Ստեփանակերտի բնակիչներից մեկը «Առավոտի» հետ զրույցում մանրամասներ փոխանցեց Արցախում իրավիճակի մասին։
Նրա խոսքով՝ Ստեփանակերտում մեծ թվով տեղահանված անձինք կան, նրանց դեռ չեն տեղավորել, մարդիկ իրենց իրերով փողոցում են։ «Բարեբախտաբար անձրեւ չկա, մարդիկ դրսում են, խայտառակ իրավիճակ է»,- ասաց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով այսօր Ստեփանակերտում հնչած կրակոցներին՝ նա նշեց, որ օրվա առաջին կեսին են եղել կրակոցները, Ստեփանակերտի մատույցներում գտնվող ադրբեջանցիները փորձել են իրենց դիրքերը բարելավել։ «Բայց նրանց դիմադրել են, եւ կարող եմ ասել, որ Ստեփանակերտի հետ կապված դիրքային փոփոխություն չի եղել։ Երեկվա դրությամբ ինչ դիրքերում եղել են, մնում են նույն դիրքերում։ Ինչ վերաբերում է շրջաններին, շրջանները բլոկադայի մեջ են, Մարտունին բլոկադայի մեջ է, Մարտակերտը բլոկադայի մեջ է, բոլոր ճանապարհները փակ են։ Ասում են, որ Կարմիր գյուղ էլ են մտել։ Բայց որեւէ պաշտոնական տեղեկություն չունենք, հեռախոսակապ գրեթե չկա։ Նախնական ասում են՝ 200 զոհ կա, բայց շատ հավանական է, որ զոհերի թիվը շատանալու է»,- նշեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է բնակչության տարհանմանը, նա նշեց, որ այդ մասին շրջանառվում է հետեւյալ տեղեկատվությունը․ «Ռուսներն ասում են, որ հետագայում կարող է միջանցք բացեն, ցանկացողները գնան, ով պատրաստվում է ինտեգրվել, թող ինտեգրվի։ Բայց դրանք ուղղակի զրույցներ են, պաշտոնական որեւէ տեղեկություն չունենք»։
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցը նաեւ հավելեց, որ իրենք էլ են լսել, որ արցախցի տղամարդկանց ցուցակ ունի Բաքուն, ըստ որի՝ տղամարդկանցից շատերը ձերբակալվելու են։ Արցախի իշխանությունները, նրա խոսքով, ոչ մի պարզաբանում չեն տվել արցախցիներին։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