Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես օգնել երեխային տագնապային գրոհը հաղթահարելու հարցում

Սեպտեմբեր 22,2023 09:30

Խուճապային գրոհներն ուժեղ տագնապի ու վախի բռնկումներն են, որոնք կարող են առաջանալ հանկարծակի և անսպասելի՝ մեծ ծանրաբեռնվածություն առաջացնելով մարդու հոգեկան առողջության վրա։ Տագնապի այդ սուր դրսևորումները լինում են նաև երեխաների շրջանում, որոնք շատ ավելի ծանր են տանում խուճապային գրոհները, քանի որ հաճախ չեն հասկանում, թե ինչ է կատարվում իրենց հետ։ 

Խուճապային գրոհների ախտանշանները երեխաների շրջանում

Խուճապային գրոհները հոգեբանական ու ֆիզիկական մի շարք ախտանշաններ են առաջացնում․ երեխային կարող է թվալ, թե կորցրել է ինքնակառավարումը, հայտնվել է թակարդում և չի կարողանում ազատվել։ Ֆիզիկական ախտանշանների դրսևորումներն են՝

  • Թուլության զգացում,
  • գլխապտույտ,
  • սրտխառնոց,
  • որովայնում անհարմարության զգացում,
  • ցավ կրծքավանդակի շրջանում,
  • հևոց,
  • սրտի զարկերի արագացում,
  • մարմնի ջերմաստիճանի տատանումներ,
  • դժվարաշնչություն։

Մեծամասամբ խուճապային գրոհը մի քանի րոպե է տևում, այնուհետև ախտանշանները թեթևանում են, սակայն երբեմն կարող է թվալ, թե մարդը սրտի կաթված է ստացել կամ խելագարվում է, ինչն ավելի մեծ անհանգստություն է ծնում։ 

Ինչը կարող է դառնալ տագնապային գրոհների պատճառ երեխաների շրջանում․ ռիսկի գործոններն են՝ 

  • Ժառանգականությունը,
  • ֆոբիաները,
  • հոգեկան առողջության վիճակը․ տագնապը, դեպրեսիան, օբսեսիվ կոմպուլսիվ խանգարումը, հետտրավմատիկ սթրեսային խանգարումները,
  • կԿարճաժամկետ զգացմունքային տրիգերները, օրինակ՝ հարազատի կորստի ցավը,
  • ցածր ինքնագնահատականը,
  • որոշ նյութեր ևս կարող են խուճապային գրոհի ախտանշաններ առաջացնել երեխաների շրջանում, օրինակ՝ կոֆեինը։

Քայլեր, որոնք կօգնեն երեխային հաղթահարել խուճապային գրոհը

Նվազագույնը, որ կարող է անել ծնողը երեխային օգնելու համար, նախ չկորցնել ինքնատիրապետումը։

Եթե երեխայի մոտ խուճապային գրոհ է, մեծ է հավանականությունը, որ նա կկորցնի ինքնակառավարումը․ ահա թե ինչու է կարևոր, որ մեծահասակը պահպանի վերահսկողությունն իրավիճակի նկատմամբ։

Փորձեք հանգստություն պահպանել և խոսել նրա հետ կարեկցող ու մեղմ ձայնով։ Խնդրեք նրան խորը շունչ քաշել ու բացատրեք, որ տագնապը շուտով կանցնի։ Երբ խուճապը թեթևանա, նրան մի փոքր ժամանակ տվեք լիովին հանգստանալու համար։ 

Շնչառական վարժություններ

Բացատրեք երեխային, որ տագնապի նոպայի ժամանակ նրա շնչառությունն արագանում է, և դա կարող է առաջացնել գլխապտույտ, ցավ կրծքավանդակի շրջանում։ Սովորեցրեք նրան դանդաղ շնչել՝  միասին կատարելով հետևյալ վարժությունը․ ներշնչել քթով մոտ 3 վայրկյան (այդ ընթացքում նա պետք է զգա, թե ինչպես է լայնանում կրծքավանդակը), պահել շնչառությունը 2 վայրկյան և արտաշնչել բերանով։ 

Պատմեք երեխային խուճապային գրոհների մասին

Բացատրեք նրան, որ խուճապային գրոհները կարող են լինել շատերի մոտ և անվնաս են, դրանք կարճատև են, և թեև կարող է թվալ, թե ձգվում են անվերջ, շուտով կանցնեն։ 

Շեղեք երեխայի ուշադրությունը

Խուճապային գրոհի ժամանակ երեխան հավանաբար շատ բացասական մտքեր կունենա, փորձեք կտրել երեխային այդ մտքերից՝ օգնելով  նրան կենտրոնանալ այլ բանի վրա, որը կարող է հանգստացնել ու մխիթարել նրան։ Դա կարող է լինել սիրելի խաղալիքը կամ ընտանի կենդանին։ Օգնեք նրան հիշել այն հաճելի վայրը կամ վիճակը, որում կուզեր հայտնվել։ 

Հիշեցրեք երեխային, որ նա մենակ չէ

Կարևոր է, որ երեխան համոզված լինի, որ որտեղ էլ նա լինի, անգամ եթե ծնողները չլինեն իր հետ իր անհանգստության պահերին, մշտապես կգտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել ու լսել նրան․․․ 

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ Priory 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930