Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք դատապարտում ենք Բաքվի ռազմական հարձակումը եւ կոչ անում դադարեցնել իր ռազմական գործողությունները»․ Գերմանիայի նախարար

Սեպտեմբեր 22,2023 01:40

«Չափազանց շատ մարդիկ են արդեն սպանվել ընդամենը երկու օրվա ընթացքում։ Հազարավոր մարդիկ ստիպված են եղել փախչել իրենց տներից։ Ադրբեջանն ընտրել է ռազմական ուժով տեղում փաստական իրավիճակը փոխելու ճանապարհը»,- այս մասին Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի հարցով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում  ասաց Գերմանիայի արտաքին հարաբերությունների դաշնային նախարար Անալենա Բերբոքը։ Նա նշեց, որ Գերմանիան հաստատակամ դատապարտում է Բաքվի ռազմական հարձակումը եւ կոչ անում մշտապես եւ վերջնականապես դադարեցնել իր ռազմական գործողությունները։

«Ի գիտություն ենք ընդունել հրադադարի մասին ստացված տեղեկությունները, սակայն մեզ անհրաժեշտ է, որ ամբողջովին դադարի բռնությունը։ Ադրբեջանն է կրում պատասխանատվությունը՝ ամբողջովին եւ լիարժեքորեն պաշտպանելու քաղաքացիական բնակչությանը, հատկապես երեխաներին, ովքեր ապրում են ԼՂ-ում։ Ղարաբաղից էթնիկ հայերի տեղահանությունը եւ հարկադիր արտագաղթն ընդունելի չէ։ Այսքանն ասելով հանդերձ՝ ցանկանում եմ վերահաստատել այս մարմնի նախկինում կայացրած մի քանի որոշումները։ Եվ Հայաստանի, եւ Ադրբեջանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը չպետք է դրվեն հարցականի տակ։ Բաքվի իշխանությունները փաստացի փակել են Լաչինի միջանցքը, եւ խանութներում դատարկություն է, դեղորայքն ավարտվել է, էլեկտրաէներգիան, բենզինը չեն բավականացնում։ Վերջին շաբաթների ընթացքում մենք գործընկերների հետ ջանք ու եռանդ չենք խնայել, որպեսզի այս կարիքի մեջ գտնվող մարդկանց համար ապահովենք մարդասիրական ծառայությունների ու օգնության հասանելիությունը։ Եվ հենց հույսի մեկ նշույլ ի հայտ եկավ, մարդասիրական առաքումները թույլ տվեցին հասցնել ԼՂ, Բաքուն, որը կրկին հավաստիացնում էր, որ ձեռնպահ կմնա ուժի գործադրումից, խախտեց եւ ահռելի տառապանք պատճառեց առանց այն էլ ծանր վիճակում գտնվող բնակչությանը։ ԼՂ բնակչությունն արժանի է ապրել անվտանգության մեջ, արժանի են, որ իրենց իրավունքները պաշտպանված լինեն։ Լաչինի միջանցքը բաց պահելը կենսական կարեւորություն ունի մարդասիրական պատճառներով, քանի որ դա մշակութային եւ սոցիալական կամուրջ է Ղարաբաղում ապրող հայազգիների համար»,- ասաց նա։

Անալենա Բերբոքը նշեց, որ Բաքուն եւ Ղարաբաղի հայերը պետք է վերադառնան երկխոսության։ Ըստ նրա՝ այս հակամարտությունը, որն սկսվել է մոտ 30 տարի առաջ, մեծ զոհեր է տվել։ «Անհրաժեշտ է տեւական խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, դա անհրաժեշտ է նաեւ մեզ։ Իսկ դրան կարելի է հասնել միայն բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք կշարունակենք դա հստակ հայտնել կողմերին։ Ես կոչ եմ անում վերադառնալ բանակցություններին, որոնց միջնորդը Եվրամիությունն է։ Հիմա է լարվածությունը թոթափելու ժամանակը, եւ ես ցանկանում եմ ընդգծել՝ որեւէ երկիր չպետք է ներկայիս իրավիճակն օգտագործի՝ Հայաստանի ժողովրդավարությունը ապակայունացնելու նպատակով»,- հայտարարեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930