Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան․ «Մենք կարծում ենք՝ Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է ապրեն իրենց հայրենիքում, իրենց տներում՝ արժանապատիվ, անվտանգ պայմաններում»

Սեպտեմբեր 21,2023 20:30

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հանդես եկավ ուղերձով՝ տեղեկացնելով, որ ընդհանուր առմամբ հրադադարի ռեժիմը պահպանվում է, իհարկե, տեղ-տեղ որոշակի խախտումներ լինում են։

Նա նաև անդրադարձավ շրջանառվող այն լուրերին, թե Արցախի քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է՝ մանրամասն ներկայացնելով, թե ինչ այս ուղղությամբ ինչ հանձնարարականներ է տվել փոխավարչապետին։

Նիկոլ Փաշինյանի ուղերձը ստորև՝

Այս պահին ուզում եմ ձեզ հետ որոշակի տեղեկություններ կիսել, ինչո՞ւ, որովհետև տեսնում եմ՝ լրատվական դաշտում և սոցիալական ցանցերում ինֆորմացիայի խառնիճաղանճությունը բավականին մեծ է։ Այսինքն՝ մարդիկ ամենատարբեր տեղեկություններ են փորձում գտնել, չեն գտնում, և այդ տեղեկությունների բացակայության պայմաններում որոշակի վակուում է առաջանում, որը լցվում է ապատեղեկատվությամբ:

Նախ ուզում եմ խոսել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի՝ հրադադարի վերաբերյալ: Ըստ էության ինչ է տեղի ունեցել, այն պահից, երբ հրադադարը հաստատվել է, գոնե մինչև այս պահը, մեր ունեցած տեղեկատվությամբ, Պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում են մնալ այն տեղերում, որտեղ իրենք գտնվել են հրադադարի հաստատման պահին: Նույնը համապատասխանաբար վերաբերվում է Ադրբեջանի Զինված ուժերին։

Մեր տեղեկություններով, ցավոք, մի միջադեպ է տեղի ունեցել Ստեփանակերտի մոտակայքում։ Ընդհանուր առմամբ հրադադարի ռեժիմը պահպանվում է, իհարկե, տեղ-տեղ որոշակի խախտումներ նաև լինում են։

Ինչու եմ այս տեղեկատվությունը հատուկ շեշտում, որովհետև ես տեսա՝ տեղեկություններ կան, որ Ստեփանակերտում են ադրբեջանական զորքերը և այդպես շարունակ։ Այդպիսի բան չկա, կան կոմունիկացիայի որոշակի դժվարություններ, բարդություններ, ինչքան տեղեկացել եմ Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերներից նաև դեպի Մարտակերտ և Մարտունի տանող ճանապարհներին որոշակի խնդիրներ կան, բայց ընդհանուր առմամբ իրավիճակը կայուն է։

Էլի պիտի ասեմ, որովհետև հասկանալիորեն դա մեր ամենամեծ ուշադրությունը վերցնող հարցերից է, քաղաքացիական բնակչության շրջանում քաղաքացիական զոհերի մասին տեղեկություններն ուղղակի չեն համապատասխանում իրականությանը։ Այսինքն՝ պաշտոնական լրահոսով ինչ տրվել է, այդ է տեղեկատվությունը և դրանից դուրս տեղեկությունները ճիշտ չեն, ստուգված չեն, գոնե այս պահի դրությամբ նման տեղեկատվության մենք չենք տիրապետում։

Սա շատ կարևոր է։

Ընդհանուր առմամբ ես ձեզ ուզում եմ ասել՝ խնդրում եմ ոչ մի րոպե մի մոռացեք, որ ես դեռևս Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման առաջին օրն այս դահլիճից, երբ որ եթեր եմ մտել, ասել եմ՝ այս գործընթացի, պրոցեսի նպատակներից մեկը Հայաստանին ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է։ Եվ սա մի խնդիր, որը նպատակ ունի Հայաստանում քաոս ստեղծել և այն, որ Լեռնային Ղարաբաղում հրադադար է հաստատված, դա չի նշանակում, որ այդ նպատակներն այլևս օրակարգում չեն այն մարդկանց, ովքեր դրանք բերել էին օրակարգ։

