Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Պապիկյան. Ադրբեջանը հետապնդում է մի նպատակ՝ ուժի կիրառման միջոցով Լեռնային Ղարաբաղում իրականացնել էթնիկ զտումներ

Սեպտեմբեր 21,2023 18:40

ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԵԱՀԿ Մշտական Խորհրդի հատուկ նիստ

Սեպտեմբերի 20-ին ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության նախաձեռնությամբ հրավիրվել է ԵԱՀԿ Մշտական Խորհրդի հատուկ նիստ, որի ընթացքում ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիան» խորագիրը կրող ելույթով:

Դեսպան Արմեն Պապիկյանն իր ելույթում նշել է, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը սանձազերծել են հերթական լայնածավալ ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ՝ խախտելով միջազգային իրավունքի և 2020թ. նոյեմբերի 9-ի ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության դրույթները:

Արմեն Պապիկյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Նա մասնավորապես նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերը ծանր հրետանու, մարտական ավիացիայի և անօդաչու թռչող սարքերի միջոցով միտումնավոր հրետակոծության են ենթարկել մայրաքաղաք Ստեփանակերտը և այլ խաղաղ բնակավայրերը, ինչպես նաև թիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով զոհեր և վիրավորներ կան նաև քաղաքացիական բնակչության շրջանում:

Դեսպանը շեշտել է, որ Ադրբեջանը հետապնդում է մի նպատակ՝ ուժի կիրառման միջոցով Լեռնային Ղարաբաղում իրականացնել էթնիկ զտումներ, զրկել Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդին իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու ու արարելու իրավունքից:

Արմեն Պապիկյանն ընդգծել է, որ 9 ամսից ավել շարունակվող Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և որպես պատերազմի մեթոդ՝ սովի օգտագործումը, Ադրբեջանի էթնիկ զտման համակարգված քաղաքականության անբաժանելի մասն է:

Արմեն Պապիկյանն ընդգծել է միջազգային հանրության անհապաղ ու նպատակաուղղված միջամտության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման ուղղությամբ միջազգային մեխանիզմների ներդրման հրամայականը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել այն միջազգային գործընկերներին, ովքեր աներկբա դատապարտել են Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան՝ միևնույն ժամանակ հավելելով, որ հայտարարություններն այլևս բավարար չեն և անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի դեմ՝ ներառյալ թիրախային պատժամիջոցներ:
Արմեն Պապիկյանը կոչ է արել ԵԱՀԿ գործող նախագահին և քարտուղարությանը մշտադիտարկել զարգացումները և հետևողականորեն կիրառել ԵԱՀԿ առկա գործիքակազմը:

 

ՀՀ ԱԳՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930