Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վաղ առավոտից ՀՀ տարբեր քաղաքացիներ իրականացնում են բողոքի գործողություններ՝ փակում փողոցներ, դասադուլ անում։
Դասադուլին միացել են նաև Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցի աշակերտները։
Դպրոցի աշակերտներից Եվա Ազիզյանը ուղիղ եթերում հայտարարեց․ «Մենք դասադուլ ենք անում և կոչ ենք անում մյուս դպրոցների մյուս աշակերտներին միանալ մեզ։ Մենք էլ ժամը 10։00-ին կմիանանք Հանրապետության հրապարակում գտնվող մեր քաղաքացիներին»։
Աշակերտները դուրս են եկել իրենց դպրոցի դիմաց՝ Սարյան փողոց։ Երբ լրագրողները փորձեցին աշակերտներին հարցեր տալ, ուսուցիչներից մեկն ասաց․ «Որպես ուսուցիչ իմ նպատակն է այն, որ պրովոկացիա չլինի։ Իհարկե, ամեն մարդ ունի արտահայտվելու իրավունք, աշակերտները ՀՀ քաղաքացիներ են, ունեն իրենց սեփական կարծիքն արտահայտելու իրավունք։ Ուղղակի պետք է, որ ամեն ինչ ճիշտ ներկայացվի»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