր դա ֆանտազիայի արդյունք է։

Բայց եթե ասում եք, որ կապի դուրս չեն գալիս, գուցե ամենեւին էլ ֆանտազիա չէ՞։

– Ես կարող եմ ասել, որ ամենափաստարկված տեղեկատվությունը տալիս է Արցախի ՄԻՊ-ը, որտեղ աշխատակիցները գիշերուզօր ճշգրտումներով են զբաղված, մնացածը գուշակություններով են զբաղված։ Ես ասում եմ, որ իմ ընկերների հարազատները չկան, կապ չկա հետները, եւ իրենք ենթադրում են, որ գերեվարվել են (ավելի ուշ Արցախից հաղորդեցին, որ Թաղավարդի հետ կապը հաստատվել է, եւ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում` Լ. Շ.)։ Հիմա եթե մենք դա հիմք ընդունենք, կսկսենք դրա վրա լեգենդներ հույսել, որն անում են շատերը։ Չեմ բացառում, որ գուցե ամենավատն է եղել, բայց եթե դա հաստատված չէ, ո՞նց կարելի է խոսել այդ մասին։ Շատ են գյուղերը, որոնք չորս կողմից շրջափակված են ադրբեջանցիներով, եւ այս պահին իրենց մոտ մուտքն ու ելքն անհնար է: Տեղեր կան, որ ռուս խաղաղապահներն են մուտքն ու ելքն ապահովում, Արցախում կատարյալ քաոս է, մարդիկ իրենց երեխաներին կորցրել են, լուր չունեն։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930