Լրահոս
Օրվա լրահոսը

Դուք էիք, որ վարձկաններ օգտագործեցիք

Սեպտեմբեր 21,2023 23:44

Արցախում, ինչպես Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) պալատում, Ադրբեջանը հարձակվում է և ստում: Բայց ոչ ոք չի խաբվում:

Մինչ Ադրբեջանը այս երեքշաբթի՝ սեպտեմբերի 19-ին, սկսեց իր «հակաահաբեկչական գործողությունը» Արցախում, Ժնևում ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը ներկայացրեց իրենց Հայաստան այցի զեկույցը Մարդու իրավունքների խորհրդի 54-րդ նստաշրջանի շրջանակներում

Դրա թեման՝ վարձկանների օգտագործումը որպես մարդու իրավունքների ոտնահարման և ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը կանխելու միջոց։

Իր ելույթի ժամանակ նիգերիացի Քրիս Կվաջան հայտարարեց հետևյալը. «Աշխատանքային խումբը 2023 թվականի փետրվարի 20-ից 27-ը (ՀՀ կառավարության հրավերով) պաշտոնական այցով եղել է Հայաստանի Հանրապետությունում։ Աշխատանքային խումբը համարում է, որ Հայաստանն աչքի է ընկնում 1989 թվականի Միավորված ազգերի կազմակերպության վարձկանների մասին կոնվենցիան իր ազգային օրենսդրության մեջ ներառելու ջանքերով, մասնավորապես՝ Քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածում, որը նախատեսում է վարձկանության սահմանում միջազգային իրավունքին համապատասխան:  Մենք նշել ենք, որ ՀՀ-ում օրենսդրության կիրառումը դեռ շատ տարրական փուլում է, և մենք խստորեն խրախուսում ենք Հայաստանի արդարադատության համակարգին երաշխավորել, որ վարձկանության հետ կապված ցանկացած դատավարություն կենտրոնանա տուժողների և մարդու իրավունքների վրա:

Մենք տեղեկություններ ենք ստացել նաև Հայաստանում մասնավոր անվտանգության ընկերությունների օգտագործման մասին։ Մենք ողջունում ենք «Մասնավոր անվտանգության գործունեության մասին» օրենքի փոփոխությունը, որը սահմանում է հստակ կարգավորող դաշտ անվտանգության այս մասնավոր ծառայություններ մատուցողների լիցենզավորման և գործունեության համար, ներառյալ  ցույցերի հսկողության և ամբոխի վերահսկման ժամանակ։ Մենք նաև նշել ենք մասնավոր տիրույթի և դրա անվտանգության ընկերությունների աճող օգտագործումը արդյունահանող արդյունաբերության կողմից և մենք իմացել ենք թրաֆիքինգի մեջ նրանց ենթադրյալ ներգրավվածության մասին, ինչպես նաև տեղական համայնքների մտահոգությունների մասին այդ ոլորտների ազդեցության վերաբերյալ իրենց ապրուստի և մարդու իրավունքների վրա: Մենք խստորեն խորհուրդ ենք տալիս ստեղծել անկախ վերահսկողության և մշտադիտարկման մեխանիզմ, որը վերահսկելու է մասնավոր անվտանգության հատվածը: Մասնավոր անվտանգության աշխատակիցները պետք է կանոնավոր վերապատրաստում անցնեն մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ»:

Իր ելույթի ոչ մի կետում այս հատուկ զեկուցողը հրապարակայնորեն չհիշատակեց Ադրբեջանին ու Թուրքիային, նրանց հավաքագրումն ու վարձկանների օգտագործումն արցախյան առաջին և երկրորդ պատերազմների ժամանակ։  Բայց դա չխանգարեց Ադրբեջանի ներկայացուցչին երկու անգամ արձագանքել Հայաստանի ներկայացուցչի ելույթին, ով ՄԱԿ-ի զեկուցողից հետո հիշեցրեց Բաքվի կողմից վարձկանների կիրառումը : Ահա նրա բովանդակությունը, որը սկսվեց Ադրբեջանի ներկայացուցչի ամբարտավան պնդումով, որ ՄԱԿ-ի այս աշխատանքային խումբը դուրս է գալիս իր լիազորությունների սահմաններից. «Հայաստանն է, որ չի հարգում միջազգային իրավունքը՝ հավաքագրելով օտարերկրյա վարձկանների, Ադրբեջանին չհանձնելով ականապատ դաշտերի իր քարտեզները, ադրբեջանցի զինվորների աճյունները և այս երկու պատերազմների ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների մասին տեղեկությունները»:

