Լրահոս
Օրվա լրահոսը

Թագուհի Թովմասյան․ «Նիկոլ Փաշինյանը Արցախը համարում է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հայրենիքը եւ ատում է Արցախը»

Սեպտեմբեր 21,2023 23:33

«1915 թվականի ցեղասպանության կրկնողությունն է,  ուղղակի ժամանակակից մեթոդներով՝ ԱԹՍ-ներով, հրթիռներով, ավիացիայով ու այլ տեսակի ռմբակոծություններով։ Ադրբեջանի զինյալները Արցախի շրջափակված, կիսասոված քաղաքացիներին, որոնք ոչ փախչելու տեղ ունեն, ոչ ձեւ, բառացիորեն կոտորում են»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց այսօր ԱԺ-ի մոտ  «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության հրավիրած հանրահավաքին ներկա ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, որի այդ ժամի տեղեկություններով ադրբեջանցի ագրեսորները կռիվ են տալիս Ստեփանակերտի փողոցներում՝ նպատակ ունենալով իրենց դրոշը կանգնեցնել Ստեփանակերտի կենտրոնում՝ կառավարական շենքերի վրա եւ վերջնականապես օկուպացնել Արցախը։

«Սա անգամ ազգային ողբերգությունից ավելի է։ Եվ ամենավատն այն է, որ մենք ազգովի անճար, անհույս՝ փողոցներում չգիտենք ինչ անենք, որպեսզի կանխենք հնարավոր ավելի վատ սցենարները։ Օր՝ օրի ավելի վատն է լինում։ Այսօր երեկվանից է վատ, երեկ՝ նախորդ օրվանից էր վատ եւ այսպես շարունակ։ Իսկ ամենամեծ ողբերգությունը, որ Հայաստանի իշխանությունները ուղղակի ոչինչ չեն անում Արցախի պաշտպանության համար, մինչդեռ, Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մեջ հստակ գրված է, որ Արցախի անվտանգության երաշխավորը Հայաստանն է եւ վտանգի դեպքում քայլեր պետք է իրականացնի։

Մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը որեւէ քայլ չի իրականացնում, դիտորդի կարգավիճակով հետեւում է Արցախում տեղի ունեցող իրադարձություններին։ Ավելին, խոստովանեց, որ Արցախում տեղի ունեցածի մասին տեղեկանում է մամուլից եւ պաշտոնական խողովակներից։ Այսինքն,  ուղիղ կապը Արցախի հետ, Արցախի նորընտիր ղեկավարության հետ խզված է։ Հայաստանի որեւէ պաշտոնյա ուղղակի չի շփվում Արցախի իր պաշտոնակցի հետ։ Իսկ հիմա առավել տխուր է, որ արդեն առաջին դեմքերը իրար հետ չեն շփվում։ Սա էլ նշանակում է՝ բաժանիր, որ տիրես սկզբունքով Թուրքիան եւ Ադրբեջանը կարողացան հասնել նրան, որ մեր երկրորդ հայկական հանրապետությունը ուղղակի մեր ձեռքից վերցնում են, եկեք խոստովանենք, բոլորիս լուռ համաձայնության ներքո։ Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը Արցախը համարում է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հայրենիքը եւ ատում է Արցախը։ Դա նկատվում է։»,-ասաց տիկին Թովմասյանը։

Եվլախի հանդիպման մասին պատգամավորն ասաց, որ դա մեծ հաշվով բանակցությունների իմիտացիա է, որովհետեւ ադրբեջանցիները  կանչել, սեղանի շուրջ նստած խոսում են, բայց իրենց զինյալներին ուղարկել են անզեն ժողովրդի վրա, որ կրակեն։ Նա նաեւ խոսեց Սոթքում այս գիշեր ադրբեջանցիների հերթական կրակահերթերի մասին՝ նշեց, որ դրանք «խաղաղության կրակոցներ» են, որոնց ներքո իրենք ապրում են։

 

Աշոտ Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930