Հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. սեպտեմբերի 21-ին բողոքի ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիներ, ժամը 16,25-ի սահմաններում, փակել են Երևան քաղաքի Ամիրյան–Մաշտոց փողոցների խաչմերուկը: Վերջիններս, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, սկսել են դիմադրել իրավապահներին, որի ժամանակ հավաքի մասնակիցներից մեկը հարվածել է ոստիկաններից մեկի դեմքի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է նշված մասնակցի ինքնությունը, ով հանդիսանում է Արագածոտնի մարզի 24-ամյա բնակիչ:
Վերջինս ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Որոշում է կայացվել՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ գործադրված ֆիզիկական ներգործության հիմնավոր կասկածանքով նրան ձերբակալելու վերաբերյալ։
Կարդացեք նաև
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե