Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է ճանապարհային քարտեզ մշակենք՝ ԼՂ բնակչությանը Ադրբեջանին ինտեգրելու համար, Հայաստանը ճանաչել է, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է»․ ՌԴ ներկայացուցիչ

Սեպտեմբեր 22,2023 00:50

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրատապ նիստ է  հրավիրել Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի հարցով։

Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչն իր ելույթում ասաց, որ սեպտեմբերի 19-ին ռազմական հակամարտության կտրում սրացում եղավ ԼՂ-ում, մարդասիրական իրավիճակը վատթարացավ։ «Բախումների ընթացքում եղան զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում։ Դժբախտաբար, ռուս խաղաղապահները կրկին զոհեր ունեցան իրենց առաքելությունը կատարելիս։

Ռմբակոծության հետեւանքով մի քանի զոհեր են եղել նրանց թվում, մենք ի գիտություն ենք ընդունել, որ ադրբեջանական կողմը պատրաստ է անմիջապես այդ ողբերգության լիարժեք հետաքննություն անցկացնել եւ մեղավորներին արդարադատության առաջ կանգնեցնել։ Չնայած այս բարդ իրավիճակին, ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է  բարեխղճորեն կատարել իր առաքելությունը, հնարավոր ամեն ինչ անել՝ պաշտպանելու համար քաղաքացիական բնակչությանը։

Մարտական գործողությունների վերսկսման պահից ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի անմիջապես դադարի արյունահեղությունը, կռիվը, եւ ապահովվեն մարդասիրական իրավունքի նորմերը քաղաքացիական բնակչության համար։ Ամենավտանգավոր շրջաններից մոտ 5000 քաղաքացիներ են տարհանվել, այդ թվում՝ մոտ 1000 երեխաներ։ Մարդկանց կացարան է տրամադրվել եւ ճամբար, խաղաղապահների մոտ նրանք պաշտպանված են հրետակոծությունից, վիրավորներին բուժօգնություն է ցուցաբերվել, ժամանակավոր կացարան է տրամադրվել, տաք սնունդ։

Ռուսական խաղաղապահ զորախմբի ակտիվ միջնորդությամբ սեպտեմբերի 20-ին համաձայնություն է ձեռք բերվել՝ լիովին դադարեցնելու մարտական գործողությունները՝ սեպտեմբերի 21-ին, 13։00-ից սկսած։ Բանակցություններ են ծավալվել ԼՂ հայկական բնակչության եւ Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների միջեւ։ Այսօր էլ բանակցությունները տեղի են ունեցել Եվլախ քաղաքում՝ ռուս խաղաղապահների մասնակցությամբ եւ համակարգմամբ»,- ասաց նա։

ՌԴ ներկայացուցիչն ասաց, որ գերնպատակ է թույլ չտալ մարտական գործողությունների վերսկսում եւ իրավիճակը վերադարձնել քաղաքական հուն։ «ՌԴ-ն շարունակում է առաջատար դեր խաղալ՝ աջակցելով հարաբերությունների նորմալացման գործընթացին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Եվ որեւէ մեկից ավելի մենք ենք շահագրգռված այս իրավիճակի՝ հնարավորինս շուտ հանգուցալուծմամբ։ ՌԴ նախագահը քննարկումներ է ունեցել Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ։ Այդ քննարկումների ընթացքում որոշվել է, որ ջանքեր կգործադրվեն, որպեսզի իրավիճակը գնա լարվածության թոթափման եւ կայունացման։ Մենք հավատացած ենք, որ խաղաղությունը պետք է ուղեկցվի անվտանգության հստակ ու միանշանակ երաշխիքներով ԼՂ բնակչության համար՝ հիմնվելով միջազգային սկզբունքների վրա»,- հավելեց նա։

ՌԴ ներկայացուցիչը նաեւ հայտարարեց․ «Հակամարտության համապատասխան պարամետրերն Երեւանի իշխանությունների կողմից հայտարարվել են Եվրոպական միության գագաթնաժողովներում, որտեղ  նրանք ճանաչել են, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ Միաժամանակ, այդ գագաթնաժողովների ավարտական հռչակագրում, որոնց Երեւանը տվել է համաձայնություն, Ղարաբաղի հայկական բնակչության իրավունքների եւ անվտանգության երաշխավորման թեման դժբախտաբար բաց է թողնված։

Մենք ակնկալում ենք, որ Բաքվի եւ Խանքենդիի միջեւ շփումների միջոցով հնարավոր կլինի թեթեւացնել մարդասիրական իրավիճակը տարածաշրջանում։ Մենք դրան կաջակցենք։ Մենք պետք է ճանապարհային քարտեզ մշակենք ԼՂ բնակչությանը Ադրբեջանի սահմանադրական կարգին ինտեգրելու համար՝ հստակորեն երաշխավորելով նրանց իրավունքները եւ անվտանգությունը։ Այս գործընթացներին ակտիվորեն կաջակցեն ռուս խաղաղապահները»,- ասաց ՌԴ ներկայացուցիչը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930