Լրահոս
Օրվա լրահոսը

Հանկարծ դարձան «դյուրահավատ» եւ «միամիտ»

Սեպտեմբեր 22,2023 10:00

Ռուսաստանի եւ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները պնդում են, որ այժմ, այս վիճակում հայերը կարող են արժանապատիվ եւ անվտանգ ձեւով ապրեն Արցախում՝ ադրբեջանցիների տիրապետության տակ: Չեմ հավատում, որ նրանք իսկապես այդպես են կարծում: 9 ամիս այդ մարդկանց պահել են շրջափակման մեջ, զրկել են էլեկտրականությունից եւ գազից, եւ հիմա հանկարծ նրանց կսկսեն մարդավարի՞ վերաբերվել: Մի երկրում, որտեղ մանկապարտեզից ներարկվում է հայերի նկատմամբ ատելությունը եւ որտեղ քնած հային կացնահարած Ռամիլ Սաֆարովը դե ֆակտո ներկայացվում է որպես ազգային հերո՞ս: Այդ հումանիստական վերաբերմունքը պետք է դրսեւորի Ադրբեջանի իշխանությո՞ւնը, որն Արցախի ղեկավարությանը ներկայացրել է 18-65 տարեկան հազարավոր արցախցի տղամարդկանց ցուցակը, որոնց մեղադրում է «ահաբեկչության» մեջ եւ որոնց համար, ըստ լուրերի, «ֆիլտրացիոն ճամբա՞ր» է կառուցվում: Արժանապատվությունը պետք է հարգի ադրբեջանական բանա՞կը, որը մի քանի օր առաջ մտել էր Վարդաձոր գյուղ, իրենց տան մեջ գնդակահարել տարեց ամուսիններին, հետո՝ ծնողների հետեւից եկած որդո՞ւն: Այն բանակը, որի արկերից այս օրերին զոհվել է 5 երեխա՞: Այն բանակը, որը 2016 թվականին ադրբեջանական գյուղերում ցուցադրում էր Քյարամ Սլոյանի կտրած գլո՞ւխը:

Չեմ կարծում, կրկնեմ, Փաշինյանը կամ Պեսկովը, որոնք հիմա «տպավորության չունեն», որ Արցախում էթնիկ զտում է իրականացվում, այդքան միամիտ են եւ հավատում են ադրբեջանական քաղաքականության «հրաշագործ վերափոխմանը»:

Հետեւաբար, նրանց «միամիտ լավատեսության» համար կարող է լինել երկու պատճառ:

1/ Երկուսն էլ չեն համարձակվում հակադրվել Թուրքիայի եւ Ադրբեջանի ցեղասպան ծրագրերին:

2/ Փաշինյանը մտավախություն ունի, որ հազարավոր գաղթականները, որոնք կհայտնվեն Երեւանում, վտանգ են ստեղծելու իր իշխանության համար:

