«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը
Խոսքս ուղղում եմ կարմիր, սև և ամեն գույնի բերետավորներին
Երկրորդ օրն է ես և իմ գործընկեր պատգամավորները Ոստիկանության մի բաժնից շտապում ենք մյուսը, ՁՊՎ-ից ուղղվում ենք հիվանդանոց: Հենց հիմա էլ մեզնից շատերը Ոստիկանության բաժիններում են կամ ճանապարհին:
Երկու օրվա ընթացքում երեսունից ավելի քրեական գործ, ոստիկանների կիրառած ձայնային նռնակների հետևանքով մի քանի տասնյակ վնասված քաղաքացիներ, մի քանի տասնյակ բերման ենթարկվածներ:
Կարդացեք նաև
Եվ սա արդարացիորեն իրենց ցասումն արտահայտող մեր հայրենակիցների հանդեպ: Մարդկանց, ում հարազատները այս պահին այս իշխանությունների մեղքով հայտնվել են թշնամու օղակի մեջ: Մարդկանց, ովքեր լուր չունեն իրենց ազգականներից, ընկերներից, հարազատներից կամ պարզապես հայրենակիցներից:
Այս սյուռ իրականությանը զուգահեռ իրավապահների հաղորդագրությունը արցախցիներին թիրախավորելու ու ատելության բացառիկ դրսևորում է: Հաղորդագրության մեջ հատուկ շեշտում են. «հիմնականում Արցախի տարբեր բնակավայրերի նախկին բնակիչներից կազմված խմբեր»: Էդ Արցախի նախկին բնակիչները ձեր գուրգուրած իշխանությունների մեղքով են այսօր անտուն մնացել: Էդ Արցախի նախկին բնակիչների ընտանիքի անդամներն են ձեր պաշտպանած իշխանության մեղքով այսօր կյանքի կռիվ տալիս: Էդ Արցախի նախկին բնակիչների հարազատներն են ձեր երկրպագած իշխանության մեղքով դարձել վտարանդի: Էդ Արցախի նախկին ու ներկա բնակիչների հանդեպ անարդարությունը ձեր փայփայած իշխանության խղճի վրա է:
Խոսքս ուզում եմ ուղղել ոստիկաններին ու կարմիրբերետավորներին, որ անհաղորդ դեմքով հետևում են ցավից ու անորոշությունից իրենց տեղը չգտնող մեր հայրենակիցներին: Խոսքս ուղղում եմ այն կարմիր, սև և բոլոր հնարավոր գույների բերետավորներին, ում հայացքում երբեք չես տեսնի ապրումակցման որևէ նշույլ, իսկ մարդկանց հանդեպ բռնությունից մի տեսակ հրեշավոր հաճույքի տպավորություն ես ստանում: Խոսքս ուղղում եմ մարդկանց գետնին փռող, ձեռքերը ոլորող, քաշքշող բերետավորներին:
Մի եղեք մեզ հետ բարիկադների տարբեր կողմերում, մենք պայքարում ենք մեր երկրի անվտանգության և ապագայի համար։ Մենք պայքարում ենք մեր ընտանիքների և երեխաների ապագայի համար։ Մի դարձեք մեզ թշնամի:
Եվ չասեք, խնդրում եմ, «Բա ինչ անենք, ծառայություն ա»: Եթե դուք այսօր շարունակեք սպասարկել մեր երկրին թշնամի դարձած իշխանության օրակարգը, վաղն ամենամեծ հարվածները դուք եք կրելու ձեզ վրա։ Վաղը պատասխան դուք եք տալու:
Ժամանակն է տարանջատվել Արցախը հանձնած, երկիրը շարունակաբար աղետի տանողից: