ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրել Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի հարցով։
Մալթայի Հանրապետության արտաքին հարաբերությունների նախարարն իր ելույթում ասաց․ «Մալթան խորապես մտահոգված է վերջին ռազմական սրացմամբ՝ Ադրբեջանի կողմից ընդդեմ Ղարաբաղի հայերի։ Նման գործողությունները խոչընդոտ են խաղաղության ճանապարհին։ Մալթան դատապարտում է ցանկացած գործողություն, որը վտանգում է քաղաքացիների կյանքը։ Կրկին կոչ ենք անում պաշտպանել կանանց, երեխաներին, տարեցներին եւ այլ խոցելի խմբերին։ Տեղի բնակչության տեղահանությունը, ավերածությունները եւ զոհերը դատապարտելի են։ Կոչ ենք անում հրատապ մարդասիրական օգնություն հասցնել առանց խոչընդոտների։ Ագրեսիվ եւ վտանգավոր հռետորաբանությունը, ինչպես նաեւ ապատեղեկատվության եւ կեղծ տեղեկատվության տարածումը չեն հանգեցնի կողմերի միջեւ վստահությանը, ուստի, մենք երկու կողմերին կոչ ենք անում չիրականացնել նման քարոզարշավներ։ Հրադադարի համաձայնությունից հետո Մալթան կոչ է անում ամբողջովին դադարեցնել ռազմական գործողությունները եւ հարգել հրադադարը»,- հայտարարեց նա։
Մալթայի նախարարի խոսքով՝ իրենք կողմերին կոչ են անում վերադառնալ երկխոսության եւ դիվանագիտության, որպեսզի ապահովվի այս իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը։ «Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականությանը»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