Չեմ բացառում, իհարկե, որ կարող են լինել հատուկենտ արցախցիներ, որոնք համաձայն են ապրել Ադրբեջանի տիրապետության տակ: Եթե այդպես է, դա նրանց ընտրությունն է՝ ոչ ոք չի կարող լինել այդ մարդկանց դատավորը: Բայց այն արցախցիները, որոնք այս իրավիճակում չեն ցանկանում այնտեղ ապրել, չպիտի իրենց կամքին դեմ պահվեն Ստեփանակերտում, պետք է հնարավորություն ունենան տարհանվելու: Այդքանը գոնե կարո՞ղ են կազմակերպել մեր «տաղանդավոր» իշխանությունները, ռուս «խաղաղապահները» եւ «մարդու իրավունքների ջատագով» արեւմտյան պետությունները:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Մենք գործ ունենք գլոբալ թշնամու հետ, իսկ իշխանություն ընդդիմությունները, բռնապետ ու ժողովրդավար պետական ղեկավարները՝ դրանք ընդամենը մեկը վատ ոստիկանն է, մյուսը՝ լավ եւ երկու ոստիկաններն էլ ծառայում են մեր գլոբալ թշնամուն: Գլոբալ թշնամին մեզ օգտագործում է որպես լաբորատոր ժողովուրդ, որի վրա փորձեր է դնում, որ հետագայում հաջողված փորձն օգտագործի մարդկության վրա՝ հիվանդություններ, պատերազմ, սով եւ վերացում: Մենք իսկապես ոչ մի բարեկամ չունենք, որը ձեռք մեկնի եւ մեզ օգնի: Ինչքան շուտ հասկանանք, այդքան շուտ հույսներս մեր վրա կդնենք:
    Ինչքան հասկացա մեր մասնագետների գաղափարները, եթե ընդդիմությունը ցանկանա, կարող է օրինական ճանապարհով նոր ընտրություններ հրավիրել՝ ընդամենը պետք է հրաժարվի պատգամավորի աթոռից եւ օրենքի համաձայն նոր ընտրություններ ու նոր վարչապետ կունենանք: Եթե նրանք դա չեն անում, ուրեմն վարչապետն էլ, ընդդիմությունն էլ մեր գլոբալ թշնամու հրամանները կատարողներն են: Մեր ջահելությունը ընդդիմության հետ ոչ թե վարչապետի հրաժարական պետք է պահանջի, այլ ընդամենը ընդդիմությունից պահանջի մանդատները վայր դնեն պառլամենտում, դրանով հարուցելով կառավարման ճգնաժամ եւ նոր ընտրություններում վարչապետն իր թիմով մեխանիկորեն ու քաղաքակիրթ ձեւով դուրս կմնա քաղաքականությունից: Ջահելություն ջան, ստիպեք ընդդիմությանը հրաժարվեն իրենց աթոռներից եւ մեր ժողովուրդը շանս կունենա նոր պառլամենտի եւ նոր վարչապետի: Սա է միակ լուծումը: Հակառակ դեպքում իշխանության եւ ընդդիմության կողմից հրահրվելու քաղաքացիական պատերազմ եւ այն ՝՝հանդարտեցնելու՝՝ համար ռուս թուրքական ՝՝խաղաղապահ՝՝ ուժերով Արցախի նույն սցենարն են իրականացնելու մեր մնացած բոլոր նահանգներում, պարզապես մի բան է թուրքը հայի դեմ, ուրիշ բան է հայը հայի դեմ, ինչը որ տեսնում ենք ռուս ուկրաինական պատերազմում: Ջահելություն ջան, քաղաքակիրթ միջոցներով անարյուն եւ շատ ավելի արդյունավետ հաղթանակ բերեք մեր ազգին:

  2. Հ. Շ. says:

    Անշուշտ թէ լինելու են *արցախցիներ, որոնք համաձայն են ապրել Ադրբեջանի տիրապետության տակ* :

    Եւ նրանք նոյնիսկ պիտի չվարանին յայտնելէ որ, այդպէս, աւելի լաւ ու հանգիստ կեանք ունին, քան երբ որ Արցախը ազատագրուած էր:

    Յաջորդիւ, այդ արցախցիները պիտի գործածէ ՀՀ այժմու վարչակարգը, արդարացնելու համար մինչեւ հիմա իր կատարածը, եւ դեռ հասնելու համար իր մնացած նպատակներին:

    Նիւթին մարդասիրական երեսը եթէ մէկդի դնենք, Արցախի էական արժէքն ու իմաստը, Հայ Ազգին համար՝ գաղափարական է: Իսկ Արցախի ճակատագիրը, յատկապէս Հայաստանի համար, պետական եւ քաղաքացիական անվտանգութեան խնդիր է, իսկական, հիմնական ու կենսական խնդիր:

    Այսինքն, անսովոր համընկնութեամբ մը, Հայութեան համար՝ գաղափարաբանութիւնը եւ փրակմաթիզմը կը նոյնանան, այս նիւթին մէջ: Այս է որ սակայն կարելի չեղաւ հասկացնել հայերի մեծամասնութեան, Հայաստանէն եւ Արցախէն ներս, եւ դուրս:

    Մ. Հայդուկ Շամլեան
    https://www.facebook.com/AramManoukianJampar/

    Յ.Գ. Իսկ այս ամէնէն ետք, դեռ՝ ստիպե՛լը որ արցախցիները մնան բռնագրաւուած Արցախում, այլեւս ի՞նչ կարելի է կոչել, եթէ ոչ բացարձակ հրէշութիւն:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930