Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Ադրբեջանն իսկապես ուզում է խաղաղ լուծման հասնել, պարտավոր է հիմա եւ հենց այստեղ շոշափելի երաշխիքներ տալ»․ Ֆրանսիայի ներկայացուցիչ

Սեպտեմբեր 21,2023 23:50

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրել Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի հարցով։

Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի եւ արտաքին հարաբերությունների նախարար Կատրին Կոլոննան իր ելույթում ասաց, որ Ֆրանսիան հրատապ նիստ է հրավիրել՝ հաշվի առնելով իրավիճակի լրջությունը Լեռնային Ղարաբաղում։ «Մի քանի շաբաթ շարունակ մեծածավալ զորք եւ ռազմական տեխնիկա կիրառելուց հետո Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին որոշեց մեծամասշտաբ ռազմական գործողություն նախաձեռնել։ Գործողություն, որի ժամանակ օգտագործվում էին մեծ մասշտաբով օդային եւ ցամաքային միջոցներ եւ հետեւանքներ էին առաջացնում քաղաքացիական բնակչության համար։ Գործողություն, որը ոչ ոք չի կարող հավատալ, որ կանխամտածված չի եղել։ Ֆրանսիան անմիջապես եւ կտրուկ դատապարտեց այս անընդունելի հարձակումը, որը հակասում է վեճերի խաղաղ լուծման սկզբունքին, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որ այդպես ենք կարծում։ Սեղանի շուրջ նստածների թվում մի շարք երկրներ նույնպես կտրականապես ժխտում են այս բռնությունը, կոչ են անում Ադրբեջանի զսպվածություն ցուցաբերել եւ հարգել միջազգային իրավունքը»,- ասաց նա։

Ֆրանսիայի ներկայացուցիչը նշեց, որ այս գործողության հետեւանքը ծանր եղավ, հարյուրավոր վիրավորներ կան, տասնյակ մարդիկ են զոհվել, այդ թվում՝ քաղաքացիական անձինք, նրանց թվում՝ երեխաներ։ «Հրադադարը հայտարարվեց երեկ, այն կենսական կարեւորություն ուներ, եւ շատ կարեւոր է հիմա դա պահպանել։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չէ, որ հարցականի տակ է դրվում, ոչ ոք դա հարցականի տակ չի դնում, դրա նկատմամբ սպառնալիք չկա։ Վտանգված է ԼՂ-ում ապրող հայ ժողովրդի՝ իրենց իրավունքներով, պատմությամբ ու մշակույթի հարգմամբ ապրելու հնարավորությունը։ Այդ հնարավորությունը չկա, եթե ուժեղ կողմը թույլի նկատմամբ դիտավորյալ ուժ է գործադրում։ ԼՂ-ն արդեն որոշ ժամանակ է՝ ինչ շրջափակման մեջ է, ինչը թույլ չի տալիս բնակչությանն ստանալ սնունդ, դեղորայք եւ էլեկտրաէներգիա»,- հայտարարեց Կատրին Կոլոննան։

Ըստ նրա՝ եթե Ադրբեջանն իսկապես ուզում է խաղաղ եւ բանակցված լուծման հասնել, ապա պարտավոր է հիմա եւ հենց այստեղ շոշափելի երաշխիքներ տալ։ «Ադրբեջանը պարտավոր է հանձն առնել, բարեխղճորեն քննարկումներ ծավալել, որպեսզի չգործադրի ուժ կամ ուժի սպառնալիք եւ մտնի խաղաղ երկխոսության մեջ՝ բնակչության իրավունքների երաշխիքների շուրջ՝ միջազգային հանրության աջակցությամբ։ Պարտավոր է ապահովել համաներում այն զինվորականների, ուժերի նկատմամբ, ովքեր ընդունել են հրադադարը։ Պարտավոր է անպայման եւ առանց ձգձգման ապահովել Լաչինի միջանցքով երթեւեկությունը՝ Արդարադատության միջազգային  դատարանի որոշմանը համապատասխան։ Ադրբեջանը պարտավոր է ընդունել միջազգային մարդասիրական ներկայությունը Լեռնային Ղարաբաղում, որը կենսական է, քանի որ մոտենում է ձմեռը։ Առանց այս երաշխիքների չի կարող լինել լուծում»,- հայտարարեց նա։

Ֆրանսիացի նախարարն ասաց, որ ՄԱԿ-ի ԱԽ անդամները չեն կարող անտարբեր մնալ ԼՂ ներկայիս իրադարձությունների նկատմամբ։ «Եթե մենք դա անենք, մենք հանցակից կլինենք բնակչության զանգվածային արտագաղթի։ Բնակչություն, որն արդեն շատ-շատ է տառապել, ԼՂ բնակչության  մոտ 10 տոկոսը տեղահանվել է Ադրբեջանի հարձակվողական գործողության հետեւանքով։ Այս խորհուրդը պարտավոր է ակտիվորեն շարունակել հանգուցալուծել ճգնաժամը, պաշտպանել միջազգային իրավունքն ու ՄԱԿ-ի կանոնադրությունը՝ ակտիվորեն աջակցելով բանակցված լուծման պարամետրերի ձեւակերպմանը Բաքվի ու ԼՂ միջեւ։ Միջազգային իրավունքը պարտադիր կերպով պետք է հարգել մշտապես ու ամենուր։ Եվ պետք է զգոն մնալ, եթե փորձեր արվեն Հայաստանը ներքաշել այս ողբերգական իրադարձությունների մեջ եւ դա օգտագործել որպես պատրվակ՝ հարցականի տակ դնելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Վարչապետ Փաշինյանը վերջին ամիսներին ցուցաբերել է իր պատասխանատու մոտեցումը՝ թոթափելու լարվածությունը եւ Ադրբեջանի հետ գտնելու խաղաղ լուծում, որի հիմքում դրված կլինի հարգանքը եւ երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը՝ ապառազմականացված սահմաններով»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930