Այսօր բոլորը բարկացած են Ռուսաստանի դավաճանության վրա եւ զարմացած են նրա «կարճամտությունից», քանի որ համարում են, թե Հարավային Կովկասը Ռուսաստանի համար ստրատեգիական նշանակության տարածաշրջան է եւ այն կորցնելով Մոսկվան ոչ միայն պրեստիժ է կորցնում՝ հեռու գնացող իր հետեւանքներով, այլեւ ռազմական ու քաղաքական առումով խիստ թուլանում է։
Հիշենք, սակայն, որ Ռուսաստանն այժմ Ուկրաինայում ներգրավված է կատաղի պատերազմի մեջ, եւ նրա բոլոր քայլերը պետք է դիտարկել այս տեսանկյունից։ Իսկ հենց այս տեսանկյունից պատահական չէր ոչ 2020թ․ պատերազմը, որի արդյունքում տարածաշրջան մտան ռուսական զորքերը, ոչ էլ 2018թ․ Նիկոլի հեղաշրջումը, որի արդյունքում փլուզվեց Հայաստանի բանակը եւ դիվանագիտությունը, ինչի հետեւանքով պատերազմը եւ պարտությունը պատերազմում դարձան անխուսափելի։ Եվ պատերազմը, եւ Նիկոլին իշխանության բերելը ինքնանպատակ չէին Ռուսաստանն այն իրականացրեց ուկրաինական պատերազմին պատրաստվելու շրջանակներում։
Ռուսաստանը շատ լավ հասկանում էր, որ Ուկրաինա ներխուժելով նա հանդիպելու է Արեւմուտքի, մանավանդ ՆԱՏՕ-ի կատաղի արձագանքին, եւ դրա համար անհրաժեշտ էր ձեռք բերել հզոր դաշնակից հենց ՆԱՏՕ-ի մեջ։ Իհարկե, ամենահարմար թեկնածուն Թուրքիան է, որն իր հակաժողովրդական համակարգով ու ներկա նացիոնալիզմով լրիվ դուրս է ընկնում ՆԱՏՕ-ական ամբողջական պատկերից։
Ուկրաինական պատերազմի ժամանակ Թուրքիան Ռուսաստանի համար ապահովում է ամուր թիկունքն Սեւ Ծովում, խառնակիչ գործողություններ հենց ՆԱՏՕ-ի մեջ, հանդիսանում է պատժամիջոցների տակ գտնվող ֆինանսների, ապրանքների ու մարդկանց մաքսանենգության կարեւորագույն ուղի, Ռուսաստանին մատուցում է մի շարք մանր ու մեծ այլ ծառայություններ։ Իսկ Թուրքիային գնելու համար Ռուսաստանը վճարեց Արցախի մի մասով եւ այդ տարածքներում թուրքական զորք տեղակայել (թուրքական «դիտորդները» Արցախում)։
Կարդացեք նաև
Արեւմուտքը շարունակաբար դիտողություններ է անում Անկարային Ուկրաինայում իր երկդիմի կեցվածքի համար, կոնկրետ պատժամիջոցներ է կիրառում, օրինակ՝ անընդհատ հետաձգում է F-16 ինքնաթիռների մատակարարումը, ի վերջո, այս տարվա մայիսի ընտրություններից առաջ Էրդողանի վերընտրվելը դարձավ խիստ կասկածելի։ Էրդողանը մի շարք ցուցադրական քայլեր արեց Ռուսաստանի դեմ ընտրություններից առաջ եւ հետո, օրինակ ուկրաինական «Ազով» ջոկատի մարտիկների ետ հանձնումը Կիեւին ամենափիառված նման քայլերից մեկն էր, Արեւմուտքն էլ կրկնեց Թուրքիային ԵՄ ընդունելու մասին իր հին հեքիաթը, որին ոչ ոք չի ոչ մի տեղ չի հավատում, եւ կարծես թե Էրդողանն ընդունեց հակառուսական կեցվածք։
Թուրքիայի հակառուսական կեցվածքը ընդամենը մեկ-երկու ամիս տեւեց, վերջին օրերին կրկին նկատվում է լարվածության աճ Կիեւ-Անկարա հարաբերություններում, նկատվում է Մոսկվայի հետ վերամերձենալու Թուրքիայի քայլերը։ Այս ամենը խոսում է այն մասին, որ Անկարան կրկին պատրաստ է նետվել Ռուսաստանի գիրկը, պարզապես առեւտուր է անում եւ իր ծառայությունների դիմաց ռուսներից պահանջում է նորանոր վճարումներ։ Արցախը թուրքերին հանձնելը հենց այդ գինն էր, երբ ամբողջովին Ռուսաստանի ողորմածությանը հանձնված տարածքը փրկելու համար Մոսկվան ճկույթն իսկ չշարժեց։ Ի դեպ, նկատենք, որ Ադրբեջանի մարտական գործողությունները սկսվեցին Պուտին-Էրդողան Սոչիի հանդիպմանը զուգընթաց։
Այնպես, որ խոսքն ամենեւին էլ այն մասին չէ, թե ինչքան հիմար է Մոսկվան, որ զիջում է իր դիրքերը Կովկասում․ նա հանձնում է երկրորդականը՝ Արցախը, որպեսզի փրկի հիմնականը՝ Ուկրաինան, իսկ այդ հարցում Թուրքիայի աջակցությունը նրա համար ունի կենսական նշանակություն։
Ի դեպ, թերեւս շտապ են այն պնդումները, թե Ռուսաստանը կորցնում է հավատարիմ բարեկամին՝ ի դեմս հայաստանցիների։ Եթե Նիկոլն այլեւս իրեն պետք չլինի, Մոսկվան նրան կփոխի մեկ այլ կլիենտով, որը կրկին մեր քաղաքացիներին կվերադարձնի ռուսասիրության շավիղ։ Իսկ, որ Նիկոլը հիմա հակառուս է, դա իր մեղքը չէ, նրան հրամայված է լինել այդպիսին, որպեսզի արդարացվեն ռուսների գործողությունները։
Աղասի Ենոքյան