Վաղ առավոտվանից Երևանի տարբեր փողոցներում անհնազանդություն իրականացնող քաղաքացիների շարքում կան բերման ենթարկվածներ։ Նրանց թվում է նաև Երևանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։
Aravot.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ հայտնելով, որ Անդրանիկ Թևանյանն այս պահին գտնվում է ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում։
Հարցին՝ որտեղի՞ց է նա բերման ենթարկվել, Արեգնազ Մանուկյանը պատասխանեց. «Վերջին անգամ, որ խոսեցի, Սարյան փողոցի վրա էին, թե դրանից հետո որտեղ են տեղափոխվել, որտեղից են բերման ենթարկվել, չեմ կարող ասել։ Իրենց խմբի հետ բերման է ենթարկվել։ Ինձ ասացին, որ Թևանյանի նկատմամբ՝ ոչ, բայց մյուս քաղաքացիների նկատմամբ բռնի ուժ գործադրելով են բերման ենթարկել»։
Նշենք նաև, որ ավելի վաղ Անդրանիկ Թևանյանը Սարյան փողոցից ուղիղ եթեր էր մտել և հայտարարել․ «Կոչ եմ անում բոլորին քաղաքի տարբեր հատվածերում թեկուզ փոքր խմբերով իրականացնել այս գործողությունները։ Ամենակարևորը՝ բերման չենթարկվել։ Երբ տեսնում եք՝ ոստիկաններն են մոտենում, անմիջապես տեղափոխվեք այլ փողոց․ ամենակարևորը՝ արդյունավետությունը պետք է ապահովվի»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