Ես էլի ուզում եմ ընդգծել մի շատ կարևոր բան․ Լեռնային Ղարաբաղում հաստատված հրադադարի պայմանների քննարկմանը, բանակցություններին Հայաստանի Հանրապետությունը որևէ մասնակցություն չի ունեցել։ Այսինքն՝ մենք այդ թղթի պայմանների քննարկման կողմ չենք եղել։ Մենք տեղյակ ենք եղել գործընթացներից, որ նման գործընթաց է տեղի ունենում, բայց մենք որևէ մասնակցություն չենք ունեցել։ Եվ ես էլի այդ գործընթացի վերաբերյալ իմ տարակուսանքը հայտնել եմ այն կտրվածքով, որ այնտեղ հիշատակվում է Հայաստանի Հանրապետության զորքեր, զինված ուժերի ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղից դուրս բերելու մասին։

Այն պայմաններում, որ մենք ասել ենք, որ նման ստորաբաժանումներ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում չունի, Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի։ Պրոցեսը, նկատի ունեմ բանակցությունները հրադադարի հաստատման, տարել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կամ ներկայացուցիչների հետ, որովհետև ինչքան տեղյակ եմ, բոլոր որոշումները կայացվել են Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան ներկայացուցիչների ընդլայնված կազմով, խորհրդարանի ղեկավարության, կառավարության, նույնիսկ գիտեմ և հրապարակվել է, Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներ են մասնակցել որոշումների կայացմանը, և սա կարևոր է արձանագրելու համար։

Ենթադրում եմ, որ նրանք կոնկրետ տեղում ստեղծված իրադրությունից բխող որոշում են կայացրել, իհարկե, տեղում իրավիճակն ավելի պարզ է լինում, քան հեռվից։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար իրավիճակին, գնացել է այսպիսի տեղեկատվություն, թե Հայաստանի Հանրապետությունը արգելել է կամ փակել է, որպեսզի Լեռնային Ղարաբաղից քաղաքացիները, որոնք ուզում են տեղափոխվել Հայաստան, որպեսզի դա տեղի չունենա։

Ես ուզում եմ շատ հստակ ասել, որ մենք նախ բոլորս գիտենք, որ Լաչինի միջանցքն արդեն տաս ամիս փակ է, այդ ողջ ընթացքում, այս պահին էլ Լաչինի միջանցքը, Լաչինի միջանցք տանող ճանապարհները հայաստանյան ոչ մի րոպե փակ չեն եղել և շարունակում են փակ չլինել, սա շատ կարևոր արձանագրում է, այդպիսի թեմա չի եղել։ Ավելին ասեմ՝ դեռ այս շաբաթվա մեկնարկին ես հանձնարարական եմ տվել, որպեսզի աշխատանքային խումբ ձևավորվի Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, փախստականների հնարավոր խմբերին դիմավորելու, նրանց տեղավորելու, նրանց կեցության և կենցաղային պայմանները ապահովելու համար։

Մենք սրա մասին չենք հայտարարել և ընդ որում տարբեր սցենարներ ենք քննարկել, թե ինչ կարող է լինել, որ խումբը կարող է գալ և այլն, և այսպես շարունակ։

Ընդհուպ հյուրանոցների համարներ ենք ամրագրել, ընդհուպ կեցավայրեր ենք նախապատրաստել, մի քանի տասնյակ հազար։ Սա արվել է, ուզում եմ ուշադրություն դարձնեք, այս շաբաթվա սկզբին, որովհետև, երբ որ պրոցեսը սկսվեց, հասկանալի էր, որ դա կարող է լինել սցենարներից մեկը։

