Սեպտեմբերի 21-ին Երևան քաղաքի Ալեք Մանուկյան-Վարդանանց խաչմերուկում իրականացվող զանգվածային հավաքի ընթացքում դրա մասնակից մի խումբ քաղաքացիներ, հասարակության նկատմամբ անհարգալից կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, որը դրսևորվել է հայհոյանքներով, կամ անպարկեշտ արտահայտություններով, կամ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, խաթարելով տրանսպորտի երթևեկությունը և քաղաքացիների տեղաշարժը, շրջափակել են ճանապարհի այդ հատվածով երթևեկող «Ford Tranzit» մակնիշի ավտոմեքենան, հարվածներ հասցրել ավտոմեքենայի ուղևորին։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասով և 195-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե