Լրահոս
Օրվա լրահոսը

«Թշնամու նպատակը ոչ թե Ստեփանակերտի հրապարակում Արցախի դրոշի փոխարեն Ադրբեջանի դրոշը բարձրացնելն է, այլ Հանրապետության հրապարակում գտնվող եռագույնը Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշով փոխարինելը»․ ՀՅԴ-ական երիտասարդ

Սեպտեմբեր 21,2023 19:22

«Այժմ ՀՀ-ում շատ քիչ մարդ կա, որը չի հասկանում կատարվածի մասշտաբները և ողբերգության աստիճանը։ Բոլորը հասկանում են, որ այս իշխանությունները ձեռքերը լվացել է Արցախից և արցախցուց։ Ժամանակն է մարդկանց ելք ու միջոց ցույց տալ, թե ոնց դուրս գան տանը նստած ստատուսներ գրելու ոչինչ չտվող գործընթացներից»,- Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՅԴ ՀԵՄ անդամ Սևակ Նազարյանը։

Նշենք, որ այսօր ողջ օրվա ընթացքում երիտասարդները երթեր, իրազեկման միջոցառումներ են անցկացրել Երևանում։ Սեւակ Նազարյանն ասաց․ «Մեր ճանապարհային քարտեզը մեկ ուղղությամբ պիտի տանի՝ այս իշխանության արագ փոխարինումը պատասխանատու և ազգային մարդկանցով։ Արդյունքում կկարողանանք փրկել Արցախը ու արցախցիներին։

Այս պահին, այսօր հրապարակում գտնվող մարդկանցից է կախված՝ հրապարակում մարդկանց թվից է կախված։ Եթե այս պահին Հանրապետության հրապարակը լցվի, եթե հրապարակում հարյուր հազար մարդ լինի, որը փոքր թիվ է այն իրականության մեջ, որն ունենք և բողոքի ալիքի ֆոնին, որը կա այս իշխանության դեմ իրենց վարած քաղաքականության համար, մենք կարող ենք Արցախում ապրող հարյուր հազարավոր մեր հայրենակիցների կյանքը փրկել։ Չենք պայքարի, ուղղակի դիտորդը կլինենք ցեղասպանության։ Անկախությանը օրը կվերածվի Ծիծեռնակաբերդ այցելելու և ծաղիկ խոնարհելու օրվա և արդեն կայացած փաստը՝ որպես հիշատակ հարգելու օրվա»։

Նա հայտնեց, որ երթի ընթացքում իրենք կոչեր են հնչեցրել, որ հայ մարդը կարող է մի բան անել, և որ հրապարակում յուրաքանչյուրը գտնվելով՝ մեկ արցախցու կյանքի համար երաշխավոր է դառնում․ «Այս իշխանությունը չի փրկելու Արցախը, ուզում է ազատվել Արցախից, ուզում է այնպես անել, որ հանկարծ Արցախից դուրս չգան, կամ մնան ռուսների պատասխանատվության դաշտում»։

Սեւակ Նազարյանը վստահեցրեց՝ Արցախի անկումը վերջը չէ․ «Թշնամու նպատակը ոչ թե Ստեփանակերտի հրապարակում Արցախի դրոշի փոխարեն Ադրբեջանի դրոշը բարձրացնելն է, այլ Հանրապետության հրապարակում՝ ժամացույցի վերևում գտնվող եռագույն դրոշը փոխարինելը սպիտակ դրոշով կամ Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշով»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930