Բայց մյուս կողմից, հարգելի՛ հայրենակիցներ, ես ուզում եմ այս թեմայով ձեզ հետ շատ բաց, ուղիղ և անկեղծ խոսել․ ես նախորդ շրջանի իմ ելույթներում անընդհատ Ադրբեջանին մեղադրել եմ այն բանում, որ նրանք Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումներ են փորձում ենթարկել, այսինքն երկար ժամանակ մենք այս մեղադրանքով ենք հանդես գալիս Ադրբեջանի դեմ։ Եվ հիմա, երբ որ ես վերլուծում եմ իրավիճակը, հազար ներողություն եմ խնդրում, այնպիսի տպավորություն եմ ստանում, որ ուժեր կան, ովքեր ուզում են Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի պլանը իրականացնել, այնպես որ Ադրբեջանն այսպես ասած մեղադրվելու որևէ առիթ չունենա։

Այսինքն ասի ՝տեսեք Հայաստանը, Հայաստանի հանրությունը, Լեռնային Ղարաբաղի հայությունը իրենք որոշեցին, որ Լեռնային Ղարաբաղում ոչ մի հայ չպիտի մնա, որոշեցին և դուրս եկան։ Սա շատ վտանգավոր խոսույթ է, բայց մյուս կողմից, իհարկե, Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների անվտանգ տեղում գտնվելը և ապրելը մեր պարտականությունների մեջ է։

Նախորդ օրը Տիգրան Խաչատրյանն ինձ զեկուցեց, որ հանրապետությունում մոտավորապես 40 հազար ընտանիք տեղավորելու շուրջ նախապատրաստական աշխատանքներ են տարել, մենք չենք ուզում սրա մասին ասել։ Ինչու չենք ուզում այս մասին ասել, ուզում եմ շատ անկեղծ և պարզ լինել, որովհետև մենք կարծում ենք՝ Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է ապրեն իրենց տներում իրենց հայրենիքում՝ արժանապատիվ, անվտանգ պայմաններում։

Հիմա այսօր, այս պահին մենք գնահատականն այն է , որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա, ընդ որում գիտենք նաև, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանում գտնվում է (իրենք այսօր հայտարարեցին), շուրջ 1200-1300 քաղաքացիներ, երեխաներ, որոնց նկատմամբ նրանք հոգ են տանում և, իհարկե, նաև գիտեք, որ մենք էլ հնարավոր միջոցները պատրաստ ենք ձեռնարկել, Լաչինի միջանցքի փակ լինելու մեջ է խնդիրը։

Գիտեք, որ մեր հումանիտար բեռները սպասում են Կոռնիձորում, բայց նաև ուզում եմ ասել, որ օրինակ՝ այսպիսի տեղեկություն ունենք, որ նախորդ օրը շուրջ 10 հազար մարդ հրավիրվել են Ստեփանակերտի օդանակավակայան, նրանց ասվել է ՝ եկեք, որովհետև հնարավոր է տեղափոխվեք Հայաստանի Հանրապետություն, հետո նրանց լուսանկարել են, տեսանկարահանել են, որից հետո ասել են՝ Հայաստանի Հանրապետությունը թույլ չի տալիս, որ դուք տեղափոխվեք Հայաստանի Հանրապետություն, հետո այդ լուսանկարներ են հրապարակվել։

Ինձ համար ակնհայտ է, որ սա արվում է Հայաստանում ներքաղաքական ցնցումներ և քաոս առաջացնելու համար։ Ես, ուղիղ ձեր աչքերի մեջ նայելով, ասում են հետևյալը, ինչ որ ասացի ամփոփում եմ այդ հատվածը․ առաջինը արդեն հենց Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման առաջին ժամերից փոխվարչապետը ինձանից ստացել է հանձնարարական զբաղվել, կենտրոնացնել ռեսուրսներ քաղաքացիների հնարավոր հոսքերը կառավարելու և մարդկանց տեղավորելու, նրանց սննդի, կեցության, առողջապահության, հիգիենայի հարցերը կարգավորելու համար։

Մենք այդ մասին չենք հայտարարել, որովհետև առաջինն՝ ասացի, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի հայաթափման քաղաքականություն չի վարում, այդ քաղաքականությունը վարում է Ադրբեջանը։ Եվ չի կարելի հանկարծ էմոցիոնալ վիճակում հայտնվել այն դիրքում, երբ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման քաղաքականություն Ադրբեջանն իրականացնի Հայաստանի ձեռքերով։ Սա շատ կարևոր նրբություն է, ինչի վրա ձեր ուշադրությունն ուզում եմ հրավիրել։

