Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո՞ղ եք օրինակ բերել, որ Պուտինը, հանդիպելով Փաշինյանի հետ, նրան մերժել է, նրա հետ սիրալիր չի եղել, ներողամիտ չի եղել.Վիկտոր Կրիվոպուսկով. «Հրապարակ»

Սեպտեմբեր 22,2023 09:40

Այս ծանր օրերին Վիկտոր Կրիվոպուսկովին տվեցինք ծանր հարցեր, քանի որ նա Հայաստանի եւ հատկապես Արցախի հետ սերտ կապված ռուս գործիչներից է, ՌԴ գրողների միության անդամ, «Խռովահույզ Ղարաբաղ» գրքի հեղինակը: Նա 90-ականներին աշխատել է ԼՂԻՄ-ում՝ որպես ԽՍՀՄ ՆԳՆ օպերատիվ քննչական շտաբի պետ, հետո մեկնել Մոսկվա, կրկին վերադարձել Հայաստան, իսկ 2013-2019 թթ․ ղեկավարում էր «Ռոսսոտրուդնիչեստվո» ընկերությունը, ՌԴ դեսպանատան խորհրդատու է եղել։ Ռուսաստանցի այն գործիչներից է, որոնց մուտքը Հայաստան նիկոլական իշխանությունը վերջերս արգելեց։

– Արցախում սարսափելի իրադարձություններ են կատարվում։ Ինչո՞ւ այսպես ստացվեց, ո՞վ է մեղավոր։

– Իհարկե, սա ողբերգություն է։ 20-րդ եւ 21-րդ դարերը չունեն այնպիսի օրինակներ, որ եկվորներն աստիճանաբար գրավեն տարածքը, որտեղ ժողովուրդը դարեր շարունակ ապրել է։ Սրա մասին պատմաբանների ու ճանապարհորդների վկայություններ կան՝ դեռ 7-րդ դարից։ Չնայած համաշխարհային քաղաքակրթության գոյություն ունեցող օրենքներին, ՄԱԿ-ի որոշումներին եւ այլնի, Ղարաբաղի բնիկ ժողովուրդը փաստացի ոչնչացվեց։ Սա անբացատրելի է, աբսուրդային է, բայց կատարվեց։ Եվ պարադոքսալ ձեւով սա կատարվեց երկակի ստանդարտների պայմաններում։ Իհարկե, մեղքն ամբողջությամբ ժողովրդի ու այն ղեկավարների վրա է, որոնք հետեւողականորեն գնացել են դեպի այս կատաստրոֆիկ պահը։ Եվ սա աննախադեպ է՝ արգելել սեփական ժողովրդին եւ պետությանը՝ օգնել հայրենակիցներին՝ մեղքը գցելով այլ պետության վրա։ Այո, Ռուսաստանը կրում է որոշակի պատասխանատվություն, նա էլ ունի մեղքի իր բաժինը, բայց ժողովուրդը պետք է ինքն իրեն պաշտպաներ։ Իսկ երկիրը հրաժարվեց Ղարաբաղից, հայ ազգի սրտից։ Սա աննախադեպ իրողություն է։ Կարելի է պարտվել պատերազմում, վեճի մեջ, բայց այն, ինչ արեցին Փաշինյանն ու նրա կողմնակիցները ոչ միայն կառավարությունում, այլեւ ժողովրդի մեջ, որոնք նրան երկրորդ անգամ ընտրեցին, ներում չունի։ Աշխարհում նման բան չի եղել։ Ինչպե՞ս կարող էին հայերն իրենց թույլ տալ այսպիսի «ճոխություն»։ Այս ամենն ուղեկցվում է «Ռուսաստանը պետք է», «Ռուսաստանը պարտավոր է» արտահայտություններով։ Այո, ես՝ որպես Հայաստանի հետ բարեկամության ընկերության ղեկավար, գիտեմ, թե ինչով է կանգուն մեր ժողովուրդների բարեկամությունը, այն մեկ օրվա չէ, դարերից է եկել։ Ժողովուրդների բարեկամությունը չունի փաստաթղթային ձեւակերպում, իսկ հիմա մեր աչքի առաջ փլվում են այս միջանձնային ջերմ կապերն ու իրական բարեկամությունը։ Ցավալի է, որ մենք հայտնվեցինք այս բեսպրեդելի առաջ, որը կատարվեց Ղարաբաղի հայերի նկատմամբ՝ ոտնահարելով ժողովուրդների ինքնորոշման ամենահիմնարար սկզբունքը։

– Ռուսաստանի ամենակրքոտ աջակիցներն անգամ կարծում են, որ Փաշինյանին պատժելու համար չէր կարելի ժողովրդին նման տառապանքի առաջ կանգնեցնել, եւ Ռուսաստանը պետք է կանխեր արյունահեղությունը։ Այո, Փաշինյանը հակառուսական քայլեր արեց, բայց ժողովուրդը նրա այդ հակառուսականության պատանդը հո չէ՞ր։

– Ձեր այդ պնդումներում մեծ սխալ կա։ Սա Արեւմուտքի կողմից ձեր վզին փաթաթված ռիտորիկա է։ Նրանք հայերից, որոնք այսպես են ասում, իրենց անձնական պատասխանատվությունը դնում են Ռուսաստանի ուսերին։ Կարո՞ղ եք օրինակ բերել, որ Պուտինը, հանդիպելով Փաշինյանի հետ, նրան մերժել է, նրա հետ սիրալիր չի եղել, ներողամիտ չի եղել։ Վերջերս նա նույնիսկ ասաց, որ Ռուսաստանը Հայաստանի հետ չունի հակասություններ, որոնք կխաթարեն ստրատեգիական գործակցությունը, որ Հայաստանը մեր ամենամոտ ընկերն է։ Ոչ մի անգամ մեր ղեկավարությունը չի ասել նման բան։ Այո, ես այսօր կարող եմ կտրուկ քննադատել նրան, որովհետեւ նա ինձ արգելեց լինել Հայաստանում, բայց արդյո՞ք ռուսաստանյան ռազմաքաղաքական ղեկավարությունը թթու խոսք է ասել Փաշինյանին։ Այնինչ Արեւմուտքն Ուկրաինայում էլ է առաջ քաշում՝ որ ոչ թե ժողովուրդն է մեղավոր, այլ՝ Պուտինը։ Հիմա Հայաստանն է գնում այս կեղծ ճանապարհով։ Քանի՞ անգամ է Պուտինն ասել, նույնիսկ 20 թվի պատերազմի ժամանակ՝ ճանաչեք Ղարաբաղը։ Ինչպե՞ս կարող է երկիրը, Ռուսաստանը մտնել մի տարածք, տվյալ դեպքում՝ Ղարաբաղ, որի հետ չունի որեւէ հարաբերություն։ Ռուսաստանը գործում է՝ պահպանելով միջազգային իրավունքի նորմերը։ Փաշինյանը ռուս խաղաղապահների վրա ցեխ է շպրտում, չի կարելի, չէ՞։ Սա լկտի ու անխիղճ մարդ է, եւ դուք նրան դեռ հանդուրժում եք ու հղում եք կատարում նրա կեղտոտ բառերին` Ռուսաստանի հասցեին։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930