Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս պահին ԼՂ-ում իրավիճակը մնում է ծանր, մենք տեղեկություններ ենք ստանում քաղաքացիական անձանց նկատմամբ բռնության դեպքերի մասին»․ ԱՄՆ ներկայացուցիչ

Սեպտեմբեր 22,2023 00:25

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրատապ նիստ է  հրավիրել Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի հարցով։

ԱՄՆ ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հայտարարեց, որ ԱՄՆ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղի իրավիճակով, որը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը շարունակում է ռազմական գործողությունները: «Մենք կոչ ենք անում այդ գործողությունները դադարեցնել անմիջապես։ Մենք ի գիտություն ենք ընդունում հայտարարություններն այն մասին, որ ռազմական գործողություններն ընդհատվել են: Եվ եթե դա հաստատվի, սա կլինի դրական զարգացում։ Սակայն այս պահին իրավիճակը տեղում մնում է ծանր: Եվ մենք խորապես մտահոգված ենք՝ տեղեկություններ ստանալով քաղաքացիական անձանց նկատմամբ բռնության դեպքերի մասին: Պարզ արտահայտվեմ՝ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում ապահովելու իր զինված ուժերի գործողությունների ամբողջական համապատասխանությունը միջազգային իրավունքի նորմերին, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին, որոնք վերաբերում են մարտական գործողությունների վարմանը, քաղաքացիական անձանց պաշտպանությանը եւ մարտական գործողությունների մասնակիցների նկատմամբ մարդավայել վերաբերմունքին: Ադրբեջանը նաեւ միջազգային պարտավորություններ եւ հանձնառություններ ունի՝ հարգելու իր տարածքում գտնվող բոլոր անձանց իրավունքներն ու հիմնարար ազատությունները»,- հայտարարեց նա:

Լինդա Թոմաս-Գրինֆիլդն ասաց, որ ԱՄՆ-ն կողմերին կոչ է անում ապահովել, որ մարդասիրական կազմակերպությունները կարողանան սնունդ, դեղորայք եւ այլ անհրաժեշտ պարագաներ հասցնել ԼՂ՝ առանց որեւէ ճանապարհային պատնեշների եւ ապահովել մարդասիրական աշխատողների անվտանգությունը: «ԼՂ բնակիչներն այս կարիքի պահին հայացքները հառել են մեզ, եւ ԱՄՆ իր կողմից ավելի քան 24 մլն դոլարի մարդասիրական եւ զարգացման օգնություն է ցուցաբերել 2020 թվից այս կողմ»,- ասաց նա։

«Եկեք հստակ  տեսնենք իրավիճակը՝ ճգնաժամի միակ լուծումը բռնությանն ավարտելու եւ տեւական խաղաղության միջոցով է հնարավոր, երբ կողմերն աշխատեն իրավիճակի լարվածության թոթափման ուղղությամբ: Մենք վերահաստատում ենք, թե որքան կարեւոր կլինի միջազգային առաքելությունը, որը վստահություն կներշնչի Լեռնային Ղարաբաղի բնակիչներին՝ առ այն, որ նրանց իրավունքներն ու անվտանգությունը կպաշտպանվեն Ադրբեջանի հրապարակային հայտարարություններին համահունչ։ ԱՄՆ-ն շարունակում է աշխատել Հայաստանի, ինչպես նաեւ Ադրբեջանի առաջնորդների հետ ամենաբարձր մակարդակներում՝ ձգտելով հասնել իրավիճակի կայուն լուծման Լեռնային Ղարաբաղում։ Եկեք աշխատենք միասին՝ հասնելու խաղաղության եւ արդարության բոլորի համար»,- ընդգծեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930