Երեքշաբթի Արցախի վրա հարձակման վերաբերյալ Հայաստանի ներկայացուցչի ահազանգին ի պատասխան՝ Ադրբեջանի ներկայացուցիչն հայտարարեց. « Ղարաբաղյան անկլավում գտնվող Հայաստանի զինված ուժերը մեղավոր են եղել ահաբեկչության և սադրիչ գործողությունների համար: Հակաահաբեկչական միջոցներ են ձեռնարկվել անկլավում այդ գործողությունների դեմ պայքարելու և մեր տարածքում զինված ուժերի չեզոքացման համար, քանի որ մենք ցանկանում ենք պաշտպանել խաղաղ բնակիչներին և բոլոր նրանց, ովքեր աշխատում են այդ տարածքում վերակառուցման վրա։ Մենք ցանկանում ենք վերականգնել Ադրբեջանի սահմանադրական համակարգը անկլավում»:

Այս քննարկումներին մի քանի րոպեով նախորդած նիստը նվիրված էր էկոլոգիապես մաքուր կառավարման և վտանգավոր նյութերի և թափոնների վերացման հետևանքներին մարդու իրավունքների վրա: Այստեղ նույնպես Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա ադրբեջանական ՀԿ-ի ներկայացուցչի միջոցով՝ պնդելով, որ իրենց երկրում աղեստամոքսային տրակտի քաղցկեղի դեպքերը կտրուկ աճում են Հայաստանի պատճառով, որն աղտոտում է շրջակա միջավայրը, ի թիվս այլոց, իր հանքարդյունաբերությամբ:

Ակնհայտ է, որ 2020 թվականից Բաքուն համառորեն շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը, որի նպատակն առաջին հերթին հայկական պետության սնանկացումն է։ Դրա համար Ադրբեջանը, ինչպես արդեն հայտարարել էր 2020 թվականի նոյեմբերին, կպարտավորեցնի Հայաստանին ֆինանսավորել Զանգեզուրի միջանցքի կառուցումը։ Դրան գումարվում են նրա փոխհատուցման պահանջները, որոնց օրինակներից մեկն է քաղցկեղի այս պատմությունը (վերը նշված): Այս ամենը ձեռք բերելուց հետո միայն Իլհամ Ալիևը կուլ կտա Հայաստանը։ Բայց միայն այն դեպքում, եթե մենք դա թույլ տանք։

Քո թշնամու թշնամին քո ընկերն է

Միավորված ազգերի կազմակերպության և նրա բոլոր կառույցների մասին մենք պետք է հստակ  արձանագրենք մեկ բան. այս կազմակերպությունը տուժածներին օգնող ոստիկան չէ։ Դա միայն դիվանագիտական հարթակ է, որտեղ պետությունները միմյանց մեսիջներ են փոխանցում, դաշինքներ են կազմում կամ առանց զենքի դիմակայում են միմյանց։

Այսպիսով, վարձկանների կիրառմանը նվիրված այս նիստի ընթացքում շատ պարզ դարձավ, որ

– Չինաստանը կոնֆլիկտի մեջ է Միացյալ Նահանգների հետ, որին նա հրավիրում է տեսնել իր աչքի գերանը, այլ ոչ թե մատնանշել ուրիշների աչքի փուշը (Մենք հարգում ենք մարդու իրավունքները, ի տարբերություն ձեզ, ովքեր խախտում եք դրանք ձեր Գուանտանամոյի բանտում)

– Չինաստանը նաև թաքնված կոնֆլիկտի մեջ է Միացյալ Թագավորության և Ավստրալիայի դեմ, որոնց նա մեղադրում է ենթակապալառու ընկերությունների միջոցով վարձկաններ օգտագործելու մեջ

– Հնդկաստանը Պակիստանին մեղադրում է ահաբեկչության մեջ, քանի որ նա վարձկանների է օգտագործում Քաշմիրի հնդիկ բնակչությանը կոտորելու համար

– նշելով ռուսական վարձկան Վագներ խմբավորումը, Եվրամիությանը, Ֆրանսիան, Կոստա Ռիկան անուղղակիորեն հարձակվեցին Ռուսաստանի վրա

– Կուբան և Աֆղանստանը, ինչպես Արցախը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կողմնակիցներ են:

Ամփոփելով՝ մենք բնական դաշնակիցներ ունենք՝ պայմանավորված նրանց աշխարհաքաղաքական դիրքով և շահերով։ Պարզապես պետք է հստակ հասկանալ, թե ինչ ենք ուզում։ Ադրբեջանի նման, որի նպատակը մեր անհետացումն է:

Աննա Ազնաուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930