Բայց հիմա ինչ է տեղի ունենալու Լեռնային Ղարաբաղում և ինչպիսի տեսական հնարավորություն կա, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրենց տներում կկարողանան արժանապատիվ, անվտանգ ապրել։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները շարունակում են գտնվել Լեռնային Ղարաբաղում և քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելը նրանց անմիջական պարտականությունն է։

Երկրորդը՝ դուք գիտեք, որ այսօր Եվլախում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումն Ադրբեջանի ներկայացուցիչների հետ և պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ հանդիպումները պարբերաբար իրականացնել։ Լեռնային Ղարաբաղի գործընկերներն առայժմ հանդիպման մասին պաշտոնական տեղեկատվություն չեն տարածել, բայց Ադրբեջանն առնվազն իր պաշտոնական հաղորդագրության մեջ փորձում է տպավորություն ստեղծել, թե դրական հունով են ընթանում գործընթացները։

Իհարկե, սա կարող է կապ ունենալ նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի այսօր կայանալիքի նիստի, որտեղ քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի իրավիճակը, գիտեք, որ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը գտնվում է Նյու Յորքում, նա մասնակցելու է նիստին և ներկայացնելու է մեր դիրքորոշումները։

Եվ կարծում եմ, որ այն մեծ, շատ մեծ միջազգային ուշադրությունը, որն այսօր կենտրոնացած է Լեռնային Ղարաբաղի վրա և Ադրբեջանի ռազմական գործողությունները դատապարտելու այդ միջազգային տրենդը նաև հնարավորություն է տալիս, որպեսզի մենք կարողանանք ապահովել Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների խաղաղ, արժանապատիվ, անվտանգ կյանքն իրենց տներում։

Եվ ուզում եմ ձեզ պատմել իմ խոսակցությունն այս թեմայի հետ կապված Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերների հետ։

Էլի եմ ասում, այն բանից հետո, երբ ես տվել եմ փոխվարչապետին համապատասխան հանձնարարական պատրաստել մեր հայրենակիցների հնարավոր դիմավորումը Հայաստանի Հանրապետությունում։ Ես ասել եմ, որ ես կարծում եմ՝ էվակուացիան այս իրավիճակի պլան Ա-ն չպիտի լինի և նույնիսկ պլան Բ-ն չպիտի լինի, բայց պետք է անպայմանորեն լինի պլան Գ-ն այն նկատառումով, որ հանկարծ չստացվի, որ մենք մեր ձեռքով էթնիկ զտում ենք անում՝ դրա պատասխանատվությունից և մեղավորությունից անմիջապես մաքրելով Ադրբեջանին։

Ինչու ենք այսպես վերաբերում, որովհետև մեր գնահատականն այն է՝ ուղիղ վտանգ քաղաքացիական բնակչությանը չկա, մանավանդ հրադադարի պայմաններում, իհարկե, կան տեղահանված իրենց տներից քաղաքացիներ, բայց մեր միջազգային շփումներում մենք խնդիր ենք դնում, որ նրանք վերադառնան իրենց տներ։

Բայց էլի եմ ասում, ըստ իրադրության գնահատականի՝ պլան Գ-ն կարող է միանգամից վերածվել պլան Ա-ի, բայց էդ էլ պետք է արձանագրենք, որ այս պահին Լաչինի միջանցքը շարունակում փակ լինել Ադրբեջանի կողմից։ ՀՀ կողմից մուտքը դեպի դեպի Լաչինի միջանցք և ելքը Լաչինի միջանցքից երբեք փակ չի եղել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gohar says:

    Բերանը ջուր է առել, բերանը կծռվեր եթե ցավակցական խոսքեր ասեր անմեղ զոհերի ընտանիքներին։ Երեվի ինքն էլ գիտեր, որ սրտից չէր բխելու։ Միակ նպատակը պատասխանատվությունից ճողոպրելն է մյոաւսներին մեղադրելով։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930