«Վաղվանից սկսած այնքան ժամանակ կանենք անհնազանդության գործողություններ, մինչև կհասնենք Նիկոլ Փաշինյանի հեռացմանը»,- Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։
Դիմելով ուսանողությանը՝ Անդրանիկ Թևանյանն ասաց․ «Վաղվանից, երբ հայտարարվում է դասադուլ, դուք ստիպում, հորդորում, խնդրում եք նույնն անել ձեր դասախոսներին։ Հայտարարում եք դասադուլ և ինքնակազմակերպված փակում ձեզ ամենամոտ փողոցները։ Դիմում եմ ռեկտորներին՝ չփորձեք հանկարծ որևէ խոչընդոտ առաջացնել, որովհետև ձեր անունները հենց այս հրապարակում հնչելու են։ Միացեք ուսանողությանը և համատեղ իրականացրեք բողոքի գործողությունը»։
Անդրանիկ Թևանյանն ասաց՝ վաղն առավոտյան ժամը 07։30-ից սկսած հնարավոր բոլոր խմբերով Երևանի տարբեր հատվածներում բոլորս մեր մոտակա խաչմերուկները և փողոցները փակում ենք, որ տեղաշարժը պարալիզացվի։ Թույլ է տրվում միայն շտապօգնության մեքենա, հրշեջ և խիստ ծանր վիճակում անձանց տեղափոխող մեքենաներին անցնել․ «Որևէ կերպ ոստիկանության հետ բախման չենք գնում։ Ավելին, հենց տեսնում եք, որ այդտեղ խնդիրներ ունեք, շատ մանր խմբերով ցրվում և հարակից փողոցն եք փակում։ Խնդիրը ձերբակալվելը, բերման ենթարկվելը չէ, այլ մեր բողոքը ցույց տալն է։ Առավոտյան ժամը 07։30-ից մի փողոցն իմ վրա, մյուսը՝ յուրաքանչյուրի վրա․ խմբերով անում ենք։ Հիմա էլ կարող եք ինքնակազմակերպվել։ Եթե հանդիպակաց մեքենայից, որը կանգնած է, խնդիր է առաջանում, հետը կոնֆլիկտի մեջ մի մտեք, բացատրեք, դարձրեք մեր թիմակիցը»։
Նա կոչ արեց բոլորին գործադուլ անել և մյուսներին էլ պահանջել նույնն անել։ Նա, խոշոր գործարարների անունները տալով, զգուշացրեց, որ եթե խոչընդոտեն իրենց աշխատակիցներին գործադուլ անել, ամբողջ ժողովրդով պաշտպանելու են նրանց շահերը․ «Գագիկ Ծառուկյան, Վարդանյան եղբայրներ, Սամվել Ալեքսանյան, Սալվել Կարապետյան, ռուսական խոշոր ընկերություններ, դուք բոլորդ 2018-ին այստեղ ջուր ու հացաբուլկեղեն ենք հասցրել, առնվազն չեք խոչընդոտել, որ 2018-ին ձեր աշխատակիցները հայտնվեն այս հրապարակում, և Նիկոլը բերի այս արհավիրքը։ Դուք չեք իմացել, որ այդպես է լինելու, բայց առնվազն աջակցել կամ չեք խոչընդոտել։ Փոքր ու միջին բիզնես, բոլորդ միացեք այս գործադուլին։ Եթե հանկարծ իմանանք, որ դուք խոչընդոտել եք ինքնաբուխ գործադուլի կազմակերպմանը, այստեղ հանրայնորեն հնչեցնելու ենք անուններ, և ժողովրդով որոշում ենք կայացնելու պաշտպանել այդ աշխատավորներին»։
Կարդացեք նաև
Դիմելով իշխանությանը հարող գործարարներին՝ Անդրանիկ Թևանյանն ասաց․ «Իշխանության ներսում հայ-թուրքականի համար խելքները կորցրած և իբր հայ-թուրքական քիրվայությունից միլիոնների սպասող այդ գործարարների անուններն եմ հնչեցնում և զգուշացնում․ Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան, եթե դուք հանկարծ խոչընդոտեք ձեր աշխատակիցների գործադուլին, այս ողջ ժողովրդով գալու ենք ձեր հիմնարկ։ Հանկարծ մտքներովդ չանցնի որևէ մեկին ինչպես որ միշտ եք ճնշել, ուղղորդել։ Մենք հանրայնորեն հասանելի ենք, սիրելի աշխատավորներ, մեզ տեղեկություն կտաք»։
Դիմելով իշխանությանը՝ Անդրանիկ Թևանյանն ասաց․ «Եթե հանկարծ որոշեք պետական ծառայողներին ճնշել, նրանց էլ թույլ չտալ, որ միանան ժողովրդի արդար պայքարին, նույնը ձեզ հետ է տեղի ունենալու։ Խոսքը նաև տեղական իշխանիկների մասին է։ Պայմանավորվում ենք՝ մարդիկ իրականացնում են գործադուլ և ամեն երեկո ժամը 18։00-ին՝ մեր բոլոր գործողություններից հետո հավաքվում ենք այստեղ, ամփոփում օրվա արածը, նոր առաջարկներ ներկայացնում ու շարունակում բողոքի գործողություններն այնքան, մինչև Նիկոլին վռնդենք կառավարության շենքից»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈւՆՅԱՆ